Կարծիք

14.07.2014 20:14


Լավ է լինել լրբի լակոտ ֆիզիկապես, քան՝ գաղափարապես

Լավ է լինել լրբի լակոտ ֆիզիկապես, քան՝ գաղափարապես

ԽՍՀՄ-ում շատ թերություններ կային, ինչն էլ դարձրեց այդ երկիրը ոչ կենսունակ և հանգեցրեց փլուզման: Բայց շատ դեպքերում գաղափարախոսական նպատակներով հասարակության մեջ սերմանվող կեղծ արժեքները նաև զսպող դերակատարություն ունեին, որ եթե հավատում էիր կոմունիզմի կառուցմանը կամ գոնե ձև էիր անում, թե հավատում ես, ուրեմն նյութապաշտ լինել չէիր կարող, քանի որ քեզնից պահանջվում է զրկանքներ կրել հանուն այն բանի, որպեսզի գալիք սերունդների համար երկրի վրա դրախտ կառուցվեր:

Չկառուցվեց, չէր էլ կառուցվելու, բայց ԽՍՀՄ փլուզումից ու մեր անկախություն ձեռք բերելուց հետո, հին իդեաները նետվեցին քաղաքական աղբանոց, իսկ դրանց փոխարեն նոր գաղափար չդրվեց սեղանին: Ու եթե անկախության սկզբնական անցումային տարիներին դա ինչ որ կերպ մասամբ արդարցում ուներ, ապա ավելի քան քսան տարի հետո ուղղակի աններելի է նման վիճակը:

Այդ ի՞նչ վեհ գաղափարի ու արժեքի համար պետք է զրկանքներ կրենք՝ հանուն պայծառ ապագայի, երբ տեսնում ենք, որ Հայաստանի դաժան ներկայից ու անորոշ ապագայից բարոյալքման մակարդակն այն աստիճանի է հասել, որ արդեն երկիրը լքողներն են մեղադրում մնացողներին, որ կա՛մ թալանչի եք, կամ ստրուկ, կամ էլ ճար չունեք արտագաղթելու, որ մնում եք: Իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ անկեղծ խոսակցությունների ժամանակ, այլևս հանդես չեն գալիս կեղծ հայրենասիրական ճառերով, դա պահում են հրապարակային ելույթների համար, այլ ասում են, թե՝ պարզ չի՞, որ մենք ի վիճակի չենք անկախ պետություն ունենալ, մենք ո՞վ ենք, որ դիմանանք աշխարհի հզորների շահերի պարբերական բախումներին, հիմա մեկը պիտի պաշտոն զբաղեցնի ու բարիքներից օգտվի՝ մենք ենք անում, մեկ է՝ ով էլ գա, չի կարող վիճակը փոխել: Ու սրան զուգահեռ, իրենց թունդ ընդդիմադիրի տեղ դրած որոշ գործիչներ՝ Բաղրամյան 26-ի կերակրատաշտի գերիներ, նրանք էլ են արդարանում մասնավոր զրույցներում, թե մեկ է ընդդիմության մոտ ոչինչ էլ չի ստացվելու, չի էլ ստացվել երբեք, ավելի լավ է այս իշխանություններից օգտվենք. «Շանից մազ պոկելն էլ ա խեր» կարգախոսի շրջանակներում:

Այո՛, երբ ամենավեհ գաղափարը շատ փող ունենալն է, ու չեղած տեղից փող սարքողն է մեր ժամանակի հերոս շուստրի տղեն, այս մտածելակերպով ո՛չ նորմալ երկիր կկառուցնեք, ո՛չ էլ սպասվելիք պատերազմում կհաղթենք:

Ասում են, այս շահամոլության առաջին պոռթկումի ժամանակ՝ անցյալ դարի 90-ականներին, արատավոր երևույթներին գնահատական տալու համար Վանո Սիրադեղյանը (չեմ կարող պնդել, որ այդ խոսքերն իրեն են պատկանում, քանի որ անձամբ չեմ լսել նրանից ու որևէ տեղ չեմ կարդացել) մի առիթով սրտնեղած ասել է. «Մեր ժամանակ մի քանի անբարոյական կանայք կային, բա այսքան անբարոյականի տղա որտեղի՞ց առաջացան»: Ու փորձում էին դրանից եզրակացնել, որ ուրեմն թաքնված լրբեր են եղել, որոնց արածի հետևանքները հիմա է ջրի երես դուրս եկել՝ իրենց զավակների վարքով պայմանավորված:

Ինձ թվում է, որ պետք է հանգիստ թողնել հայ մայրերին ու ընդունել, որ լրբի լակոտը ֆիզիոլագիայի կամ բարոյականության արդյունք չէ, այլ՝ հոգեվիճակ:

Բարոյական նորմերն այն աստիճան են արժեզրկվել, որ եթե նախկինում իշխանավորների հանդեպ լոյալությունը դրսևորվում էր. «Ով էշ՝ մենք փալան» արտահայտությամբ, ապա հիմա ավելի առաջ են գնացել ու հանգել. «Ով վերևը կլինի՝ մենք նրա տակը»: Ու սա արտահայտվում է ոչ միայն երկրի ներսում՝ իշխանությունների հանդեպ, այլ նաև՝ դրսի հետ հարաբերություներում՝ մեր իշխանությունները՝ գերտերությունների հանդեպ:

Մենք այսօր արդեն այն օրին ենք հասել, որ ոչ միայն գրագետ ու ազնիվ, այլ, առաջին հերթին՝ պատվախնդիր, արժանապատիվ ու հայրենասեր իշխանավորի կարիք ունենք: Ուղղակի պետք է հնարավորինս արագ հեռացնել պարտվողական տրամադրություններ սերմանող, ուժի հանդեպ «պառկողական» քաղաքականության ջատագով այս իշխանություններին, այլապես, եթե այս մթնոլորտը հաջողության գրավականն է համարվում, միշտ էլ երկրում ու նրա սահմաններից դուրս կգտնվեն այս «նախաձեռնողականությունից» օգտվողներ, որ կհայտնվեն վերևում:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1439918916279891&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը