Լրահոս

12.10.2009 11:07


Ահմեդ Դավութօղլու. «Արձանագրությունների ստորագրումը չի նշանակում, որ մենք թողել ենք Ադրբեջանը»

Ինչպես հաղորդում է «TRT1» հեռուստաալիքը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Երևան-Անկարա արձանագրությունը թուրքական խաղաղության ծրագիր է։

-Չնայած նրան, որ ստորագրման հետ կապված՝ ձգձգումներ են եղել՝ մեր գլխավոր գործն այն էր, որ արձանագրությունները ստորագրվեին։ Թուրքիան գիտի՝ ուր է գնում և ինչ է անում,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրել են հայ-թուրքական արձանագրությունները։

Ստորագրման արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, Ֆրանսիայի և Շվեյցարիայի արտգործնախարարներ Բերնար Քուշներն ու Միշլին Կալմի-Ռեյը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵՄ-ի արտաքին և անվտանգության քաղաքականության  գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան։

-Տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորում,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը և հավելել,- արձանագրությունների ստորագրումը չի նշանակում, որ մենք թողել են Ադրբեջանը. մենք միշտ եղել ենք Ադրբեջանի հետ և երբեք չենք վնասի նրա շահերին։ Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության մասին, նկատի ունենք «ադրբեջանական տարածքների ազատագրումը»։

Արտգործնախարարը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ազատագրել «ադրբեջանական օկուպացված տարածքները», ոչ միայն Ղարաբաղը, այլև «օկուպացված» մյուս շրջանները։

-Եթե թուրքական խորհրդարանը վավերացնի ստորագրված արձանագրությունները, դա կլինի դիվանագիտական հարաբերությունների սկիզբ։ Խոսքերն այն մասին, թե Թուրքիան չի ընդունում Հայաստանը որպես պետություն, զրպարտություն են։ Թուրքիան ընդունում է Հայաստանի Հանրապետությունը, և մինչև  1993թ-ն սահմանները բաց են եղել։ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների «շրջափակումն» է սահմանների փակման պատճառ դարձել,-ասել է Դավութօղլուն։

Ըստ «Vesti.az»-ի

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը