Կարծիք

15.06.2014 15:00


Էդվարդ Անտինյան. «Պետության երդիկից հանեք գողին»

Էդվարդ Անտինյան. «Պետության երդիկից հանեք գողին»

Խորհրդային միության հոգեվարքի տարիներին սկիզբ առավ միութենական հանրապետությունների անկախության շքերթը՝ խորհրդարանների որոշումներով ԽՍՀՄ-ից դուրս գալու տեսքով: Այդ ժամանակներում, թեպետ մեր մոտ էլ շտապողների պակաս չեր զգացվում, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու էլի մի քանիսն այն հաստատակամ կարծիքին էին, որ չպետք է բավարարվել հապշտապ որոշումներով (մանավանդ, որ անկախության հռչակագիրն արդեն ընդունվել էր 1990թ. օգոստոսին), այլ հարկավոր էր այն ժամանակվա օրենքներին համապատասխան, հանրաքվեի միջոցով ամրագրել մեր ժողովրդի կամարտահայտությունը։

«Համաձայն ենք, որ ՀՀ-ն լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս» հարցն էր դրվել հանրաքվեի։ 1991թ. սեպտեմբերի 21-ին մեր հանրության ճնշող մեծամասնությունն ասեց «այո»:

Չշտապելու և հաստատուն քայլերով գնալու հիմնավորումն այն էր, որ պետք չէ ոգևորվել Խորհրդային միության թուլացած վիճակից, կարող է գալ մի պահ, որ Ռուսաստանն այնքան հզորանա, նրա կառավարման ղեկը մի այնպիսի գործչի ձեռքն անցնի, որը հավակնություններ ունենա վերականգնելու ԽՍՀՄ-ը և փորձի անօրինական համարել նրա կազմից դուրս գալու միութենական հանրապետությունների խորհրդարանների որոշումները, իսկ մենք չկարողանանք միջազգային ատյաններում պաշտպանել մեր իրավունքները:
Ի դեպ, մեր հանրաքվեից 3 ամիս էլ չանցած երեք սլավոնական հանրապետությունների ղեկավարները Բելովեժսկայա պուշչայում հավաքվեցին ու լուծարեցին ԽՍՀՄ-ը:

Զավեշտ այն է, որ երբ Խորհրդային միության լուծարման որոշումից շուրջ 9 ամիս առաջ Միխայիլ Գորբաչովը մի հուսահատ քայլ կատարեց՝ ԽՍՀՄ-ը պահպանելու հանրաքվե կազմակերպելով, Ռուսաստանը, Ուկրաինան և Բելոռուսը ոչ միայն ակտիվորեն մասնակցեցին դրան, այլև ջանացին Խորհրդային միությունը փրկել ավելի քան 70 տոկոս «կողմ» ձայներով: Մինչդեռ, մի քանի հանրապետություններ, այդ թվում նաև Հայաստանը, չմասնակցեցին հանրաքվեին, պատճառաբանելով, որ արդեն հռչակել են իրենց անկախությունը, ուստի չեն կարող մի միջոցառման մասնակցել, որի նպատակը ԽՍՀՄ-ը պահպանելն է:

Անցան տարիներ, և հիմա ՌԴ ամենաբարձր պաշտոնյաների բերանից լսում ենք, որ ոչ միայն լավ կլիներ ԽՍՀՄ-ը չփլուզվեր, կամ էլ՝ լավ կլինի վերականգնվի, այլ, որ Խորհրդային միությունը լուծարելը սխալ էր, իսկ այդ որոշումն՝ անօրինական: Իսկ այս մտքից մինչև ԽՍՀՄ վերականգնման որոշում կայացնելը՝ մեկ քայլ է: Մանավանդ, որ մի ձեռքումդ միջուկային մարտագլխիկով հրթիռն է, մյուսում՝ գազի խողովակը:

Ցավոք, առաջին նախագահի հեռատեսությունը, առանձնապես չի օգնում մեզ, քանի որ միջազգային ատյաններում մեր երկիրը ներկայացնում է Սերժ Սարգսյանը, ով պատրաստվում է դա անել այժմ և միշտ ու հավիտյանս հավիտենից։ ՀՀԿ ղեկավարն արդեն մեր երկրի ներսում կոսմիկական արագությամբ վերականգնում է ԽՍՀՄ-ը՝ իր վարքուբարքով, դեմագոգիայի մակարդակով, տնտեսական կացութաձևով, կառավարման վարչահրամայական մեթոդներով և միակուսակցական համակարգով:
Հիմա ինչպե՞ս օգտագործենք մեր այն առավելությունը, որ ժամանակին 15 միութենական հանրապետություններից միայն մենք ենք Խորհրդային միության կազմից դուրս գալը ամրագրել հանրաքվեի միջոցով՝ պահպանելով բոլոր իրավական ընթացակարգերը, երբ Սարգսյանն իրեն ոչ թե ՀՀ նախագահ է պատկերացնում այլևս, այլ՝ Պուտինի տեղապահ մեր երկրում:

Հայտնի ժողովրդական խոսք կա. «Գողը, որ տանից է լինում, եզը երթիկով են հանում»: Իսկ մեր պարագայում գողն ավելի առաջ է գնացել ու տունն է գողացել, և ով այս վիճակին չի հաշտվում՝ հերթով երթիկից հանում է նրանց:

Հիմա ընտրությունը մերն է. կուչ եկած մնանք տան մի անկյունում, որպեսզի զավթիչին չզայրացնե՞նք, երթիկով դո՞ւրս գանք, թե՞ աշնանը միանանք մեր տունն ազատագրելու պայքարին:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202389351717644

Այս խորագրի վերջին նյութերը