Լրահոս

12.11.2009 14:08


Կառավարությունն ընդունել է ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու հայեցակարգը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին եւ ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովին պարտավորեցրել մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարություն ներկայացնել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակացույցը։ Քանի որ հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնումը եւ որակի բարձրացումը այժմ կիրառվող անալոգային տեխնոլոգիայի պայմաններում հնարավոր չէ եւ ոլորտի զարգացումը պահանջում է նոր տեխնոլոգիաների կիրառում, ընդունված որոշումը նպատակ ունի ապահովել բազմաբովանդակ հեռուստառադիոհեռարձակման հասանելիությունը եւ մատչելիությունը, ինչպես նաեւ տեղեկատվական շուկայի զարգացումը եւ ազատ մրցակցության ապահովումը։ Որոշման ընդունման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ուզում եմ արձանագրել, որ այս հարցը դարձել է հանրային քննարկման եւ բանավեճի առարկա այն պատճառով, որ մենք Ազգային Ժողով ներկայացրեցինք մի օրենք, որով հստակեցրեցինք, թե ինչպիսին պետք է լինի մրցույթների ժամանակացույցը։ Մեր շարժառիթները շատ պարզ էին եւ հասկանալի։ Դրանք հիմնավորված էին այն կարողություններով, որոնք այս պահին ձեւավորված են Հայաստանի Հանրապետությունում, այն պարտավորություններով, որ մենք ստանձնել էինք եւ թվայնացման անցնելու եւ տեխնիկապես այս գործընթացը ավելի գրագետ կազմակերպելու նպատակով։ Քանի որ բուռն քննարկում ծավալվեց, եւ հանրությանը մտահոգում էր այն, թե արդյո՞ք այստեղ չկա քաղաքական ենթատեքստ, մենք հրավիրեցինք նաեւ միջազգային փորձագետների։ Եվրամիության ֆինանսավորմամբ փորձագետները ուսումնասիրեցին ստեղծված իրավիճակը եւ կառավարության կողմից ներկայացված օրենքը, ինչպես նաեւ ընդունված որոշումները։ Եվրամիության ուղարկած փորձագետը տվեց դրական եզրակացություն, որ մեր մոտեցումն արդարացված եւ ճիշտ մոտեցում է։ Մենք, ըստ էության, այլընտրանք չունեինք, եւ այս հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, պատասխանում է այն հարցերին, թե ինչպես ենք իրականացնելու թվայնացումը»։

Այս խորագրի վերջին նյութերը