Կարծիք

17.06.2014 13:36


«Խաղաղության և պատերազմի կուսակցությունները»

«Խաղաղության և պատերազմի կուսակցությունները»

2008 թվականին գալով իշխանության՝ Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի ապացուցի, որ նա տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից, և առաջին հերթին տարբերվում է նրանով, որ նա «խաղաղության աղավնի» է, այսինքն՝ մի գործիչ, ով ձգտում է բարիդրացիական հարաբերություններ ապահովել մեր հարևանների հետ, և, ի տարբերություն նախորդ իշխանությունների, զերծ է մնալու կոշտ քաղաքականությունից, ինչը, ըստ Սերժ Սարգսյանի, թույլ կտար մեզ խուսափել խնդիրներից ու պատերազմի վերսկսման վտանգից:

Սարգսյանն իրեն, փաստացի, ներկայացնում էր որպես «խաղաղության կուսակցության» կամ «խաղաղության ուժի» առաջնորդ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ իրականում դա «պատերազմի կուսակցությունն» է:

Իր առաջին իսկ քայլերից մեկով Սերժ Սարգսյանը հանձնեց մեր համայնքը Ջավախքում: Ինչպե՞ս հանձնեց: Մեր երկրում փակվեց այն կառույցը, որը տարիներ շարունակ համակարգում էր մեր հայրենակիցների գործունեությունը Ջավախքում, մի կառույց, որը թույլ էր տալիս մեզ Երևանից ազդել Վրաստանի քաղաքականության վրա և մեր երկրի շահերին համապատասխանող որոշումներ պոկել վրաց իշխանություններից: Բայց Սարգսյանը որոշեց, որ դա մեզ պետք չէ, որովհետև «կարող է՝ զայրացնենք մեր հարևաններին», և արդյունքում մեր հայրենակիցներն անտեր մնացին: Դա էլ թույլ տվեց Սահակաշվիլիին ջարդել հայկական կառույցները Ջավախքում, իսկ առավել ակտիվ գործիչներին՝ ուղղակի բերդում փակել: Սա էր «խաղաղության աղավնի» գործունեության առաջին արդյունքը:

Երկրորդ կետով, փաստացի, հանձնվեց Ցեղասպանության հարցը, որովհետև մենք ստորագրեցինք մի փաստաթուղթ, որը պարտավորեցնում էր մեզ ստեղծել թուրքերի հետ համատեղ պատմաբանների հանձնաժողով: Այս ֆիասկոն թույլ տվեց թուրքերին ակտիվորեն փորձել խառնվել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բանակցություններին:

Երրորդ ձախողումը դարձավ տխրահռչակ «և-և»-ի քաղաքականությունը, որը բերեց նրան, որ «խաղաղության աղավնին» մեր երկիրը սարքեց «իզգոյ» թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի համար, ու այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ թե՛ ռուսները, թե՛ Արևմուտքը մեզ դրդում են զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, ինչը, եթե ոմանք չեն հասկանում, կհանգեցնի պատերազմի, քանզի միայն ապուշը չի հասկանում, որ Ալիևը չի սահմանափակվի Ղարաբաղով: Սրան ավելացնենք նաև այն, որ երկրի տնտեսությունն ուղղակի ոչնչացված է, իսկ արտագաղթն ավելի շատ տեղահանում է հիշեցնում:

Ահա այսպես «խաղաղության աղավնին» մեզ բերեց ու պատերազմի վերսկսման վտանգի առջև կանգնեցրեց: Գոնե այսքանից հետո բոլորը պիտի հասկանան, որ մեզ անհրաժեշտ է մի իշխանություն, որը չի լինի հանձնող, այլ կլինի կոմպլեմենտարիզմի քաղաքականության շարունակող, որը կկարողանա մեր երկիրը ոտքի կանգնեցնել, ու մենք դուրս գանք այս իրավիճակից:
Հայաստանն արտաքին ուժերի հետ՝ կոմպլեմենտարիզմի, իսկ մեզ ոչնչացնել ցանկացողների հանդեպ՝ կոշտ քաղաքականության այլընտրանք չունի: Բայց այս գործող վարչակարգը սա չի կարող անել: Հետևաբար, պետք է իրենք հեռանան, իսկ մենք պետք է ստեղծենք այդ հեռանալու գործընթացն իրականացնելու համար բոլոր պայմանները:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը