Կարծիք

05.06.2014 13:29


Մերի Մովսիսյան. «Ամառը պետք է թեժացնել հունիսի վերջից»

Մերի Մովսիսյան. «Ամառը պետք է թեժացնել հունիսի վերջից»

Իշխանությունն ակտիվորեն պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների, որի վերջնակետը լինելու է սահմանադրական հանրաքվեն։ Հայ հասարակությունն էլ իր հերթին պետք է պատրաստվի, սակայն այլ տրամաբանությամբ։
Առաջին հերթին պետք է թույլ չտալ՝ գործը հասնի հանրաքվեին։ Իշխանության բոլոր ջանքերը՝ սահմանադրական փոփոխությունների փիարն ապահովելու «գեբելսյան» քարոզչամեքենայի շնորհիվ, պետք է բախվեն քաղաքացիական գիտակցության ընդդիմությանը։ Բացի դրանից, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տանող գործընթացը պետք է «վիժեցնել»։ Դրան կնպաստեն բողոքի ցույցերը, քաղաքացիների գիտակցության ընդդիմադիր դիրքորոշումը այս համատեքստում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ։ Շատ ցանկալի և ողջունելի կլիներ համազգային բացասական դիրքորոշումն իշխանությունների կողմից նախաձեռնած «բարեփոխումների» գործընթացին։ Մեջբերելով սահմանադրական փոփոխությունների հայր ու նախաձեռնող Սերժ Սարգսյանին՝ «Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի կամ Տաշիր» նրա վերընտրմանն ուղղված գործընթացը պետք է ֆիասկո ապրի։ Հակառակ դեպքում այն գաղափարը, որ մեր տներում կարմիր գծեր կհայտնվեն, կամ էլ մեր գրպան փայ կմտնեն, այնքան էլ ծիծաղելի չի լինի։
Այնուամենայնիվ, եթե գործը հասնի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ապա պետք է այն վերածել այս իշխանության վերջին օրվան։ Ճիշտ է, այս անգամ 5000 դրամի փոխարեն կառաջարկվի 10000 դրամ, բայց մի՛ ծախվեք ու մի՛ գայթակղվեք։ Հավատացնում եմ՝ այն «Առաջ դեպի ապահով Հայաստանը», որը ձեզ հրամցնելու են, չի բերի անգամ «Առաջ դեպի ապահով ծերություն»։ Եթե ավելի լուրջ, այն Հայաստանը, որում մենք կհայտնվենք սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ստալինյան 37-ից դժվար թե ինչ–որ բանով տարբերվի՝ հաշվի առնելով, որ բնակչության մեծ մասը գոնե 80% –ի չափով չի ընդունում ռեժիմը։
Հ. Գ. Ամառը կարծես թե հով է. այն պետք է թեժացնել հունիսի վերջից։
Հ. Գ. Յուրաքանչյուրիս գիտակցության մեջ պետք է ամրագրվի, որ սահմանադրական փոփոխություններին միտված գործընթացը պետք է բախվի համազգային դիմադրության, քանզի դա համազգային հարթության հարց է։ Երկրի գերագույն օրենքը չի կարող ի սպաս դրվել մեկի նեղ անձնական շահերին, չի կարող ապահովել մեկ անձի ու նրա նեղ շրջապատի իրավունքները...

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը