Կարծիք

23.09.2010 13:54


Ինչի մասին է լռում Տեր-Պետրոսյանը

Ինչի մասին է լռում Տեր-Պետրոսյանը

ՀԱԿ-ի հրավիրած սեպտեմբերի 17-ի հանրահավաքին ավելի շատ մարդ չէր հավաքվել, քան նախորդներին: Այն նախորդներից չէր տարբերվում նաև բովանդակային առումով, որովհետև թե՛ Կոնգրեսի լիդերի, թե՛ մյուսների ելույթներում որևէ նորություն, գործողության մեջ դրվելիք բեկումնային որևէ գաղափար այդպես էլ չհնչեց: Եվ չնայած դրան' ՀԱԿ-ականների շրջանում սկսել է տիրել մի խուլ ոգևորություն, թե ահա պայքարը վերջապես տեղափոխվում է վճռական փուլ, ու Սերժ Սարգսյանն ամենաշատը մինչև հոկտեմբերի կեսերն ինքնակամ հրաժարական կտա: Նման ոգևորության բուն պատճառը, սակայն, քաղաքական դաշտում ընթացող ինչ-որ փաստացի գործընթացները չեն, այլ ՀԱԿ-ականների համար շատ ավելի լուրջ փաստարկի նշանակություն ունեցող... Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները: «Այսօրվանից մեր պայքարը թևակոխում է մի նոր և ավելի նպատակասլաց շրջան, ինչը դառնալու է նրա հաղթական ավարտի գրավականը»,-ասաց նա վերջին հանրահավաքում: Եթե առաջնորդն ասում է (անկախ այն բանից' որերորդ անգամ), թե նոր փուլ մտնող պայքարի հաղթական ավարտը երաշխավորված է, ուրեմն իշխանափոխությունն արդեն ձեռքերի մեջ կարելի է համարել: Մնում է այն բաց չթողնել:

Պայքարի ակտիվացման մասին Տեր-Պետրոսյանի այս հայտարարություններն իրականում ոչ այնքան հետևողական, ծրագրային պայքար էին նախանշում, որքան ուղղված էին արտահերթ նախագահական, ապա նաև խորհրդարանական ընտրությունների պահանջ-կարգախոսի տակ ՀԱԿ-ի ներուժի հնարավորինս վերականգնմանը' 2012թ. խորհրդարանական ընտրությունների համար: Ընդ որում, Տեր-Պետրոսյանը դրան գնում է ակնհայտ շտապողականությամբ' առանց հաշվի առնելու իր իսկ կողմից ստեղծված մարտավարությունների այն շիլաշփոթը, որից ՀԱԿ-ին ոչ մի կերպ դուրս գալ չի հաջողվում: Եվ վերջին հանրահավաքը ևս որոշակիություն չմտցրեց այս հարցում: Իսկ դա հնարավոր կլիներ, եթե Կոնգրեսի ղեկավարը տար այն հարցերի պատասխանը, որոնք կուտակվել են որպես անցած 2 տարիներին իր առաջադրած մարտավարական հակասական մանևրների արդյունք: Սակայն որպեսզի մերկապարանոց չհնչեն Տեր-Պետրոսյանի հակասականության և տարերային գործելու մասին այս պնդումները, թերևս հարկ է առանձնացնել պարզաբանման սպասող մի քանի դրվագներ:

Ներքին խառնաշփոթ

1. Այս տարվա մարտի 1-ին հրավիրած հանրահավաքում ՀԱԿ-ն իշխանություններին ներկայացրեց հետմարտիմեկյան ճգնաժամի հաղթահարման վեց կետից բաղկացած հստակ ժամանակացույց' նշելով, թե մինչև սեպտեմբեր յուրաքանչյուր ամիս ինչ կոնկրետ գործողություններ պետք է անի իշխանությունը: Մարտի վերջին ակնհայտ էր արդեն, որ իշխանությունը այդ պահանջները չի կատարելու: Ժամանակացույցի առաջին կետը (մարտ ամսվա ընթացքում վերականգնել մարտի 1-ի սպանությունները քննող անկախ մարմինը, արդեն՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ), այդպես էլ մնաց անկատար: Սակայն ժամանակացույցը մերժելու, արհամարհելու իշխանության կեցվածքին ՀԱԿ-ը ոչինչ չհակադրեց ո՛չ այդ ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո: Ավելին, անգամ վերջին հանրահավաքի ժամանակ այդ ժամանակացույցը գրեթե ոչ ոք չհիշեց: Հարց է առաջանում'ինչո՞ւ: Եթե այն որևէ նշանակություն չէր ունենալու, ոչ մի հետագա գործողություն, գործընթաց չէր ենթադրելու, ապա ո՞րն է այդ նախաձեռնության իմաստը: Անգամ Տեր-Պետրոսյանը, թերևս մոռացած լինելով այդ ժամանակացույցի գոյությունը, հանրահավաքում հայտարարում է, թե իշխանության հետ երկխոսության համար քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջի կողքին իրենք ավելացնում են ևս մեկը՝ «մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտումը և դրանց պատասխանատուների դատական հետապնդումը»: Չէ՞ որ այն, որպես պահանջ, ընկած էր ժամանակացույցի հիմքում:

2.  2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Իշխանափոխության մյուս ճանապարհը Սերժ Սարգսյանի հարկադրական հրաժարականն է, որը կարող է տեղի ունենալ համաժողովրդական դժգոհության հզոր ու տևական ալիքի բարձրացման միջոցով... Հայ ազգային կոնգրեսը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրը... Դժբախտաբար, մինչև բոլոր նշածս ուժերը ոտքի չկանգնեն և բացահայտ կերպով Սերժ Սարգսյանից հաշիվ չպահանջեն ղարաբաղյան կարգավորման բնագավառում վարած կործանարար քաղաքականության համար, Կոնգրեսն իր ջանքերի առավելագույն մոբիլիզացման պարագայում անգամ չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը»։ Բայց ահա հիմա Տեր-Պետրոսյանը, փաստորեն, իշխանափոխությանն ուղղված ՀԱԿ-ի պայքարը նոր փուլ տեղափոխելու հայտ է ներկայացնում: Ընդ որում'դա անում է միայնակ: Հարց է առաջանում' ի՞նչն է փոխվել այս ընթացքում: ՀԱ՞Կ-ն է այնքան հզորացել, որ արդեն կարող է միայնակ իշխանափոխության խնդիր լուծել, Տեր-Պետրոսյա՞նն է փոխել իրերի դրության, ՀԱԿ-ի հնարավորությունների մասին իր պատկերացումները, թե՞ ինչ-որ արտաքին այլ գործոններ են ի հայտ եկել: Ցանկացած դեպքում խնդիրը պարզաբանման կարիք ունի, որը Տեր-Պետրոսյանը, չգիտես ինչու, շարունակաբար հմտորեն շրջանցում է:

3. 2009թ. Տեր-Պետրոսյանը շրջանառության մեջ դրեց մի «առասպել», թե ներսից փտած իշխանական բուրգը ինքնաոչնչացման ուղին է բռնել, և ՀԱԿ-ն իր չմտածված գործողություններով չպետք է խանգարի դրան: Ավելին, իրենք պետք է սպասեն հարմար պահի' իշխանությունը վերցնելու և երկիրն անտերության չմատնելու համար: Այս միտքը Տեր-Պետրոսյանը կրկնեց նաև 2010թ. մարտին:  «Որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա և որքան էլ ինքնավստահ ձևանա, միևնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի և իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները։ Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստները նվազագույնի հասցնելու և պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար»-ասաց նա։ Հիմա, փաստորեն, ՀԱԿ-ին մղելով ակտիվ, «հուժկու» գործողությունների, Տեր-Պետրոսյանը գնում է ինքն իր նախանշած մարտավարությանը դեմ-հանդիման' երբևէ պաշտոնապես մերժած, դրանից հրաժարված չլինելով: Արդյոք դրանով Տեր-Պետրոսյանը անուղղակիորեն չի՞ խոստովանում, որ սխալ հաշվարկներ էր արել, և այդ փտած համակարգն իրականում շատ ավելի պնդաճակատ էր, քան ինքը պատկերացնում էր: Եթե ոչ, ապա առնվազն պետք էր սպասել, որ Տեր-Պետրոսյանն այդ հանելուկին ինչ-որ բացատրություն կտա, ինչը նա պարզապես չի անում:   

Շարունակելի

Գևորգ Դարբինյան

Այս խորագրի վերջին նյութերը