Կարծիք

30.05.2014 15:18


Մերի Մովսիսյան. «Սարգսյանի շահերից բխող մի քանի խորհուրդ»

Մերի Մովսիսյան. «Սարգսյանի շահերից բխող մի քանի խորհուրդ»

Երբեք չէի մտածի, որ մի օր Սարգսյանի շահերի պաշտպանությամբ կզբաղվեմ, բայց, արի ու տես, որ ստիպված եմ։ Չեմ անդրադառնա երեկ Աստանայում տեղի ունեցածին։ Նման խայտառակ վիճակում, երևի, երկիրը հայտնվել է մեկ էլ 428 թվականին... ինչևէ... եղածը եղած է։
Ի՞նչ պետք է անի հիմա Սերժ Սարգսյանը։ Բառիս բուն իմաստով Բաղրամյան 26-ի պատշգամբից (եթե իրականությունից կրտվածությունը հասել է գագաթնակետին, կարող է կանգնել Մելիք–Ադամյանի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակի պատշգամբից։ Համայն հայությունը հաստատ ներողամիտ կգտնվի) հայտարարի, որ հրաժարական է տալիս։
Հիմա Սարգսյանի շահերից բխող մի քանի խորհուրդ։
Առաջինը՝ բոլորս հիշում ենք ցողունային բջիջները, գագաթաժողովներին խոր քուն մտնելը և այլն, և այլն, հետևապես, երկրի ղեկավարիս համար հրաժարականի ավելի լավ պատճառ, քան առողջական վիճակն է, հնարավոր չէ հորինել։ ՀՀ սահմանադրությունն էլ իրադարձությունների նման զարգացումներ նախատեսել է: Ճիշտ է, գուցե նա ցանկանար փոփոխել այն, սակայն ներկա փուլում ունենք այն, ինչ ունենք։
Երկրորդ՝ բոլորս մարդ ենք ու հասկանում ենք, որ վեց տարի շարունակ իշխանության ղեկին առանց լեգիտիմության գտնվելը և այն թողնելը սեփական անձի անվտանգության անհիմն վախեր է առաջ քաշում։ Բազմիցս ասվել է, որ համայն հայությունը չի պատրաստվում իր երկրի ղեկավարին ո՛չ մուբարաքացնել, ո՛չ քադաֆիացնել, ոչ էլ անգամ յանուկովիչացնել։ «Մեյդան» հանելու ցանկություն էլ չկա։ Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ինչ ունիկալ, վերջիվերջո։ Ո՛չ Ուկրաինա ենք, ո՛չ Լիբիա, ո՛չ Եգիպտոս, անգամ Ֆրանսիա չենք...
Երրորդ՝ հանգիստ ու անվտանգ հեռանալու երաշխիքներ, ինչպես ասվում է հայտնի երգում, տաս միլիոն հայ ենք մենք, տալիս ենք։ Անգամ ՀՀԿ–ական հնարավոր «դանակավորներին» միացյալ կվնասազերծենք, որ մեր երկրի ղեկավարը հանգիստ հեռանա իր վաստակած հանգստին։ Ամենայն անկեղծությամբ՝ կարծում եմ, որ ծերությունն արժանապատիվ ապահովելու թոշակ կնշանակվի։
Չորրորդ՝ համայն հայությունը, հարգելի՛ երկրի ղեկավար, հրաժարականն ինքնակամ նախաձեռնելու դեպքում Ձեր խորիմաստության ու հեռատեսության պատվին հրաժեշտի ճոխ ընթրիք ու տոնախմբություն կկազմակերպի։
Հինգերորդ՝ երեկվա մասին, միանշանակ, բոլորը կմոռանան, եթե վերը նշված առաջին կետից օգտվի։
Հրաժարական տալու առավել լավ ժամանակ ու առիթ, քան հիմա է, չկա։ Դիմացն ամառ է. ուրախ, զվարթ, առանց անիմաստ լարվածության՝ կարելի է հեշտ ու հանգիստ հրաժարական տալ։ Թե չէ, կգա աշուն, ժողովուրդը կսկսի լարվել մոտեցող ձմեռվա հոգսերից... Մնացածի մասին էլ չեմ ասում։
Հ. Գ. Անգամ դեմ չենք լինի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը» վանկարկելով։
Հ. Գ. Միքիչ էլ թող իրեն Գոլ զգա (խոսքը ֆուտբոլի «գոլ»–ի մասին չէ, գեներալ Շառլ դը Գոլի)։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը