Կարծիք

03.02.2011 09:10


Լռե՞լ, մինչև ե՞րբ...(Բաց նամակ Նախագահին)

Լռե՞լ, մինչև ե՞րբ...(Բաց նամակ  Նախագահին)

Փորձում  եմ  բերանս  կոծկել,  չխոսել.   լռել  ու  լուռ   էլ   գնալ  աշխարհից,  բայց   լռությունից  ո՞վ  է  օգտվել,  հոգնել  եմ  նաև  կեղծ  լռությունից: Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչև ե՞րբ, ասե´ք. իմ մեջ ինձանից ես դուրս եմ գալիս. գոնե թող թղթին զայրութս հանձնեմ, միգուցե այսպե՛ս  խաբեմ մտքերիս: Այո՛  պարոն  նախագահ,  դժվար  է  ականատեսը լինել  Ձեր   ազգակործան գործունեությանն   ու  չժայթքել ...Պարոն  նախագահ   իմ  այս  «Բաց  նամակը»   ուղղված   Ձեզ,  (որը   երկրորդն  է. առաջինը  հայ-թուրքական  պրոտոկոլների   վավերացման  օրերին)  իմ  բողոքի  ձայնն  է  Ձեր  ապազգային  գործունեության   դեմ,  ազգիս   ձայնն  է,  թեև  քաջ  գիտակցում   եմ,  որ  դրությունը   ոչնչով    չեմ   փոխի,   ու   այս  նամակս  էլ  լոկ   սրտի  պարպանք   է բողոքս  արտահայտելու,  բայց  ինձ  սփոփելու    ուրիշ  միջոց,   ճար  չունեմ...Պարոն  նախագահ   Ձեր  կողմից   լեզվի  մասին   օրենքում փոփոխություն կատարելու ստորագրման լուրն  ինձ   բնավ էլ  չզարմացրեց, քանզի  դուք  էն  գլխեն  «փայլեցիք»   Ձեր  ապազգային  դրսևորումներով.  մեր ազգային  խնդիրները'   համայն  հայության մեկդարյա  պայքարը,  մեր  բոլոր   ջանքերը  հասնելու   Հայոց  ցեղասպանության   միջազգայնորեն   ճանաչմանն  ու  դատապարտմանը  տարաք    փակուղի:  Ազգի  թիկունքին  դաշն  կնքեցիք   մեր  դարավոր   թշնամու   հետ,  իսկ  երբ   տեսաք,  որ   Ձեր  հորինած   "Ֆուտբոլային  դիվանագիտությամբ"   ձախողվեցիք,  խայտառակվեցիք   դիվանագիտորեն, գոնե  քաջություն  չունեցաք   սրբագրել  Ձեր  սխալ  քայլերը.   ( Անցել է շուրջ 16 ամիս ) հրաժարվել  աշխարհին  մոլորեցնող  Ձեր  հորինած  Հայ-թուրքական   սիրախաղի  արդյունքում  ծնունդ  առած , Շվեյցարիայում  ստորագրված  չարաբաստիկ  հակահայ  պրոտոկոլներից .  ավելին,  Դուք  Ձեր   ապազգային գործունեությանը ավելացրեցիք ևս մեկով. ստորագրելով արտոնել օտարալեզու հանրակրթական  դպրոցների մուտքը' հարցականի տակ   դրեցիք մեր փոքրաթիվ ազգի վաղվա օրը: 

Թող թյուր կարծիք չստեղծվի, թե ես դեմ եմ, որ հայ երեխան տիրապետի օտար լեզուների, քավ լիցի, թող 10-ը լեզու իմանա, բայց ոչ մեր մայրենի լեզուն ոտնատակ անելու հաշվին: Առերեսվում ենք մի դաժան իրողության, որ Դուք  ձգտում  եք  միտումնավոր, կանխամտածված արագացնել արտագաղթը ու տարբեր ելքեր եք  փնտրում   Հայաստանը  հայաթափող,   որոնցից մեկն էլ օտարալեզու դպրոցների  արտոնումն  է, որն անմիջապես հարվածում է մատաղ սերնդի ինքնության ձևավորմանն ու հայեցի մտածողության դրսևորմանը: Արտոնելով  օտարալեզու հանրակրթական  դպրոցների մուտքը' ևս  մեկ անգամ հաստատվեց,  որ   դուք  թքած  ունեք   ողջ   ազգի  կարծիքի,  ընդվզումների  վրա. ամեն ինչի պատրաստ եք, սոցիալական բևերռացումն ավելի խորացնելու, որ հարուստն ու աղքատն իրարից զատվեն դեռ մանուկ հասակից. ինչու՞ պետք է աղքատի երեխան դեռ մանուկ հասակից չհամակերպվի այդ դաժան իրողությանը,  որ ինքն աղքատ է ու իր տեղը, դիրքը չճանաչի, ու ոտք չերկարի հարուստի երեխաների հետ հաճախի նույն դպրոցը, նստի նույն նստարանին կողք-կողքի...Միթե՞ այդքան սադիստ պետք է լինի  Համայն  հայության   Նախագահը, որ դեռ մանուկ հասակից փորձում է հոգեբանորեն ճնշած պահել աղքատ խավին, որ հետագայում էլ չափահաս դառնալուց հետո նրանք չփորձեն հարուստի հղփացած բալաների հետ համեմատվեն, կարևոր պաշտոնների ձգտեն...Մատաղ հասակից  եք   թունավորում հայ երեխայի ներաշխարհը, խաղում նրանց ճակատագրերի հետ. խեղում, թունավորում նրանց փխրուն ինքնասիրությունը ... և վերջապես ամենակարևորը'   պարոն  նախագահ,  որ  Դուք   առհամարում  եք  հայոց  լեզուն  և օտար գաղափարախոսության ջատագովն է : Ձեզ համար փորձադաշտ են մեր ազգային խնդիրները.   և'   «Ֆուտբոլային դիվանագիտությունից»  ծնունդ առած սիրախաղի ժամանակ, և'  օտարալեզու հանրակրթական դպրոցների բացման դեմ   համայն  ազգի  բողոքի ձայնն առհամարվեց ձեր կողմից. Վարելով  դիկտատորի   քաղաքականություն,  թքած ունեք ողջ ազգի կարծիքի, հորդորների, ընդվզումների վրա: Մտածում եք. թող գոռա՜ն, գոռա՜ն հանգստանան. ճարե՞րն ինչ... Դուք ողջ ազգի լեզուն եք փորձում արմատից կտրել, որ չփորձեն հանդգնեն բարբառել, ձեզ մեղադրել, դիմադրել, հակադարձել, որ դառնան հլու-հնազանդ ձեր սնանկ մտքերի, կամայականությունների պարտադրված պատանդները...Ազգը հիասթափված է ձեր ապազգային գործողություներից, բայց ճար չունի Ձեր ճիրաներից,  Ձեր  ներկայություներից ձերբազատվելու... Ոմանք   միամտորեն  կարող է հավատան ու վստահեն  Ձեր  ճռճռան հայրենասիրական ճառերին, բայց ես երբե´ք  չեմ վստահել:  Ձեր  խոսքի ու գործի մեջ սարերի չափ տարբերություն կա,  քանզի  այդ ճառերը մի երրորդ մարդու ձեռքով է գրվում, իսկ Դուք  միայն դասը սերտած  աշակերտի նման կարդում  եք աչքը թղթից գեթ մի պահ չկտրելով, իսկ մեր նայիվ ազգը հավատում է, թե մեր նախագահը դարձի է եկել:  ճառ   ասելով  հայրենասեր  չեն   դառնում.   ցավոք, երբ մարդու էության մեջ բացակայում է հայրենասիրական , հայրենատիրական ջիղը, (այն ձեռքբերովի լինել չի կարող)  արդյունքում   կյանքի  են  կոչվում   նման  ազգադավ    պրոտոկոլներ.   ճանապարհային  քարտեզ,   Փոխադարձ  սահմանների  ճանաչում,  օրենքի   վավերացում' արտոնել  օտարալեզու  հանրակրթական   դպրոցների  մուտքը...Պարոն  Նախագահ,   եթե  շատ թե քիչ, թեկուզ մի կաթիլ հայրենասիրության նշույլ ունենայիք,  պետք  չէր  լինի  մեծ  ճիգեր   գործադրել   ճառերով   ի   ցույց   դնելու   Ձեր  հայրենասիրության   չափը'    այլ  պետք  էր  գործով  ապացուցել. հետ  կանչվեր  Շվեյցարիայում   ստորագրված   պրոտոկոլները,  ինչպես   նաև    հենց  սաղմնային  փուլում   կանխվեր   այսքան մեծ հնչեղություն ստացած Աշոտյանի գլխում  ծագած  ցնդաբանությունը և պահանջեիք  նախարարի հրաժարականը,   որ   ո'չ  ոք  չհանդգներ ոտնձգություն   կատարեր,  ստվերեր,    քար  շպրտեր   մեր  մայրենի   լեզվի  վրա   և  թերագնահատեր   ոսկեղենիկ  մեր  մայրենիի  դերն  ու կարևորությունը   հայապահպանման   գործում:  Այստեղ տեղին է ասված. երբ գողը տանից է լինում, հորթը երդիկից են հանում... Համեմատությունս կոպիտ է, բայց ցավոք այս է դառն իրականությունը:   Ու այսքան  ազգակործան   գործունեությունից  հետո  Ձեր   Հանրապետական կուսակցությունը համարում եք  իբր Մեծ զորավար Նժդեհի գաղափարների շարունակո՞ղը: Մարդ չգիտե լա՞, թե՞ խնդա. հանրապետական կուսակցությունն ու՞ր, հայրենասիրությունն ու՞ր, երբ Նժդեհի ամեն մի բառից ու տառից հայրենասիրության բոցն է առկայծում, ամեն մի տողը մի մասունք է, աֆորիզմ, որոնք երբեք չեն կորցնի իրենց վաղեմության ժամկետը և այսօր էլ հնչում են մարգարեաբար որպես պատգամ ու ուղղեցույց ողջ ազգի համար, դարերի համար... Ամոթ  է  Պարոն  նախագահ   Դուք   և  Ձեր  կուսակցական  ընկերները  մի'ք   թաքնվեք  Մեծն զորավար Նժդեհի թիկունքում, Ձեր   ազգակործան  գործունեությամբ   մի'   խայտառակեք   մեծ  զորավարի   անունը,  քանզի   սրբապղծություն է,  մեղք է...Այլապես  ներքին  լսարանին  ուղղված  Ձեր  հայրենասիրական  հոգեցունց  ճառերը   զուտ   դեմագոգիա  է,  իմիտացիա  ստեղծող,  որ  հաջորդ  նախագահական  ընտրություններին  Ձեր  աթոռը  չկորցնեք: 

 Կներեք  հանդուգնիս,  որ  փորձեցի  իրերն  իրե'նց  անունով  կոչել։

Սոնա   Արշունեցիրյուսել

(Գրող-հրապարակախոս, Հայ-դատի պաշտպան)

Այս խորագրի վերջին նյութերը