Կարծիք

21.06.2014 12:23


Գրիգոր Աթանեսյան. « Վայ՛ էն հասարակությանը, ով Մարտին Վարդազարյանի պես «մտավորական» ունի....»

Գրիգոր Աթանեսյան. « Վայ՛ էն հասարակությանը, ով Մարտին Վարդազարյանի պես «մտավորական» ունի....»

Վայ՛ էն հասարակությանը, ով Մարտին Վարդազարյանի պես «մտավորական» ունի....Ուրեմն ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով էլեկտաէներգիայի հնարավոր թանկացմանը, էս «մտավորականը» հայտարարում է, թե չի կարծում, որ էդ թանկացումը էականապես կազդի մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, և պետք չէ արհեստականորեն դժգոհություններ հրահրել էդ թեմայի կապակցությամբ, քանի որ «դրա հետևանքները ծառայում են ոչ թե մեզ, այլ մեր թշնամիներին»:

Հարգելի՛ս, գուցե քո նման «իշխանական կերակրամանից սնվողների» վրա չի ազդի, բայց մի՛ մոռացիր, որ մեր երկրի բնակչության 40 տոկոսն աղքատության մեջ է ապրում, իսկ մնացածները կամ արտագաղթում են, կամ էլ մի քանի տեղ են միաժամանակ աշխատում, որպեսզի հազիվ ծերը ծերին կպցնեն: Եվ նույնիսկ 4-5 դրամի տարբերությունը էս մարդկանց համար արդեն իսկ շատ կարևոր է: Երկրորդ` էլեկտրաէներգիայի թանկացումն անշուշտ բերելու է ապրանքների թանկացմանը, և դա հասկանալու համար տնտեսագետ լինել պետք չէ: Երրորդ` էլեկտրաէներգիայի թանկացման (և ոչ միայն էլեկտրաէներգիայի) միակ պատճառը երկրի ռեսուրսների սխալ կառավարումն է և գործող իշխանությունների` ի դեմս Սերժ Սարգսյանի, «քաղաքական իմպոտենցիան է», ինչպես նաև «մեկ օլիգարխի տնտեսություն կառուցելու» միտումը: Իսկ ինչ վերաբերվում է լռելուն, որպեսզի «մեր թշնամիները չօգտվեն մեր դժգոհությունից», ապա ասեմ, որ հենց մեր լռությունն է աշխատում ի շահ մեր թշնամիներին: Եվ Ալիևի վերջին հայտարարությունը դրա վառ ապացույցն է:

Վերջին 6 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի քայլերի արդյունքում մեր երկրում ուղղակի ապշեցուցիչ տնտեսական անկում է գրանցվել, և հենց այդ անկումն է, որ ծառայում է ի շահ մեր թշնամիների: Եվ սահմանում գրանցված դեպքերը, ինչպես նաև տարբեր մակարդակի ուորլիքների և ալիևների հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Մեր երկրի թշնամուն պետք է փնտրել երկրի ներսում, և դա այն մարդն է, ով, հայտնվելով երկրի նախագահի աթոռին, իր անսկզբունքային քաղաքականությամբ քայքայում է մեր երկրի տնտեսությունը և արժեզրկում մեր հեղինակությունը միջազգային դաշտում, ինչպես նաև էն բոլոր մարդիկ, ովքեր կանգնած են էդ մարդու կողքին, և լեգիտիմացնում են իր քայլերը: Սրա՛նք են մեր երկրի թշնամիները, այլ ոչ թե ինչ-որ մութ ուժեր:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը