Կարծիք

25.06.2014 12:51


Մերի Մովսիսյան. «Իշխանության հերթական վախերը»

Մերի Մովսիսյան. «Իշխանության հերթական վախերը»

Սահմանադրական փոփոխությունները հետաձգվել են 3 ամսով։ Հավատացնում եմ դա ոչ այլ ինչ է, քան վախ դրա քաղաքական հետևանքներից։ Այս դեպքում, ինչպես նաև Տիգրան Սարգսյանի, պետք է նշել քառյակի ջանքերը, որոնք իրոք բարձր գնահատանքի են արժանի։

Սերժ Սարգսյանը միանշանակ վախեցած է, հակառակ դեպքում չէր գնա նման քայլի։ Նա շատ լավ հասկանում է, որ սահմանադրական բարեփոխումները հոսանքի գնի բարձրացում չէ, քաղաքացու գրպանը 5%-ով «փայ» մտնել չէ։ Սահմանադրական «բարեփոխումները» նախաձեռնելն ամբողջովին քաղաքական բնույթ է կրում։

Եթե գազի, լույսի, մշակութային շինությունների և այլ հարցերի վերաբերյալ հասարակությունը հանդես է գալիս առանձին կամ քառյակի հետ միասին, ապա «բարեփոխումների» հարցում միայն քառյակն է։ Նախագահականում շատ լավ հասկանում են, եթե հասարակության բողոքները, պահանջները կարող են անտեսել, ճնշել, բիրտ ուժ կիրառել, ապա իրենից քաղաքական ուժ ներկայացնող քառյակի պահանջների պարագայում նման քայլերի չեն դիմում։ Սարգսյանը ֆոբիաներ ունի այն ամենից ինչը տեղավորվում է քաղաքականի տակ։ Հեռու չգնանք՝ իշխանությունը պարտադիր կուտակային կենսաթոշակների մասով առաջ տարավ իրենը մի շատ պարզ պատճառով. հակառակ կողմում քաղաքական պահանջով «համեմված» շարժման չբախվեց։ Նույնը կլինի մյուս բոլոր հարցերում, քանի դեռ հասարակությունը քաղաքական պահանջներ չի դնում այս իշխանության առջև։
Վերադառնալով սահմանադրական փոփոխությունները 3 ամսով հետաձգելուն նշեմ, որ այս փուլում դրանց ձեռնամուխ լինելն իրոք քաղաքական թեժություն կհաղորդեր ամռանը, առավելևս պատմամշակությանին կոթողների, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կարմիր գծերի, արագաչափերի և այլնի ֆոնին։ Դիմելով այդ քայլին՝ Սարգսյանն երեք ամսով երկարաձգեց նրա իշխանության մնալու ժամկետը, սակայն կառավարությունն ու նախագահականը դեռևս չեն լուծել երկրում առկա սոցիալ–տնտեսական խնդիրները, չի կատարվել քառյակի ներկայացրած 12 կետերից և ոչ մեկը, իսկ նրանք մինչև սեպտեմբեր են ժամկետ տվել։

Հիմա ունենք քաղաքական հետագա զարգացումների հետևյալ հնարավոր սցենարը.
իշխանությունը կատարում է հասարակության համար կենսական նշանակություն ունեցող քառյակի 12 կետերը, որը մեծ հաշվով անցնցում իշխանափոխություն է, կամ էլ չի կատարում այդ 12 կետերն ու գնում առճակատման։ Ի դեպ՝ այս դեպքում սահմանադրական փոփոխություններն արդեն երկրորդական բնույթ են սկսում կրել, քանզի գնալու են բուռն քաղաքական գործընթացներ ու դրանցով զբաղվելու ժամանակ չի լինի։ Բացի այդ, 3 ամիս անց՝ հոկտեմբերն է, իսկ քառյակի տված ժամկետը սպառվում է սեպտեմբերին։ Ինչպե՞ս է Սարգսյանը պատկերացնում բաղձալի երազանքին հասնելու գործընթացը։ Անկեղծ ասած, չեմ պատկերացնում։

Եթե հասարակությունն իրոք ցանկանում է փոփոխությունների հասնել, ապա պետք է ցանկացած պահանջին ու բողոքին, այս իշխանության պարագայում, քաղաքական հնչեղություն տա, հակառակ դեպքում ոստիկանների կենդանի պատը կապահովվի ամեն քաղաքացիական բողոքի ու պահանջի ժամանակ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը