Կարծիք

13.06.2014 02:19


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ «ՓՈՂՈՑՆ» ՈՒ ՌԱՑԻՈՆԱԼ ՎԱՐՔԱԳԻԾՆ Է

Երբ «քառյակը» հրապարակեց իր 12 կետանոց հայտարարությունը, հնչեցին տարբեր կարծիքներ՝ դրականից մինչև բացասական։ Մի կողմ թողնելով պատվիրված հարձակումները, կարող ենք փաստել, որ հանրային սպասումները հենց «քառյակից» են։

Պարզ է, որ պահանջ–հայտարարությունը չորս տարբեր քաղաքական ուժերի միջև կոմպրոմիսի արդյունք է, իսկ դա քաղաքական նոր մշակույթ է՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով էր փաստաթուղթն անթերի։ Սրանով սկիզբ է դրվում մի ձեռնարկի, որ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները հարկավոր է քննարկել ու լուծումներ գտնել միահամուռ ուժերով ու համաձայնեցված, այլ ոչ թե առավոտից երեկո թմբկահարել, թե դրանք մի կուսակցության ուժի գործ չեն, բայց ոչ մեկի հետ չխորհրդակցելով և համաձայնության չգալով ցանկացած որոշում կայացնել միանձնայա:

Իշխանափոխությանը պետք է նախապատրաստվել մանրակրկիտ, որ լայն քաղաքական ու քաղաքացիական համախմբումը հավատ ներշնչի հասարակության մոտ: Իսկ հետևողական պահանջներով առաջ գնալը նաև անցնցում իշխանափոխության լավ հիմք է։

Փաստորեն, Սերժ Սարգսյանին տրվել է վերջնաժամկետ և գործողությունների ծրագիր, որի մեջ չկա սահմանադրական փոփոխություններին վերաբերող կետ, ինչը նշանակում է, որ քառյակը սեփական օրակարգն է առաջարկում հանրությանը։ Շատերի համար է պարզ, որ ոչ մի պարագայում պայքարող ուժերը չպետք է ներքաշվեն սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ, այն հաշվարկով, որ քննարկումների արդյունքում ավելի արդյունավետ կառավարման համակարգ կունենանք:

Նման մի հրաշալի փաստաթուղթ գրքի տեսքով ժամանակին պատրաստել է անգլիացի հումանիստ Թոմաս Մորը, որի «Ուտոպիա» աշխատությունը շուտով հինգ հարյուր տարեկան կլինի: Հիմա հո չե՞նք պատրաստվում հեղինակից ավելի ուտոպիստ լիել: Չէ՞ որ նրա փայլուն մտքերն ու բարի ցանկություններն իրականություն չդարձան, փոխարենը մեծ մտածողին իր երևակայական կղզուց «վերադարձրեցին» դաժան իրականություն ու մահապատժի ենթարկեցին:
Այո՛, իշխանություններն ամեն ինչ ունեն վերարտադրվելու համար, բացի մի բանից՝ հասարակական աջակցությունից: Եվ որքան շատ են կուտակում վարչական լծակներն ու նյութական միջոցներն իրենց ձեռքում, նույնքան էլ հասարակական ատելությունն է կուտակվում իրենց հանդեպ: Ուստի, եթե ուզում ենք ազատվել սրանցից, ապա պետք է հաղթենք «փողոցում»՝ ժողովրդական լայն զանգվածների ընդվզման արդյունքում: Իսկ, եթե մեր հրապարակային պայքարը փոքրացնենք ու տեղավորենք քվեատուփի մեջ, ապա այդ դեպքում կմտնենք Սերժ Սարգսյանի վարչակազմի դաշտ։ Իսկ այդտեղ հաղթել հնարավոր չէ՝ ցանկացած հսկողության ու լավագույն օրենքների պայմաններում անգամ:

Եվ այնպես չէ, որ «փողոցի» ճնշումը գալու է փոխարինելու ընտրություններին: Բայց գոնե մի անգամ, գոնե այս անգամ մեր ժողովուրդը պետք է տեսնի իր ձայնի ուժը, վայելի հաղթանակի բերկրանքը, նոր դրանից հետո ամեն ինչ արվի, նաև համապատասխան օրենքները փոխվեն, որպեսզի ժողովրդավարական ձեռքբերումները լինեն անդառնալի՝ օրենքի առաջ բոլորի հավասարությունն էլ դառնա կենսակերպ:

Կարծում եմ՝ «քառյակի» առաջ քաշած պահանջներն ու ժամանակացույցը ռացիոնալության մեջ են տեղավորվում և համապատասխան վարքագծի դեպքում կարող են հանգեցնել հաջողության։

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202376725642000

Այս խորագրի վերջին նյութերը