Կարծիք

04.10.2010 10:06


Հայրենիքն ու շահույթը

Հայրենիքն ու շահույթը

Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան հիմնադրութեան 2-ամեակի կապակցութեամբ Սեպտեմբերի 29-ին մամլոյ ասուլիս էր հրաւիրել նախարար Հրանուշ Յակոբեանը։

Հեռուստաալիքով դիտեցի մամլոյ ասուլիսի լրատւութիւնը, որից յետոյ այցելեցի նախարարութեան՝ «Հայերն այսօր» կայքէջը եւ կարդացի այդ մասին հրատարակուած լրատւութիւնը։ Ցաւօք չգտայ ամբողջ տեքստը։

Հակառակ ոմանց այն կարծիքի, որ Սփիւռքի նախարարութիւնը անհրաժեշտութիւն չէր (ու չէ), անձամբ ես այն համարում եմ անհրաժեշտութիւն եւ կատարուած քայլը՝ դրական։ Խորապէս գիտակցում եմ նաեւ, թէ ինչքան բազմապիսի, բազմաբնոյթ ու բարդ աշխատանքի առջեւ է կանգնած Սփիւռքի նախարարութիւնը։

Սպասելիքներն ու պահանջները շատ են, հնարաւորութիւնները՝ քիչ, եւ շատերն էլ ակնկալիք ունեն, որ ամէն ինչ կատարուի կարճ ժամանակամիջոցում, որն, անշուշտ, հնարաւոր չէ։

Սակայն այս ամբողջը որեւէ մէկին թոյլ չի տալիս հանրութեանը գցել մոլորութեան մէջ։ Մանաւանդ՝ ոլորտի պատասխանատու նախարարին։

Ստորեւ ուզում եմ անդրադառնալ ասուլիսի ժամանակ հնչած մի քանի մտքերի։

Նախարարն յայտարարում է. «Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, իսկ Հայաստանը համայն հայութեան Հայրենիքն է։ Ուստի Սփիւռքի մեր հայրենակիցները պէտք է գան Հայրենիք, գործ դնեն եւ շահոյթ ստանան»(մէջբերում ելոյթից)։ Ճիշտն ասած' մի քանի անգամ կարդացի այս երկու նախադասութիւնը ու չկարողացայ կապ գտնել առաջինի եւ երկրորդի միջեւ։ «Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, իսկ Հայաստանը համայն հայութեան Հայրենիքն է», եւ որպէս տրամաբանական եզրակացութիւն'«Ուստի Սփիւռքի մեր հայրենակիցները պէտք է գան Հայրենիք, գործ դնեն եւ շահոյթ ստանան"։ Այսինքն' ով իրեն հայ է զգում, պէտք է գնայ իր հայրենիք՝ Հայաստան, եւ գործ դնի ու շահոյթ ստանայ։ Ուրի՞շ։ Իսկ ո՞վ ասաց, որ սփիւռաքահայութիւնը բաղկացած է միայն գործարարներից։ Իսկ ո՞վ ասաց, որ հայրենիքը միայն գործ դնելու ու շահոյթ ստանալու համար է։ Իսկ ո՞վ ասաց, որ նա, ով իրեն հայ չի զգում ու հայ չէ, եւ իր հայրենիքն էլ Հայաստանը չէ, չի կարող գալ Հայաստան ու գործ դնել ու շահոյթ ստանալ։ Եւ, ի վերջոյ, ընդհանուր առմամբ ի՞նչ կապ ունի մարդու հայրենիքը գործ դնելու ու շահոյթ ստանալու հետ։

Նախարարն յայտարարում է, որ սփիւռքահայերը թող աշխատանք նախաձեռնեն Հայաստանում եւ վստահ լինեն, որ Հայաստանում բոլոր պայմանները այդ առումով յարմար են։ Թող հազար սփիւռքահայ Հայաստանում գործ սկսի եւ բացի հարիւր աշխատատեղ։ Այդ պարագային հարիւր հազար հոգի աշխատանք կունենան (միտք բանին սա է, ուղղակի ասուած բառերը չգտայ)։

Սփիւռքահայի համար նախարարի եւ իշխանութեան որեւէ այլ պաշտօնեայի յայտարարութիւնից անհամեմատելիօրէն աւելի վստահելի աղբիւր է իր նման այլ սփիւռքահայերի փորձը, որոնք հաստատուել են Հայաստանում ու նրանց հետ կիսում են իրենց մտքերն ու ապրումները։

Հետեւաբար Սփիւռքի նախարարը լաւ կանի, Հայաստանում հաստատուած սփիւռքահայերի հետ ձեւական հանդիպում կազմակերպելու փոխարէն, հետաքրքրուի, թէ Հայաստանի անկախութիւնից յետոյ քանի սփիւռքահայ է հաստատուել Հայաստանում եւ այսօր նրանցից քանիսն է տակաւին ապրում Հայաստանում։ Ինչու՞ են նրանք լքում Հայաստանը։

Խորհրդատրելի է, որ Սփիւռքի նախարարը փորձի ոչ թէ բարեկամի, ծանօթի, ունեցած կապերի ու մանաւանդ կաշառքի օգնութեամբ, այլ ուղղակի յոյսը իր սեփական ուժերի վրայ դնելով, մի "բիզնես" նախաձեռնի Հայաստանում։ Արդիւնքը ուսանելի կը լինի նախարարի, որից յետոյ' սփիւռքահայերի համար։ Այո, կան սփիւռքահայեր, որոնք Հայաստանում աշխատանք են նախաձեռնել եւ յաջողել են։ Սակայն, խնդրեմ, մօտեցէք այդ մարդկանց ու հարցրէք իրենց տեսակէտը, տպաւորութիւնը, անցած ուղին։ Չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, մատահաշիւ բացառութիւններով, բոլորը պարտաւորուել են մտնել Հայաստանեան շուկայի խաղի կանոնների մէջ, որը, մեղմ ասած, զզուանք է առաջացնում եւ աղաւաղում մարդու բարոյական նկարագիրը։ Չեմ խօսում այն բազմաթիւերի, կրկնում եմ՝ բազմաթիւերի մասին, որոնք գործ են նախաձեռնել ու բառի բուն իմաստով տապալուել են եւ նրանց, ովքեր մէկ-հինգ-տաս տարի ապրել են Հայաստանում ու ի վերջոյ լքել Հայաստանը։

Որտե՞ղ են այդ յարմար պայմանները, որոնց մասին յայտարարում է նախարարը։

Միւս կողմից՝ հաւանաբար նախարարը չգիտի կամ էլ, որ աւելի ճիշտ է, չիմանալ է տալիս Հայաստանից արտագաղթող տարեկան տասնեակ հազարաւոր հայաստանահայերի մասին։ Հայաստանահայեր, որոնք ծնուել են Հայաստանում, մեծացել են Հայաստանում, ընտանիք, բարեկամներ, ծանօթներ  ու կապեր ունեն Հայաստանում եւ այդուհանդերձ հեռանում են Հայաստանից։ Միայն 2010 թուականի մինչ այս պահը խօսւում է օդային ճանապարհով 61000 հեռացածների մասին։ Հարց է առաջանում՝ եթէ այդքան նպաստաւոր են պայմանները, ապա ինչու՞ են առաջին հերթին հայաստանահայերը լքում Հայաստանը։ Հայաստանից արտագաղթի վերաբերեալ խորհուրդ կը տամ կարդալ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տարեկան զեկոյցը, որը հրատարակուել է թուականիս Մայիսի 11-ին։

Շահեկան կը լինի կարդալ նաեւ հետեւեալ յօդուածը http://7or.am/hy/news/2010-09-29/18038/։ Զանց առնլեով յօդուածագրի՝ խնդրի քաղաքական կողմի վերլուծութիւնը, պարզապէս ուզում եմ առաջարկել նախարարին, սփիւռքահայերին Հայաստան տեղափոխելու փոխարէն, աւելի արդիւնաւէտ ու ազգանուէր գործ անել՝ հայաստանահայ տաղանդաւոր երաժիշտին ու նրա նմաններին պահել Հայաստանում։

Նախարարն առաջարկում է, որ իւրաքանչիւր սփիւռքահայ եօթ տարին մէկ անգամ այցելի Հայաստան՝ որպէս զբօսաշրջիկ, եւ հաշուել է ու եզրակացրել, որ ոչ աւել, ոչ պակաս՝ ամէն տարի մէկ միլիոն զբօսաշրջիկ կայցելի Հայաստան, որը եկամուտի մեծ աղբիւր է Հայաստանի համար։

Այստեղ եւս երեւան են գալիս մօտեցման երկու սխալ երեսները։ Առաջին, որ սփիւռքահայը կայ-չկայ՝ եկամուտի աղբիւր է, կամ գործարարի ու Հայաստանում ներդրում անողի տեսքով, կամ էլ զբօսշրջիկի տեսքով։ Կարճ ասած'սփիւռքահայը փող է։

Երկրորդ մօտեցումը երեւան է բերում նախարարի՝ երկու տարի աշխատելուց յետոյ տակաւին Սփիւռքը չճանաչելու փաստը։ Սփիւռքահայերը միայն նրանք չեն, ովքեր նախարարին հրաւիրում են շքեղ դահլիճներում ճոխ ընթրիքների։ Նախարարը հաւանաբար չի էլ պատկերացնում, որ Սփիւռքում կան բազմաթիւ հայեր, որոնք օրն ի բուն աշխատում են իրենց ընտանիքի ապրուստը ապահովելու համար, որ կան մարդիկ, որոնք ապրում են աղքատութեան մէջ, որ կան մարդիկ, ովքեր մինչեւ իրենց կողքի քաղաքը չեն կարողանում գնալ, էլ ուր մնաց՝ Հայաստան։ Սփիւռքահայութիւնը միայն հարուստ մարդկանցից բաղկացած խումբ չէ։ Ոլորտի պատասխանատուները լաւ կանեն, որ թէ Հայաստանում եւ թէ Սփիւռքում շփուեն սովորական մահկանացուների հետ, որպէսզի ճիշտ պատկերացում կազմեն իրավիճակի մասին։

Կարելի է շարունակել, սակայն բաւարարւում եմ այսքանով՝ նշելով, որ բացարձակապէս այն կարծիքի չեմ, որ Սփիւռքի նախարարութեան առջեւ դրուած խնդիրները հեշտ լուծելի են։ Ոչ։ Սակայն խորապէս այն կարծիքի եմ, որ հասարակութեանը, այս պարագային' Սփիւռքահայութեանը պիտի ասել իրականութիւնը եւ չփորձել մոլորութեան մէջ գցել։ Համազգային խնդիրները համազգային ուժերով են լուծում պահանջում։

Ի դէպ՝ չպարզուեց, թէ ինչու է ասուլիսը հրաւիրուել Սփիւռքի նախարարութեան «կայացման» 2-ամեակի կապակցութեամբ։ Նախարարութիւնը ի՞նքն է եկել այն եզրակացութեան, որ կայացել է, թէ՞ այդ գնահատականը պիտի տան ուրիշները։ Իսկ ընթերցողներից որեւէ մէկը որեւէ հաստատութեան "կայացման" յոբելեանի մասնակցե՞լ է։

Եւ, ի վերջոյ, "ներկայացնելով 2 տարուայ ընթացքում կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը՝ նախարար Յակոբեանը ...2011-ը կանխորոշեց դարձնել Սփիւռքի միջազգայնացման ժամանակաշրջան"։ Մէկը կը թարգմանի՞ "Սփիւռքի միջազգայնացում" բառակապակցութիւնը։

Սարգիս Մկրտչեան

2001 թուականից

ընտանեօք Հայաստանում հաստատուած սփիւռքահայ

Այս խորագրի վերջին նյութերը