Կարծիք

31.05.2014 10:12


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՈՀԱՐԱՐՈՒՀԻ ԿԱՐՈՂ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՐԿԻՐԸ, ԵԹԵ «ԳԱԶՕՋԱԽԻ» ՄՈՏ ԱՉՔԸ ՉԿՊՆԻ

Սերժ Սարգսյանի հերթական ձախողման ժամանակ փորձեցի մտաբերել, թե քանի անգամ եմ հրապարակավ հայտարարել, որ նա պետք է օր առաջ հեռանա: Եվ հարցն այն չէ՝ կկարողանա՞նք նրան պաշտոնանկության դրդել, թե ոչ, այլ այն, որ Ազատիչը ոչ մի պարագայում հրաժարական չի տա, եթե նրան դա չպարտադրենք: Ոչ թե միայն նրա համար, որ փողի խիստ կարիք ունի, կամ էլ ղեկավարելուց հաճույք է ստանում:

Ցավոք, մեր երկիրը 6 տարի ղեկավարում է մի անձնավորություն, որը դեռ թոշակի տարիքի չէ, իսկ հրաժարականից հետո չի իմանալու՝ ինչով զբաղվի:

Իրեն հարգող ցանկացած մարդ, եթե մի բան իր սրտով չի լինում, կամ էլ իր արժանապատվության ոտնահարման հաշվին պետք է աշխատի, հրաժարականի դիմումը շպրտում է ու անցնում այլ աշխատանքի:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է աշխատել Ս.Սարգսյանը: Գուցե մասնագիտական գործո՞վ զբաղվի. չէ՞ որ նա բանասեր է: Չնայած, ծիծաղելի բան եմ ասում: Ախր նա անգամ հասարակ բարևն է կարդում ու մի նախադասությունը մի քանի րոպեում արտաբերում, հո թարս խիյարի մասին դասախոսություն չի՞ կարդալու երիտասարդ բանասերների համար:

Գուցե կարող է լավ չինովնի՞կ լինել: Չէ՞ որ վերջին 20 տարին տարբեր բարձր պաշտոններ է զբաղացրել: Բայց դա այն ժամանակներում էր, երբ ուրիշները երկիրը ղեկավարում էին, իսկ ինքն իր չխոսկանությունը խորհրդավոր լռության տակ քողարկելով՝ աշխատեց որպես գորշ կարդինալ: Հիմա, երբ իր կերպարն ամբողջությամբ բացահայտված է, նրանից ի՞նչ չինովնիկ:

Ասում են՝ Սերժը լավ շախմատ է խաղում: Չնայած, մինչև մի քայլ անի, աչքը հարյուր անգամ կկպնի, մի պարտիան օրեր կտևի, նրանից ի՞նչ շախմատիստ:

Երևի միակ գործը, որ կարող է քչից-շատից նորմալ կատարել, դա հեռուստաեթերով «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշար վարելն է: Իր տեսքին նայող և իր խոսքը լսող երեխաները հաստատ կքնեն ձանձրույթից։ Ուղղակի մի խնդիր ունենք՝ կարող է ինքն ավելի շուտ քնի՝ դեռ երեխաներին չքնացրած:

Այո՛, մեր դժբախտությունն այն է, որ մեզ ղեկավարում է մի անձնավորություն, որը ոչ մի գործ անելու ունակ չէ: Նախագահ աշխատել էլ չի կարողանում, դրա համար էր իրեն հարկավոր Հայաստանը դարձնել խորհրդային մոդելի երկիր, որպեսզի կարողանա բոլորին աշխատեցնել հայտնի ասացվածքի ոգով. «ты начальник — я дурак, я начальник — ты дурак», որպեսզի առանց հարցեր տալու ու ընդդիմանալու՝ սուսուփուս ասածներն անեն: Այո՛, դա այն երանելի ժամանակներն էին, երբ, ինչպես ասում էր պրոլետարների առաջնորդ Վլադիմիր Իլյիչը, յուրաքանչյուր խոհարարուհի կարող է ղեկավարել երկիրը:

Մենակ չասեք, թե պաշտոնաթողությունից հետո շատ երկրների նախագահներ իրենց անունով գիտական հիմնադրամներ են ստեղծում ու գրադարաններ բացում: Ս.Սարգսյանը գրադարանում ի՞նչ է ցուցադրելու՝ կազինոյի ռուլետկա՞ն, թե՞ խաղաքարտերը:

Ախր, եթե գոնե տեղը հանգիստ սթրվեր, էլի կհամաձայնվեինք, որ մինչև պաշտոնավարման ավարտը իր աթոռին նստած հանգիստ քներ: Բայց դա էլ չի ստացվում, քանի որ քնից վեր է թռնում ու ինչ գեշ երազ տեսած է լինում, դրա տպավոության տակ մի անկապ որոշում է կայացնում ու մեզ կրակը գցում:
Չէ՛, որքան էլ ըմբռնումով մոտենանք, որ Ազատիչը գնալու տեղ չունի, մեկ է՝ մեր երկիրն այլևս նրան դիմանալու ռեսուրս չունի, ու նա պետք է հեռանա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1423897737882009&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը