Կարծիք

17.07.2014 16:46


Քարվաճառի դիվերսանտներն ու Սերժ Սարգսյանի անիմաստ շրջագայությունները

Քարվաճառի դիվերսանտներն ու Սերժ Սարգսյանի անիմաստ շրջագայությունները

Վերջին օրերին Քարվաճառում տեղի ունեցած թշնամու դիվերսիոն-հետախուզական օպերացիայի մասին որքան էլ պարզաբանումներ եղան, միևնույն է, հարցերը դրանից չպակասեցին, ու հեռու գնացող եզրակացությունների տեղիք տվեցին:

Մազաչափ չցանկանալով արատավորել մեր բանակի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև հարվածել դրա մարտունակությանը՝ փորձեմ անհանգստությունս ներկայացնել՝ հիմնվելով հենց պաշտոնական տեղեկատվության վրա:

Փաստորեն, դիվերսանտները կարող են անարգել մտնել մեր կողմից վերահսկվող տարածք, ուտել-խմել, հանգիստ տեղաշարժվել, առևտուր անել այնտեղ, իսկ եթե իրենց տեղաշարժը մերոնք ֆիքսեն, ապա կրակ բացեն, սպանեն կամ վիրավորեն մեր հայրենակիցներին:

Իսկ միգուցե դրանք իրո՞ք դիվերսանտներ չեն եղել, այլ Քելբաջարի նախկին բնակիչներ, որոնց սրտերը իրենց նախկին բնակավայրն է ուզեցել տեսնել, ու դիմել են «քյալլագյոզության»։

Բայց նույնիսկ եթե դրանք, ըստ պաշտոնական վարկածի, դիվերսանտներ են եղել, ապա դա ոչ մի քննադատության չի դիմանում։

Ի՞նչ ենք լսում որպես արդարացում այն հարցին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեր սահմանները բաց են թշնամու առաջ: Ասում են՝ նրանք ժամանակին այս վայրերում են ապրել ու շատ լավ կողմնորոշվել են տեղանքում, անտառն էլ անցել են աննկատ: Բայց մեր հարևան երկրում ապրում է շուրջ կես միլիոն մարդ, ովքեր շատ լավ ծանոթ են մեր երկրին, վարժ խոսում են հայերեն ու կարող են աննկատ տեղաշարժվել, ուրեմն կարող ենք խոստովանել, որ դրա դեմ մենք անզո՞ր ենք, կամ էլ պայքարում ենք ոչ բավարա՞ր, որ չգիտենք անգամ, թե սա միա՞կ խումբն է, թե՞ այս ճանապարհով հարյուրավորներն են մեր մեր տարածք ներթափանցել ու իրենց «սև» գործն են անում:

Ասում են, որ անտառի միջով են հատել սահմանը, դրա համար են կարողացել աննկատ անցնել: Նախ՝ ովքեր որ տեղյակ են, գիտեն, որ այդ մասում անտառ չկա, և երկրորդ՝ ենթադրենք՝ կա, հետո ի՞նչ, աշխարհի երեսից վերացե՞լ են համապատասխան սարքերը, որոնք, գիշեր լինի, թե ցերեկ, կարող են ֆիքսել շարժվող օբյեկտը, երբ այսօրվա տեխնիկական հնարավորություններն այնպիսին են, որ ողջ շփման գծի երկայնքով կարող են տեղադրել, ու օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող սահմանն աննկատ անցնել:

Մենք հասկանում ենք, որ այդպիսի սարքերի ձեռքբերման համար որոշակի գումարներ են հարկավոր, իսկ մեր երկրում փողն այլ նպատակներով է ծախսվում, ավելի ճիշտ՝ աննպատակ վատնվում, քանզի մեր զինվորի կյանքը ոչինչ չարժե փող աշխատելու մոլուցքով տառապող բարձրագույն ղեկավարության համար: Այլապես արտասահմանյան մի անիմաստ շրջագայություն պակաս կանեին ու այդ փողով շփման գծի տասնյակ կիլոմետրեր կարող էին «հագեցնել» ժամանակակից տեխնիկայով, այլ ոչ թե հիմա ափալ–թափալ հայտարարել Քարվաճառի ճանապարհներն ականապատելու մասին:

Ես հասկանում եմ, որ այս հարցում Պաշտպանության նախարարությունն ընդամենը կատարող է՝ լավ կամ վատ, բարեխիղճ կամ ոչ այնքան, բայց՝ սոսկ կատարող: Նման հարցերը Բաղրամյան 26-ում են լուծվում, և ինչպես տեսնում ենք, չեն էլ լուծվում կամ լուծվում են «ոտքի վրա»: Իսկ գործող նախագահն այդ ո՞ր հարցի լուժման գիտակցումն ունի, որ մնացել է միայն բանակը:

Ուշադրությո՛ւն դարձրեք. Սերժ Սարգսյանը ժողովրդի անունից մտահոգություն է հայտնում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զինում է Ադրբեջանին, նշում, որ պատերազմի վերսկսման հավանականությունն ավելի է մեծացել, ու, դրան զուգահեռ, մեզ մատուցում են, որ թշնամու առաջ, առավել ևս՝ մի քիչ պատրաստվածություն անցած, սահմանը բաց է:

Ի դեպ, այս դիվերսիոն խմբի վնասազերծումով և վնասազերծման PR–ով ավելի շատ անհանգստություն տարածեցին, քան մտավախությունները փարատեցին: Բարեբախտաբար, դեպքի ականատեսներից մեկ հոգի՝ մեր սպայի կինը, հետզհետե ապաքինվում է, և կկարողանանք նրանից սպառիչ տեղեկատվություն ստանալ, թե ինչ հանգամանքներում են կրակել դիվերսանտները, և ինչ է տեղի ունեցել իրականում: Թող լրագրողներն այդ կնոջից հարցազրուց վերցնեն ու իրականությունը բացահայտեն, որպեսզի հասկանանք, թե դրանք դիվերսանտնե՞ր են եղել, թե՞ արկածախնդիրներ։

Քանի գնում, ավելի ես համոզվում, որ ամեն ինչ պետք է գլխից բռնել։ Ու քանի դեռ Սարգսյանը Բաղրամայն 26-ի ետնամուտքը չի փակել «դիպլոմատով մուծվողների» առաջ, առաջիկայում ստիպված է լինելու կենտրոնական մուտքը բացել կատաղած ժողովրդի ու նրանց առաջնորդող ուժերի առաջ:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1440826642855785&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը