Քաղաքական

09.09.2014 15:45


«Քառյակը» «եռյակ» դառնալու մասին խոսակցությունները չափազանցված են. ոչիշխանական ուժերը 8 կետի շուրջ համաձայնության են եկել

«Քառյակը» «եռյակ» դառնալու մասին խոսակցությունները չափազանցված են. ոչիշխանական ուժերը 8 կետի շուրջ համաձայնության են եկել

ԱԺ–ում ավարտվել է ոչիշխանական խմբակցությունների փակ հանդիպումը, որի ավարտից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել է, որ օրակարգը բավական հագեցած էր։

ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» քննարկած առաջին հարցը վերաբերել է սահմանադրական փոփոխություններին։

–Մեր տեսակետները փոխանակեցինք, և արաձանգրվեց, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը, որովհետև դրանք տարբերվում են։ ՀՅԴ–ն կողմ է այդ փոփոխություններին, «քառյակի» մյուս երեք ուժերը, այս կամ այն պատճառաբանությամբ, դեմ են։ Բայց ամեն քաղաքական ուժ ազատ է իր դիրքորոշումներն արտահայտել այս հարցի հետ կապված, և պետք է հարգել մյուսների տեսակետները,–ասել է Ա. Ռուստամյանը։

Երկրորդ հարցը վերաբերել է կուտակայինի հարցով ՍԴ դիմելուն։ Ինչպես հայտնի է, ՀԱԿ–ն ու «Ժառանգությունը» նպատակահարմար չեն համարում ՍԴ դիմելը, բայց այսօրվա նիստում ևս պատրաստակամություն են հայտնել են միանալ ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի այդ նախաձեռնությանը։

Ոչիշխանական ուժերն այցելել էին սահմանամերձ շրջաններ, և այսօրվա նիստում քննարկված երրորդ հարցն այդ այցելության արդյունքների ամփոփումն է եղել։ Մասնավորապես, «քառյակը» ներկայացնելու է «Սահմանապահ գյուղի օրենսդրական ամրագրում»։ Նախագիծն, ըստ էության, արդեն իսկ պատրաստ է։

Քննարկված չորրորդ խնդիրը «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն է եղել։ Հիշեցնենք, որ այս կետն ամրագրված էր նաև «քառյակի» 12 պահանջներում։

Հիմա ճիշտ ժամանակն է հետամուտ լինելու այս խնդրի լուծմանը,–նշել է Ա. Ռուստամյանը։

Ոչիշխանական ուժերը տարբեր օրենսդրական նախաձեռնություններ էլ են առաջարկել, ինչպես նաև համաձայնեցրել են այն նամակի տեքստը, որով պետք է դիմեն ՀՀ ԱԺ նախագահին՝ ահագնացող չափերի հասնող արտագաղթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։

Նախնական ամփոփում է տեղի ունեցել 12 կետերի կատարման վերաբերյալ՝ վերջնական ամփոփումը թողնելով հետագային։

–Տրված ժամանակը մինչև սեպտեմբերի վերջն է։ Այս պահին կարող եմ ասել, որ կան ընդհանրապես չկատարված կետեր, մասնակի կատարված կետեր և անորոշ մնացած կետեր,–հավելել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Քննարկված ութերորդ հարցը վերաբերել է համատեղ հանրահավաքի անցկացմանը։ Պայմանավորվածությունն ուժի մեջ է՝ հանրահավաքը կանցկացվի՛. պարզապես ժամկետների մասին տարբեր առաջարկներ են եղել։

–Քննարկումներ տեղի կունենան կուսակցություններում, և մոտ ժամանակներս կհայտարարենք հանրահավաքի օրը,–ասել է Ա. Ռուստամյանը։

Նա նաև պնդել է, որ «քառյակից» «եռյակ» դառնալու մասին խոսակցությունները չափազանցված են, քանի որ «քառյակ» են այնքանով, քանի դեռ չորս քաղաքական ուժերը համաձայնել են կոնկրետ հարցերի շուրջ համագործակցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը