Խմբագրական

13.04.2016 10:02


Ինչու և ինչի շուրջ համախմբվել

Ինչու և ինչի շուրջ համախմբվել

Ապրիլյան թեժ ու արյունալի մարտերի օրերին մեր ժողովուրդը համախմբվել էր առանց որևէ կոչի: Համախմբվել էր բանակի շուրջը և երկրպագում էր սահմանում կռվող զինվորին ու սպային:

Չորսօրյա պատերազմից հետո համախմբումն ու հայրենասիրությունն ամենաշատը հնչող բառերն են: Դրանք հիմնականում օգտագործվում են անկեղծորեն, սակայն կան նաև դեմագոգների, պատճառահետևանքային կապերը խառնողների և անմեղսունակների խմբեր, որոնց հանդիպում ենք քաղաքական դաշտում, լրատվական տիրույթում և սոցիալական ցանցերում:

Ինչու հնարավոր չէ Տեր-Պետրոսյանի պատկերացրած համախմբումը

Արդարացնելու համար երկու մասնավոր անձանց հանդիպումն ու ձևական էֆեկտներ ապահովող զրույցը՝ ներկայացնում են մի հիմնավորում, այն է՝ կա արտաքին մարտահրավեր, Հայաստանին ու Ղարաբաղին վտանգ է սպառնում, և ուրեմն, անհրաժեշտ է համախմբում, իսկ դա բանակցային գործընթացում պետք է դրսևորվի իշխանության, ընդդիմության ու հանրության միասնությամբ:

Նկատենք, որ այս պնդման մեջ կան փիլիսոփայություն, մոլորություն և լիքը դեմագոգիա:

Դեմագոգիան Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը ռազմահայրենասիրական տեսք տալու և ներքաղաքական ենթատեքստ ունեցող «երկխոսությունը» քողածածկելու համար է:

Մոլորությունը վերաբերում է չորսօրյա պատերազմին հաջորդող զարգացումներին, այսինքն՝ բանակցություններին:

Ինչ վերաբերում է փիլիսոփայությանը, ապա ըստ Տեր-Պետրոսյանի՝ քանի դեռ մենք չունենք բաց սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, չենք կարող զարգանալ: Ու որպեսզի բացել տանք այդ սահմանները, պետք է հրաժարվենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պահել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և ընդունել Թուրքիայի նախապայմանները՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կապելով հայ-թուրքականի հետ, իսկ Ադրբեջանին էլ պետք է տարածքներ զիջենք, տարածաշրջան հրավիրենք խաղաղապահներին ու նույնիսկ համակերպվենք Ղարաբաղի կարգավիճակի անորոշ հեռանկարի հետ (1997-ի փուլային լուծման տարբերակը հենց սա էր):

ՀԱԿ առաջնորդի դավանած գաղափարախոսության հիմքում ընկած է հետևյալ փիլիսոփայությունը. «Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»:

Ահա այս մտածողության հիմքով է առաջարկվում աջակցել Սերժ Սարգսյանին բանակցությունների ժամանակ, ինչն անընդունելի է:

Ելնելով այն կանխադրույթից, որ Ղարաբաղի հարցը պետք է շուտափույթ լուծել (այսօր «արագ լուծում» կոչվածը միայն հայկական կողմի միակողմանի զիջումներ է նշանակում՝ աղետալի զարգացումների անխուսափելի հեռանկարով)՝ Տեր-Պետրոսյանը կոչ է անում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը, որպեսզի նա լավ բանակցի: Բայց Ղարաբաղի հարցը տեսանելի ապագայում չի կարող լուծվել բանակցությունների միջոցով: Դա մոլորություն է կամ էլ՝ Սարգսյանի հետ ներքաղաքական հարցերում «երկխոսությունը» քողածածկելու ձև:

Ի դեպ, Սերժ Սարգսյանից բոլոր «երկխոսացվածներն» ու «ֆոտոսեսիայի» ենթարկվածները դա հիմնավորել են պետության ու քաղաքացու շահերով: Չի եղել մի դեպք, երբ հաճախորդը հայտատարի, թե իր մասնավոր խնդիրները լուծելու համար է կոչ արել համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը:

Հիշո՞ւմ եք, թե 2008-ի ընտրությունների ժամանակ ինչպես էր Արտաշես Գեղամյանը աշխարհաքաղաքական ցունամի ներկայացնում ու դրանով հիմնավորում ընդդիմադիր դիրքերից Սերժ Սարգսյանի հետ համախմբվելու և նրա ընդդիմախոս Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հանդես գալու իր որոշումը:

2008-ի մարտի 1-ից առաջ էլ ընդդիմադիր դաշտից մեկը համախմբվեց Սերժ Սարգսյանի հետ՝ իր քայլը հիմնավորելով, թե բա՝ հայրենիքին Ադրբեջանի կողմից մեծ վտանգ է սպառնում:

Մի խոսքով, ձեր հեքիաթները ձեր շարքերի համար պատմեք, ախպոր պես:

«Եղիազար Այնթապցու» հետ միավորվենք, որ ի՞նչ անենք

Պետք չէ պարզունակացնել արհեստական և ներքաղաքական ենթատեքստ ունեցող «համախմբման» կոչերի մեր քննադատությունը հող հանձնել-չհանձնել թեմայով: Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը որ շատ էլ ուզենան բանակցություններով տարածք հանձնել, միևնույն է, չեն կարողանա: Այնպես որ, այս առումով մտահոգություն չունենք, հետևաբար անհեթեթ մտավարժանքների կարիք չկա:

Մենք չենք ասում, որ համախմբման կոչ են անում, որպեսզի հանձնեն: Ու ճիշտ են այն պնդումները, թե հանձնելու հարցով համախմբում չի կարող լինել, թեև նման բան Իսրայելում եղավ, երբ համախմբվեցին քաղաքական ուժերն ու հակառակ ժողովրդի դիմադրությանը՝ տարածք տվեցին պաղեստինցիներին, որպեսզի բանակցությունները լավ ստացվեն, բայց արդյունքի չհասան: Ինչևէ:

Ղարաբաղի հարցով ընթացիկ բանակցությունները (եթե դրանք տեղի ունենան) ընդամենը լավ գործիք կարող են լինել սահմանում կրակոցները դադարեցնելու համար, բայց չեն կարող հակամարտության համապարփակ լուծման հանգեցնել:

Ղարաբաղի տիպի հակամարտությունները հեշտ ու արագ լուծվողներից չեն, մանավանդ արյունալի բախումներից անմիջապես հետո:

Հիշեցնեմ, որ 1994-ի հրադադարից հետո կողմերը պայմանավորվել էին 30-օրյա ժամկետում հասնել խնդրի ամբողջական կարգավորմանը: Այդ երեսուն օրը ձգվում է քսան տարուց ավելի:

Խաղաղություն և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հնարավոր է հաստատել միայն ռազմաքաղաքական ու տնտեսական որոշակի հաշվեկշռի և միջազգային համապատասխան դրության պայմաններում: Իսկ դա հիմա չկա:

Այո՛, արտաքին մարտահրավեր, իրոք, կա: Համախմբման անհրաժեշտություն էլ կա, բայց համախմբում ինչի՞ և ո՞ւմ շուրջ: Որտեղի՞ց եք վերցրել, որ Ղարաբաղի շուրջ հիմա կայծակնային բանակցություններ են ընթանալու, և ինչո՞ւ պետք է բոլորս համախմբվենք Սերժ Սարգսյանի շուրջը, որպեսզի նա կարողանա իրեն ուժեղ զգալ այդ ենթադրյալ կայծակնային ռեժիմով ընթացող բանակցություններում: Նման բան չկա:

Հիմա հակամարտության կարգավորումը մտել է սառեցման փուլ: Ճիշտ է, Ալիևը փորձում է Հայաստանից կորզել հրադադարի նոր համաձայնագիր, որտեղ, ի տարբերություն 1994-ի, չի լինի Ղարաբաղի ստորագրությունը, բայց մեր երեխեքն իրենց կյանքով հնարավորություն են տվել Հայաստանի ապաշնորհ իշխանությանը չգնալ նման քայլի, քանզի ադրբեջանական բլից-կրիգը, մեծ հաշվով, չի ստացվել, թեև մենք շատ ծանր գին վճարեցինք դրա համար, և ինչպես պարզվեց, կարող էինք չվճարել, եթե համապատասխան քայլեր ձեռնարկված լինեին:

Եթե Սարգսյանը գնա Ալիևի պատկերացրած համաձայնագրի ձևաչափով բանակցությունների, ապա նրան պետք է ոչ թե աջակցել, այլ հակառակը՝ նրա դեմ պետք է հզոր ընդդիմություն ձևավորել, ինչը կվախեցնի նրան, կուժեղացնի Հայաստանի ու Ղարաբաղի դիրքորոշումը բանակցություններում և հնարավորություն կտա նման հակահայկական փաստաթուղթ չստորագրել: Սարգսյանը հիմա այս փուլում պետք է կարողանա վնասներ չտալ. նրանից այլ բան ակնկալելն անմեղսունակություն է: Առնվազն անմեղսունակություն:

Միայն լուրջ ճնշման պարագայում Սարգսյանը կարող է իրեն ուժեղ զգալ ընթացիկ բանակցություններում: Նա պետք է իմանա, որ ցանկացած սխալ քայլ կարող է ռեակցիա առաջացնել և աթոռ արժենալ իր համար: Փորձը ցույց է տվել, որ միայն աթոռի հարցով կարելի է նրան վախեցնել:

Օրինակ՝ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությանը Սարգսյանը հանուն աթոռի գնաց: Տիտղոսային ընդդիմություն հանդիսացող և «փողոցին» տիրապետող Տեր-Պետրոսյանն այդ պահին անուղղակիորեն կոչ արեց համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը, որպեսզի նա իրեն ուժեղ զգա Գյուլի հետ բանակցելիս: Եվ ի՞նչ: Ստացանք խայտառակ արդյունքներ: Աթոռի պահպանման առումով շահեց Սարգսյանը, և տուժեցին Հայաստանն ու Ղարաբաղը. չորսօրյա պատերազմն ու մեր զոհերը հենց «նախաձեռնողականության» ուղղակի հետևանքն են, իսկ դա նշանակում է, որ մեր կորուստների համար ոչ պակաս պատասխանատու է նաև Տեր-Պետրոսյանը, ով գաղափարական առումով մշտապես սատարել է Սարգսյանի «նախաձեռնողականությունը» Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի հարցերով:

Հիմա մեզ կրկին կոչ են անում համախմբվել Սարգսյանի շուրջը, որպեսզի նա լավ բանակցի՝ կարծելով, թե առաջիկա բանակցություններում Ղարաբաղի հարցը լուծվելու է, և «Սերգո ջանը» վերջապես լավ է ապրելու: Կրկնենք՝ դա մոլորություն է:

Ղարաբաղի շուրջ բանակցություններն ընթանում են քսան տարուց ավելի, ու մոտ ապագայում խնդրի բանակցային լուծում չի երևում, այսինքն՝ հակամարտությունը, ցավոք սրտի, դեռ երկար է շարունակելու չկարգավորված մնալ: Հետևաբար, Սերժ Սարգսյանի հրամանատարությունը բանակցությունների ժամանակ ընդունելը նշանակում է շատ երկար ժամանակով ընդունել նրան որպես պետության ղեկավար, այսինքն՝ անել այն, ինչ արեցին Տեր-Պետրոսյանի սիրած էջմիածնական միաբանները Եղիազար Այնթապցու պահով:

Եթե Տեր-Պետրոսյանն այդ «միաբանական» ճանապարհն է ընտրել ներքաղաքական կյանքում, ապա դա իր իրավունքն է, բայց պետք չէ նրա մասնավոր հաշվարկին տալ հայրենասիրական փաթեթավորում, մասնավոր հաշվարկի մեջ ներքաշել հանրությանը և սրտաճմլիկ ձևակերպումներ հրամցնել համախմբման թեմայով: Չմոռանանք, թե ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը:

Տասնյակ զոհերն ու վիրավորները մեզ համախմբման այլ «մեսիջ» են ուղարկել: Մենք պետք է համախմբվենք երկրում փոփոխություններ կատարելու համար, արդար Հայաստան ձևավորելու համար, տնտեսաքաղաքական մենաշնորհը վերացնելու համար, թալանի դեմն առնելու համար: Կարճ ասած՝ պետականաշինության հարցով պետք է համախմբվել:

Մենք պետք է համախմբվենք ներկայիս խայտառակ վիճակի փոփոխության համար, այլ ոչ թե այն մարդու շուրջը, ում գործունեության կամ անգործության հետևանքով մեր տղաները «մերկ ձեռքերով» դուրս եկան մինչև ատամները զինված թշնամու դեմ:

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը