Կարծիք

29.05.2014 17:20


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ «ՕԴՈՒՄ ԿԱԽԵՑ» ՂԱՐԱԲԱՂԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ «ՕԴՈՒՄ ԿԱԽԵՑ» ՂԱՐԱԲԱՂԸ

Այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծման պայմանագիրը, ինչպես և սպասվում էր, ստորագրեցին երեքով, իսկ Հայաստանն ընդամենը պատրաստակամություն հայտնեց միանալ հունիսի 15-ին:

Հաստատվեց նաև այն տեսակետը, որ ՀՀ-ն կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին՝ առանց Ղարաբաղի: Ու, եթե Սերժ Սարգսյանը ժամանակ է խնդրել, ապա միայն նրա համար, որպեսզի գա ու համոզի, թե սա շատ լավ տարբերակ է մեզ համար: Իսկ երբ դրան չհավատանք, ապա պալատական «սազանդարները» մեզ կհիշեցնեն, որ ինչպես պնդել են այսօր Աստանայում, Հայաստանը կարող է անդամակցել ճիշտ այնպես, ինչպես 2003-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն փորձելու են բացատել, թե ոչ մի նոր բան այստեղ չկա և Ս.Սարգսյանից առաջ արդեն նման քայլ եղել է: Բայց, տարրական տրամաբանություն ունեցողը կարող է հասկանալ, որ ԱՀԿ-ն ու ԵԱՏՄ-ն երկրների միջև փոխհարաբերությունների միանգամայն այլ ռեժիմներ են:

ԱՀԿ-ն տնտեսական միություն չէ, այլ՝ ընդամենը պետությունների միջև առևտրի ավելի բարենպաստ պայմաններ ապահովող համագործակցություն, իսկ ԵԱՏՄ-ն դա տնտեսական տիրույթ է՝ կոշտ խաղի կանոններով: Իսկ այս պարագայում հնարավոր չէ, որ ԵԱՏՄ-ի մաքսային սահմանները միասնական ռեժիմ չունենան, այլ ասենք՝ Ղարաբաղը, չհանդիսանալով ԵԱՏՄ անդամ, այսօրվա պես մեկ ընդհանրական տիրութ լինի Հայաստանի հետ: Չէ՞ որ այդ պարագայում ապրանքները կարող են անարգել ներթափանցել Ղարաբաղ, իսկ բաց սահմանով՝ Հայաստան, այսինքն ԵԱՏՄ-ի տարածք, ինչն ուղղակի կհակասի անդամ պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություներին: Իսկ ԵԱՏՄ-ն չի կարող Ղարաբաղի մյուս սահմանները ամուր փակել, ազատ թողնելով միայն Հայաստանի հետ սահմանը, քանի որ դա անհնարին է՝ Ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու պարագայում: Մնաց, որ աստիճանաբար Ղարաբաղին մեկուսացնեն այն աստիճան, որպեսզի մենք համոզվենք, թե միակ ճիշտ ուղին, որպեսզի Ղարաբաղն էլ լինի ԵԱՏՄ անդամ՝ Գյուլիստանի պայմանագրով ՌԴ-ի կազմ մտնելն է, ինչի արդյունքում արդեն մեր միջև կլինեն բաց սահմաններ: Այսինքն այս 15 օրը Ս.Սարգսյանին հարկավոր է, որ կամ մեզ բացատրի, որ ուրիշ ճանապարհ չունենք, կամ վերջնականապես համոզվի, որ ինքն այդ քայլին գնալու ո՛չ իրավունք ունի, ո՛չ էլ հնարավորություն, որ հազարավոր զոհերի, ավերածությունների, արտագաղթի և էլի շատ ու շատ զրկանքների գինը չի կարող լինել Ղարաբաղը ՌԴ-ի կազմի մեջ մտնելը:

Ցավոք, մենք այնպիսի շեշտակի արագությամբ ենք ԽՍՀՄ-ը վերականգնում Հայաստանում, որ հիմա էլ այդ հարցում են ՌԴ-ի ղեկավարները զարմացած, քանի որ ամենուր իրենք հայտարարում են, որ ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրություն չունեն, բայց պարզվում է Սերժ Սարգսյանն ունի: Մեկ առանձին վերցրած երկրում ԽՍՀՄ կվերականգնի, միայն թե դա իրեն օգնի աթոռը փրկել:

Դե ինչ, սպասենք բացատրությունների, թե առաջիկում ի՞նչ կերպ ենք մտնում ԵԱՏՄ, կամ մտնում ենք, թե ոչ, եթե մերժվի Ղարաբաղի անդամակցությունն այդ կառույցին: Բայց մի հարցում պետք չէ տատանվել ու հապաղել. ամեն ինչ պետք է անել, որպեսզի այս իշխանություններն օր առաջ հեռանան, այլապես սրանցից ամեն մի վատ բան սպասելի է:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202280546997594

Այս խորագրի վերջին նյութերը