Աշխարհ

29.03.2010 14:26


Թուրքագետ. «Թուրքական կողմը ձգտում չունի արձանագրությունները վավերացնելու»

Թուրքագետ. «Թուրքական կողմը ձգտում չունի արձանագրությունները վավերացնելու»

Երկար տարիներ Հայաստանում կարծիք էր շրջանառվում, թե Թուրքական դիվանագիտությունը ճարպիկ է և խորամանկ։ Նույն կերպ էր մտածում նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն հայ-թուրքական կարգավորման ներկա գործընթացը, նրա խոսքերով, մի շարք դասեր է տվել, որոնցից մեկն էլ այն է, որ թուրքական դիվանգիտությունը, եթե անգամ խորամանկ է և  ճարպիկ, ապա՝ շատ մանր հարցերում։

-Մեծ հաշվով թուրքական դիվանագիտությունը չի կարող ստրատեգիական խնդիրներ դնել իր առջև և լուծել։ Մենք տեսանք, որ Թուրքիան փորձեց Էրդողանի հայտարարություններով Ղարաբաղի հարցում այսպես ասած ճնշում գործադրել Հայաստանի վրա, բայց աշխարհի բոլոր խոշոր պետությունները, ուժի կենտրոնները դրա հետ չհամաձայնեցին։ Սա արդեն վկայում է այն մասին, որ թուրքական դիվանագիտության հաշվարկները շատ կարճամիտ էին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետը։

Այսպիսով, Ռ. Սաֆրաստայնը կարծում է, որ թուրքական դիվանագիտությանը հետագայում էլ չի հաջողվի մեղքը գցել Հայաստանի վրա, քանի որ, նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջը ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես փակուղի։

-Մենք պետք է հստակ հասկանանք, որ թուրքական կողմը ձգտում չունի արձանագրությունները վավերացնելու, և ըստ էության, փաստորեն, թուրքական դիվանագիտությանը հաջողվեց, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, այս գործընթացը եթե ոչ վերջնական վիժեցնել, ապա հասցնել փակուղի։

Փակուղուց դուրս գալու ելքն էլ, թուրքագետի խոսքերով, կախված է Թուրքիայից։ Իսկ ընդհանրապես նա համոզված է, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկընտրանք չունի, և եթե ա՛յս գործընթացը ոչնչով չավարտվի, ապա վաղը կսկսվի նորը, և դրա հիմքն արդեն կլինի։

-Այդ հիմքը և՛ փորձառությունն է, և՛ իրար ավելի լավ ճանաչելը, և՛ այն փաստաթղթերը, որ արդեն կան ստորագրված,- նշեց Ռ. Սաֆրաստյանը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը