Կարծիք

03.06.2014 18:24


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ԵՍ ԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ, ԻՍԿ ԴՈ՞ՒՔ

Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ մի ուշագրավ «հայտնագործություն» արեց, որի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ. «Աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը»:

Ուրեմն, երբ այսքան տարի ասում ենք, որ այս բարդ տարածաշրջանի ու հարափոփոխ աշխարհի պարագայում անթույլատրելի է մեր երկիրը վասալային կախվածության մեջ գցել, որ չի կարելի ստորացուցիչ պայմանագիր կնքել 30 տարով Գազպրոմի հետ, պարզվում է իր պաշտոնավարման 6-րդ տարում, բազմաթիվ նման սխալներ թույլ տալուց հետո, Ս.Սարգսյանը վերջապես հասկացել է, որ աշխարհի զարգացումները բարդ են ու անորոշ: Բայց դա այդքան ուշ հասկանալուց հետո հարկավոր է հաճախել հատուկ դպրոց սովորելու, այլ ոչ թե սովորեցնող աշխատել, այն էլ, ոչ ավել ոչ պակաս՝ դիվանագետներին:

Իսկ երեկվա տհաճ անակնկալների դոզան դրանով չսահմանափակվեցին, ու իմացանք, որ ՌԴ-ն Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առաջարկություն է ակնարկում: Դե նա էլ չեմուչում է անում, սպասում՝ տեսնի ով է իրեն վերադարձնելու Ղարաբաղը՝ Արևմո՞ւտքը, թե՞ ՌԴ-ն, նոր որոշի ինչ կառույցի անդամակցի: Իսկ հիմա երկու կողմի համար էլ սեփական գինն է թանկացնում:

Մինչդեռ մենք խայտառակ կորուստներ ենք արձանագրում, թե երկրի ներսում, և թե աշխարհի հետ հարաբերություններում, մնացել է վերջին «բաստիոնը»՝ Ղարաբաղը:
Գաղտնիք չէ, որ Արցախյան հակամարտության կարգավորման համար կողմերին կոշտ լուծումներ չեն պարտադրվում, քանի որ աշխարհի ուժի կենտրոնների հակասություններն ու մեր տարածաշրջանի հանդեպ սեփական հետաքրքրությունները խորը հակասության մեջ են մեկը մյուսի հետ, մենք էլ ակամայից օգտվում ենք դրանից, ու ստատուս քվոն պահպանվում է ինքնստինքյան: Այլապես նորություն չէ, որ տևական ժամանակ չկարգավորված հակամարտությունները շատ հաճախ լուծվում են կարճատև պատերազմներով, արդյունքում՝ կողմերից մեկին գերտերությունների կողմից խաղաղություն պարտադրելով: Այժմ, թեպետ հակասությունները չեն պակասել, բայց մեր երկրի հանդեպ ձևավորվել է միասնական մոտեցում: Արևմուտքը ցանկանում է իրեն «քցողին» պատժել, քանի որ ժամանակին շատ բաների վրա է աչք փակել, կարծելով, թե Հայաստանը բռնել է եվրաինտեգրման ուղին, բայց սեպտեմբերի 3-ին համոզվեցին, որ «Սամոսան» հեչ էլ իրենց շան տղան չէ: Իսկ ՌԴ-ն էլ ինչ-որ ուզում էր մեզանից՝ ստացել է, հլա մի բան էլ ավել, ուստի որոշել է օգտագործելուց հետո դեն նետել, մանավանդ, որ ավելի շատ խնդիր ունի Ադրբեջանի հետ հարաբերությունները լավացնելու:

Հիմա յուրաքանչյուրս մեզ պետք է հարց տանք. այդ մե՞նք ենք «քցել» Արևմուտքին, օգտագործվել ու դեն նետվել Ռուսաստանի կողմից, թե՞ Սերժ Սարգսյանը: Մենք պաշտպանո՞ւմ ենք նրա քաղաքականությունը, թե՞ տարանջատվում նրանից ու հայտարարում, որ ձեր «օգտագործածը», եթե ձեզ պետք չի, ապա մեզ առավել ևս պետք չի:

Այնպես որ, հիմա մեր երկրում տեղի է ունենում արժանապատիվ մարդկանց հաշվառում, ու ոչ ոք թող չասի, թե իր ձայնից ոչինչ կախված չէ: Միայն այն, որ դեմ ես գործող նախագահի կողմից վարվող այս ազգակործան ներքին ու արտաքին քաղաքականությանը և պատրաստ ես պայքարի ելնել, երբ հարմար պահին քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց ջանքերը կմեկտեղեն ու «փողոց» կհանեն ժողովրդին, դա արդեն մեծ բան է:

Եվ, ինչպես ասում են՝ ես իմ ընտրությունը կատարել եմ, իսկ դո՞ւք:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202322882535956

Այս խորագրի վերջին նյութերը