Կարծիք

15.08.2014 12:52


Արմեն Աղայան

Արմեն Աղայան

Վերջերս հաճախ ենք հանդիպում հոդվածների, թե Ադրբեջանի զենքն անպիտան է, հին է, մեր տեղանքին հարմար չէ, կամ Հայաստանը դրա հակամիջոցներն ունի:
Մասամբ դա ճիշտ է, բայց՝ միայն մասամբ:
Օրինակ՝ հարց են տալիս, թե ի՞նչ կարող են անել ադրբեջանական տանկերը Ղարաբաղի լեռներում: Պատասխանում եմ` կարող են հասնել այդ լեռներին, և դա բոլորովին էլ քիչ չէ: Բացե՛ք քարտեզը ու նայե՛ք, թե ինչ մեծության տարածքի մասին է խոսքը և որ ուղղություններով:
Իսկ Ադրբեջանի ինչի՞ն են պետք այն հին տանկերը, որ կազմում են նրա զրահապատ սպառազինության նշանակալի մասը: Բա հո նոր տանկերով չի՞ գրոհելու մեր ականապատված ու թակարդներով հագեցած պաշտպանական գիծը: Հին տանկերը պաշտպանական գծում ճեղքեր բացելու համար են, որոնցով հետո կարող են անցնել նորերը:
Ինձ կարող են մեղադրել, թե խուճապ եմ հրահրում կամ խանգարում եմ իրենց պայքարել ենթադրյալ խուճապի դեմ: Իսկ իմ կարծիքով հիմա ոչ մի խուճապ էլ չկա: Խուճապ կարող է լինել այն դեպքում, երբ իրական պատերազմում «անպիտան» ադրբեջանական տանկերի մի մասը որոշ հատվածներում, այնուամենայնիվ, հաղթահարի պաշտպանական գիծը ու հասնի լեռներին: Իսկ որպեսզի այդ խուճապը կանխվի, պետք է ավելի ճշգրիտ իմանալ հակառակորդի հնարավորությունները ու պատրաստվել դրանց դեմ կռվելուն: Ու մեկ-մեկ էլ, սեփական ժողովրդին հանգստացնելու փոխարեն, հաշիվ ներկայացնել «ռազմավարական դաշնակցին» ու մի քիչ վերանայել նրա նկատմամբ քաղաքականությունը:

Արմեն Աղայան

Այս խորագրի վերջին նյութերը