Մեկնաբանություն

11.06.2014 09:18


«Սահմանադրական» քաջնազարություն

«Սահմանադրական» քաջնազարություն

Ինձ թվում է՝ շուտով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար Սերժ Սարգսյանը Շարմազանովի բերանով կհայտարարի, որ այդ փոփոխությունները պետք են նրա համար, որ արեւը դուրս գա արեւելքից եւ մայր մտնի արեւմուտքում (չնայած բոլորի համար էլ պարզ է, որ եթե սահմանադրական փոփոխություններ չիրականացնենք, ապա արեւը կշարունակի դուս գալ արեւմուտքից, ինչպես հիմա է):

Կամ՝ միայն սահմանադրական փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի սանձել բնական աղետները՝ ջրհեղեղներից մինչեւ կարկուտ, փոթորիկներից մինչեւ երաշտ:

Մի խոսքով, քաջնազարությունը թափով շարունակվում է: Ինչևէ։

Սպասելի էր իշխանությունների արձագանքը ոչիշխանական չորս ուժերի հրապարակած 12 կետից բաղկացած պահանջ-հայտարարությանը:

«Ամենակարևորը՝ չկար այսօրվա ամենակարևոր հարցի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չորս կուսակցությունների տեսլականը, որովհետև այս 12 կետերի լուծումը մեծ մասամբ կապված է հենց սահմանադրական բարեփոխումների հետ»,- անդրադառնալով քառյակի պահանջներին եւ նկատելով ամենակարեւոր «բացթողումը»՝ հայտարարել է Է. Շարմազանովը:

Այն, որ ոչիշխանական ուժերը հազար անգամ հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են սահմանադրական փոփոխությունները եւ ընդհանրապես այդ գործընթացը արհեստական է եւ պետք է բոյկոտել եւ չմասնակցել դրան՝ լսել է ողջ հանրությունը:

Պարզվում է, Շարմազանովը եւ նրա առաջնորդը չեն լսել: Իհարկե, լսել են եւ հազար անգամ:

Ուրեմն՝ եթե ոչիշխանական ուժերը սահմանադրական փոփոխությունները մերժում են, ինչպե՞ս կարող են նման «տեսլական» ունենալ: Հետեւաբար, ինչպե՞ս կարող էին չունեցած «տեսլականը» ներառել իրենց պահանջների շարքում:

Պահանջում են այն, ինչը կարեւորում են եւ համարում, որ դրանց լուծումներին հասնել հնարավոր է, եթե իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն եւ փորձեն լուծել առաջադրված խնդիրները:

Սահմանադրական փոփոխությունների հարցը քառյակի համար ոչ միայն անկարեւոր է, այլեւ գտնում են, որ դրանով Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն փորձելու են իրենց վերարտադրության հարցը լուծել: Ուրիշ ոչինչ:

Սա իրողություն է եւ նման պարագայում ուղղակի զավեշտական է մատնանշել քառյակի այս «բացթողումը»: Ի՞նչ է, քառյակն իր փաստաթղթում պետք է 13-րդ կետն ավելացներ ու այդպիսով նպաստեր իշխանության վերարտադրությա՞նը:

Պակաս զավեշտական չէ Շարմազանովի արտահայտած երկրորդ միտքը, թե 12 կետերի լուծումը մեծ մասամբ կապված է հենց սահմանադրական բարեփոխումների հետ:

«Կուտակայինից» պարտադիր բաղադրիչը հանելը, տեսանկարահանող սարքերի ու կարմիր գծերի համակարգի վերանայումը (մի ընկերության կողմից թալանի կանխումը), «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքը՝ առանց ԱԺ հավանության բացառելը, տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացում թույլ չտալը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի սահմանումը, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալների կրկնապատկումը, «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրի եւ այլ խնդիրների հետ կապված հարցերի լուծումը, մասնավորապես՝ «Նաիրիտ»-ի անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորումը, Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունների փոփոխմանը միտված որեւէ համաձայնագրի չստորագրման պահանջը (եւս մի քանի խնդիրների հրատապ լուծումները), որոնք արտացոլված են քառյանկի փաստաթղթում՝ արդյո՞ք սրանք այն հարցերն են, որոնք պետք է լուծվեն միայն սահմանադրական փոփոխություններ կատարելու միջոցով: Իհարկե, ոչ:

Այս հարցերը անցած վեց տարիների ընթացքում հնարավոր էր լուծել, եթե իշխանությունները ցանկություն ունենային աշխատել եւ լուծել դրանք, կամ էլ աչքի չընկնեին ագահությամբ: Եւ գործեին ոչ թե ընդդեմ, այլ հանուն ժողովրդի:

Մի երկու տարի «համաշխարհային ճգնաժամ» ասելով խաբեցին, ոչ մի խնդիր չլուծեցին ու պետության վզին փաթաթեցին մի քանի միլիարդ դոլար պարտք, մի երեք տարի ոչ մի պատճառաբանություն չներկայացնելով՝ դարձյալ որեւէ խնդիր չլուծեցին (դատարկ խոստումներով կերակրեցին): Եվրաասոցացում խաղացին ու մտան Մաքսային միություն։

Դե հիմա էլ ՝ ամեն ինչ պայմանավորում են սահմանադրական փոփոխություններով:

Իրականում, ամեն ինչ պարզ է. սահմանադրական փոփոխությունների տակ ընդամենը պետք է հասկանալ ցմահ «գենսեկ»-ի պաշտոն ՀՀԿ առաջնորդի համար, իսկ մնացածի համար էլ՝ Մելիք-Ադամյան փողոցի թրի տակով անցնելու հնազանդություն։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը