Կարծիք

17.06.2014 10:06


Այս անգամ արդեն Սերժ Սարգսյանի թեման է օրակարգային դառնում

Այս անգամ արդեն Սերժ Սարգսյանի թեման է օրակարգային դառնում

Երբ «քառյակը» հրապարակեց իշխանություններին հասցեագրված իր 12-կետանոց պահանջ-հայտարարությունը, վերջիններիս առաջին ռեակցիան ոչ միայն բավականին զուսպ էր, այլև՝ շատ դրական տոնայնությամբ, թե տեսեք՝ հազիվ մի կառուցողական ընդդիմություն ունեցանք, որի հետ կարելի է աշխատել, քանի որ ոչ թե հրաժարականների պահանջ են դնում, այլ՝ կոնկրետ հարցեր առաջ քաշում, որոնց շատ կետեր միանգամայն ընդունելի են:
Ի դեպ, դրական արտահայտվեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Բայց երբ Սերժ Սարգսյանը փակվեց սենյակում ու մանրամասն հաշվեց, թե իր անձնական բիզնեսի որքան մասից պետք է ստիպված լինի հրաժարվել, և հասկացավ, որ դա ահռելի գումար է կազմում, նույն Շարմազանովը հիշեց, որ ինքը նաև համատեղության կարգով ՀՀԿ խոսնակն է, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի անձնական խոսնակը, ու «քառյակի» պահանջները որակեց պոպուլիստական: Այսինքն, Սարգսյանը Շարմազանովի բերանով հասկացնել տվեց, որ պահանջները կատարել չի պատրաստվում:
Դե իհարկե, «քառյակի» պահանջները Ազատիչի համար անընդունելի են, քանզի ինչպե՞ս հրաժարվես Որոտանի կասկադի սեփականաշնորհումից, ինչի արդյունքում միլիոնավոր դոլարներ են մտնելու Բաղրամյան 26–ում բուն դրած «ամերիկացիների» գրպանը։
Ախր ինչպե՞ս Սարգսյանը հրաժարվի փողոցի վրա կարմիր գծեր քաշելով մարդկանցից փող հավաքելուց, կամ էլ արագաչափերի նման թանկանոց ֆոտո աշխատացնելուց:
«Քառյակի» նախորդ պահանջի ժամանակ պարզ էր, որ շուրջօրյա հանրահավաքներն, ի վերջո, վերաճելու էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի։
Տիգրան Սարգսանին պաշտոնանկ անելով՝ Սարգսյանը մի փոքր դադար առնելու և շունչ քաշելու հնարավորություն ստացավ, բայց ոչ ավելին։ Պայքարը շարունակվում է, և այս անգամ արդեն թիրախն այլ է։
Հիմա Սարգսյանն ի սկզբանե հայտարարում է, որ այլևս իմաստ չունի Կառավարությունից սպասել 12 կետերից ինչ-որ մասի կատարում, քանի որ հենց ինքն է դեմ այդ պահանջների կատարմանը: Սա նշանակում է, որ թեպետ «քառյակը» ֆորմալ առումով սպասելու է իր տված ժամկետի ավարտին՝ մինչև սեպտեմբերի վերջ, սակայն ընթացքում էլ հասկանում է, որ իր պահանջները չեն կատարվելու, ապա Սերժ Սարգսանի հրաժարականի պահանջով զանգվածային հավաքների նախապատրաստական աշխատանքները պետք է սկսել հիմիկվանից, ու հարկավոր է հասկանալ, որ նման բարեհաջող շանս միայն կարող էինք ստանալ Սերժ Սարգսյանի անսահման ագահության շնորհիվ։

Արմեն Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը