Կարծիք

02.09.2014 16:44


Մերի Մովսիսյան. «Անկախ Արցախը և «կախվածները»»

Մերի Մովսիսյան. «Անկախ Արցախը և «կախվածները»»

Այսօր Արցախի ժողովուրդը և համայն հայությունը տոնում են Արցախի անկախության 23–ամյակը։ Տոն, որը խորհրդանշում է հաղթանակ՝ ապրելու ու արարելու իրավունք մայր հողում։

Անցել է 23 տարի, և այդ ընթացքում «Արցախի հարց» կոչվածը պետք է մեկընդմիշտ փակված լիներ. հաղթանակից հետո ամեն բան տանում էր դրան ու դրա մասին էր վկայում։

Արցախը, ճիշտ է՝ փոքրիկ քայլերով, բայց զարգանում էր ու կայանում՝ որպես ինքնիշխան պետություն։ Կարծես թե Արցախի ժողովուրդը սկսել էր քիչ–քիչ մոռանալ պատերազմի տարիների կրած դառնությունները... բայց... օրեր առաջ Արցախը վերստին իր մաշկի վրա զգաց պատերազմի դառնությունները... Արցախը նորից հայացքը հառեց մի կողմից սահմանագծին, մյուս կողմից՝ աշխարհի հզորների խաղաքարտերին ու Հայաստանին...

Կարելի է մի տեղ հասկանալ պարտված թշնամու ագրեսիան ու ամեն տեսակ մեղադրանքները, բայց ինչպե՞ս հասկանալ երկու հայկական պետություններից մեկի ղեկավարի այն արտահայտությունը, որը կարելի է որակել որպես մեղադրանք՝ ուղղված Արցախին (կարելի է ասել՝ մեղադրանք՝ ուղղված նրա գոյությանը, կարելի է մտածել՝ արցախցիները չեն ուզում հանգիստ ապրել...). «Կա երկու պատճառ, որը նպաստում է արտագաղթին։ Առաջինը հայկական Սփյուռքի առկայություւնն է։ Այն մագնիսի նման քաշում է: Երկրորդ պատճառը մեր չավարտված պատերազմն է»։

Դուրս է գալիս՝ եթե Արցախը չլիներ, պատերազմ էլ չէր լինի, պատերազմ չէր լինի, արտագաղթ էլ չէր լինի։

Չեմ ցանկանում այդ արտահայտության քաղաքական գնահատականը տալ, բայց զուտ բարոյական տեսանկյունից դա ...

2009 թ.–ին՝ դեռևս հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակներից, Սերժ Սարգսյանը սկսել էր իր պարտվողական ու հանձնողական դիրքորոշումը ցուցադրել Արցախի հարցում։ Նախաձեռնություններ սիրող Սարգսյանը դեռ այն օրերին հրավիրում էր «թուրքական գործոնին»՝ մասնակից լինելու Արցախյան հարցի կարգավորման գործընթացին։ Թուրքական կողմն այն ժամանակ ականջներին, իրոք, չէր հավատացել, բայց ինտուիտիվ մակարդակով հասցրել էր նախապայմաններ առաջ քաշել, որոնցից մեկում հիշատակվում էր հենց Արցախը։

Դեռ այն ժամանակ Սերժ Սարգսյանին ասվել էր, որ նրա նախաձեռնած «ֆուտբոլը» սպառնալիքի տակ է դնելու ազգային անվտանգությունը։

2014 թ. Թուրքիայի խորհրդարանում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց. ««Ադրբեջանի գրավյալ տարածքների» վերադարձը Թուրքիայի կառավարության ռազմավարական խնդիրն է»։

Ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանի թեթև՝ նախաձեռնող ձեռքով Թուրքիան հայտ է ներկայացնում Արցախյան խնդրի հանգուցալուծմանը մասնակից դառնալուն։

Իհարկե, Թուրքիայի վարչապետի հայտարարությունները նրա խնդիրն են, և մենք կարող ենք աչք փակել նման հայտարարությունների վրա։ Բայց չֆիքսել, որ քաղաքական դիսկուրսը փոխվել է, և ոչ՝ հօգուտ, մեզ չենք կարող, և չարձագանքել դրան նույնպես չենք կարող։

Սերժ Սարգսյանի ձախողակ արտաքին (նաև՝ ներքին) քաղաքականության հետևանքով մենք այսօր ունենք հետևյալ քաղաքական դիսկուրսը.

1. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը», – Սերժ Սարգսյան («Ալ–Վաթան» սիրիական թերթին տված հարցազրույցից)

2. Արցախի ստատուս քվոն անընդունելի է (by ուորլիքներ & դեսպաններ)

3. Ներկայումս չի շեշտվում ազգերի ինքնորոշման իրավունքը (միջազգային իրավունքի շրջանակներում ազգերի ինքնորոշման իրավունքն ամրագրված է տարածքային ամբողջականության հետ մեկտեղ)։

Եթե աշխարհում գոյություն ունի հակամարտությունների կարգավորման ոլորտում երկակի ստանդարտների պրակտիկան, ապա ինչո՞ւ մենք չպետք է օգտվենք դրանից՝ ելնելով մեր ազգային շահերից։ Բացի դրանից՝ նման դիսկուրսի շրջանակում մենք ունենք Կազան–2011-ը, որտեղ Սարգսյանն «այո» է ասում տխրահռչակ Մադրիդյան սկզբունքներին, իսկ Ալիևը՝ «ոչ»։

Այս թեմայով կարելի է անվերջ գրել...

Շնորհավորում եմ արցախցիներին ու համայն հայությանը։ Արցախի անկախության օրը համայն հայության տոնն է։

Հ. Գ. Արցախից «կախվել» և «պոկ չեն» գալիս Ալիևը, Ուորլիքը, Հեֆֆերնը, հիմա էլ՝ Դավութօղլուն։

Վերջը լավ լինի։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը