Կարծիք

29.05.2014 15:17


Ի ԳՈՐԾ, ՔԱՆԻ ԴԵՌ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՉԵՆՔ ԳՈՉԵԼ՝ Ի ԶԵՆ

Ի ԳՈՐԾ, ՔԱՆԻ ԴԵՌ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՉԵՆՔ ԳՈՉԵԼ՝ Ի ԶԵՆ

Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է մեծ քանակությամբ զենք վաճառել մեր թշնամուն, այդ թվում՝ հարձակողական: Բացատրությունը ինչպես միշտ «ալկապոնեաբար» է՝ սա բիզնես է, ոչ մի անձնական բան: Մինչդեռ, մենք չենք կարող առաջնորդվել մեր բիզնես շահերով, երբ դա թեկուզ աննշան հակասության մեջ լինի ՌԴ-ի շահերի հետ: Իսկ ինչո՞ւ մեր իշխանավորներն էլ չեն հայտնում իրենց դժգությունը ՌԴ-ի գործարքի հարցում, երբ դա ուղղակիորեն հարվածում է մեր երկրի կենսական շահերին: Ինչի մերոնք այդքան «պլոճիկ» ունե՞ն: Լռելով չեն կարողանում տեղատարափ հարցերի տակից դուրս գալ, իսկ գովել մեր թշնամու հետ զենքի գործարքը՝ դա էլ կլինի չափից ավելի: Լավ բա ի՞նչ անեն, որ տակից դուրս գան: Մտածեցին, մտածեցին ու՝ «էվրիկա~», ասացին, թե մենք դրական ենք վերաբերում Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենք վաճառելուն, քանի որ դրա կեսը մեր թշնամիները մեզ են թողնելու: Գյուտն այնքան իրենց դուր եկավ, որ մեկը մյուսի հետևից այս օրերին սկսեցին կրկնել այդ միտքը:

Բայց, նախ. այդ զենքը կանցնի մեզ, եթե հաղթենք պատերազմում, ու անգամ այդ պարագայում դա կլինի մեր հազարավոր երիտասարդների արյան գնով: Իսկ պատերազմի վտանքը դառնում է իրական, քանի որ Ադրբեջանն աստիճանաբար հզորանում է, իսկ մենք շեշտակի թուլանում՝ թե դիվանագիտական, թե ռազմական, և թե տնտեսական առումներով:

Նոր պատերազմին հանգեցինք այս իշխանությունների մեղքով, որոնց մեջ քիչ չեն ղարաբաղյան պատերազմը սեփականաշնորհած գործիչները, ովքեր այս քսան տարում այնպիսի ցոփ ու շվայտ կյանք վարեցին, որ ամբողջությամբ քայքայեցին իրենց առողջությունը՝ թմրանյութերով, դույլերով խմիչքով, ամեն օր մի խաշ-խորովածային տոնի մասնակցելով: Այնպես որ, գալիք պատերազմի ժամանակ, ուղղակի ասելու են, թե հաճույքով նորից կկռվեին, բայց այլևս առողջությունները չի ներում, հիմա էլ հերթն ուրիշներինն է:

Վստահ եղեք, որ իրենց երեխաներն էլ չեն գնալու կռիվ: Սահմանային այս բազմաթիվ միջադեպերի ընթացքում մի բարեկեցեիկ ընտանիքի երեխա զոհվել կամ վիրավորվե՞լ է: Մեր բանակը դարձել է բանվորագյուղացիական, բայց եթե բոլշևիկների օրոք այդպիսի բանակ ստեղծելը գաղափարական պահերով էր պայմանավորված, ապա «Վերջին բոլշևիկի» օրոք բանակն այդպիսին է դարձել, որովհետև միայն խեղճուկրակներին են ուղարկում սահմանի վրա կանգնելու։
Խաղաղ պայմաններում ամեն օր զոհ ենք տալիս սահմանին, և ինչպես տեսնում ենք, թշնամին ահաբեկված չէ մեր ինքնագոհ հոխորտանքներից, այլ գնալով ավելի է լկտիանում: Մինչդեռ 20 տարի առաջ նույն այդ թշնամին աղերսում էր, որ մենք զինադադարին համաձայնվենք, իսկ այսօր մենք ենք ամեն օր միջնորդներին հորդորում՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի ագրեսիվ պահվածք չդրսևորի:

Միայն մի առավելություն ունեինք թշնամու հանդեպ՝ մեր բանակի մարտունակությունը, որն ուղղակիորեն պայմանավորված էր մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտով:

Հիմա ինչի՞ շնորհիվ ենք հաղթելու, երբ նոր պատերազմը տանուլ ենք տվել, դեռ այն չսկսած, իսկ սկսելու ժամկետն էլ մենք չենք որոշում:

Բայց այս ապաշնորհ իշխանությունների՝ նոր պատերազմի դրդապատճառին ու թիվ մեկ պատասխանատուին, հեռացնելն իշխանությունից հո մե՞նք ենք որոշում: Իշխանափոխությունն անհրաժեշտ է պատերազմից խուսափելու, իսկ պատերազմի սկսվելու դեպքում՝ հաղթելու համար։

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1423452124593237&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը