Քաղաքական

26.11.2015 15:15


Արա Աբրահամյանի գլխավորությամբ շարժում է ստեղծվել

Արա Աբրահամյանի գլխավորությամբ շարժում է ստեղծվել

Ինչպես տեղեկանում ենք մամլո հաղորդագրությունից, Արա Աբրահամյանը շարժում է ստեղծել։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Երեւանում նոյեմբերի 24-ին կայացել է «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որտեղ շարժման կազմկոմիտեի նախագահ է ընտրվել Արա Աբրահամյանը: Նիտին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։

Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան–Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը եւ տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջեւ հարաբերությունների զարգացումը։

Շարժման նիստում ծրագրային ելույթով հանդես է եկել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախաձեռնող խմբի կողմից ընտրվեց շարժման կազմկոմիտեի նախագահ. նիստին նախորդել էին Արա Աբրահամյանի բազմաթիվ հանդիպումները Երեւանի ու մարզերի շահագրգիռ խմբերի հետ՝ գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական–քաղաքական գործիչներ եւ այլն։

Կազմկոմիտեն որոշեց շարժման գաղափարներն ու ծրագրերը տարածելու եւ հանրության լայն շրջանակներին ներգրավելու համար ստեղծել մարզային գրասենյակներ եւ համապատասխան կառույցներ։

Նախատեսվում է, որ շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչ այդ կազմկոմիտեն կձեւավորի իր աշխատանքային գրաֆիկը։ Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում կայացվեց նաեւ կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում եւ Ֆրանսիայում»։

Տեղեկացնենք նաև, որ Աբրահամյանի հրավերով Հայաստան էին ժամանել ռուսական խոշորագույն «ОСК» բաժնետիրական ընկերության նախագահ Ալեքսեյ Ռախմանովը, նրա օգնական Ալեքսանդր Երմաչենկովը, ընկերության փոխնախագահ Միխայիլ Կալուգինը, ինչպես նաև «НПО Аврора» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Ֆյոդորովը։ Գործարարները ՌՀՄ նախագահի հետ համատեղ ծրագրերն են քննարկել և դիտարկել խոշոր ներդրումային ծրագրեր։

Աբրահամյանն ու ռուսաստանցի գործարարները մի շարք հանդիպումներ են ունեցել պետական կառույցների ղեկավարների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը