Կարծիք

27.05.2014 14:59


Զանգահարեք ոչ թե 911, այլ՝ մոտակա ՀՀԿ–ականին

Զանգահարեք ոչ թե 911, այլ՝ մոտակա ՀՀԿ–ականին

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՈՉ ԹԵ 911, ԱՅԼ՝ ՄՈՏԱԿԱ ՀՀԿ-ԱԿԱՆԻՆ

Հիշում եք, որ Արտակարգ իրավիճակների վարչության բազայի վրա մի հզոր նախարարություն ստեղծվեց: Հետագայում հասանք նրան, որ կարելի էր չզանգահարել 1-01, 1-02 կամ 03, այլ՝ միանգամից 911:

Այո՛, ազգիս բազմակողմանի փրկությունը հայտնվեց «ընդմիշտ իշխանության կողքին» կարգախոսով առաջնորդվող և շոու–նկարահանումների մեծն վարպետ Արմեն Երիցյանի հուսալի ձեռքերում: Հիմա Սերժ Սարգսյանն առաջարկում է մոռանալ Երիցյանի գրասենյակի հասցեն ու հեռախոսահամարը և էքստրեմալ պահերին դիմել այլ հասցեով։ Ցանկացած արտակարգ իրավիճակի պարագայում, ըստ ՀՀԿ ղեկավարի, հարկավոր է զանգարահել մոտակա ՀՀԿ-ականին, չէ՞ որ, ինչպես ասում են. «Գյուղ չկա, որ ՀՀԿ-ական չլինի»: Բայց Ս.Սարգսյանը ՀՀԿ համագումարի ժամանակ մի հոգու անուն տվեց Գոշ գյուղից, որը, հետո պարզվեց, որ ՀՀԿ-ի վրա ոչ հույս է դրել, ոչ էլ պատրաստվում է դնել՝ անգամ գործող նախագահի կողմից իր անունը հնչեցնելուց հետո: Որ ասում ենք Ազատիչի խոսքերին ոչ-ոք չի հավատում, կարծում էիք գույները խտացնո՞ւմ ենք:

Ս.Սարգսյանը վկայակոչում է մեկին, ով իր խոսքին չի հավատում: Եթե, ասենք, դատական պրոցեսում դատապաշտպանը վկա հրավիրեր, իսկ նա գար ու իր պաշտպանյալի դեմ խոսեր, ապա այդ փաստաբանին որպես պրոֆանպիտան ծեծելով կքշեին, իսկ մենք Սերժին գլխներիս ենք դրել ու հանդուրժում ենք:

Մարզահամերգային համալիրը ԲԱՄՕ ընկերության սեփականությունն էր դեռ 2005-ից: Նրան այս իշխանությունները 2009-ին տվեցին պետական երաշխիք՝ ռուսական վարկի շրջանակներում: Այդ փողերով ԲԱՄՕ-ն Սոչիում օլիմպիադայից առաջ հյուրանոցային համալիր կառուցեց, հարկերում էլ դիմանկարներ շարեց՝ Սերժ Սարգսյանի պատկերով ու նմանությամբ: Հետո էլ համալիրը հանձնեց մեր պետության գրպանից իրեն փող տված «տիրոջը», վերցրեց իր փայը, իսկ ընթացքում, որպես հաջող գործարքի պայմանավորվածության երաշխիք՝ 2010-ին ԲԱՄՕ-ի սեփականատեր Մուրադ Մուրադյանը նշանակվեց Իրաքում ՀՀ դեսպան, ՄՀՀ-ն էլ՝ պարտքերի դիմաց անցավ պետությանը: Հիմա հասկացա՞ք, թե ինչ արժանիքի համար է դիվանագիտությունից հեռու բիզնեսմենը դեսպան նշանակվում, երբ ձախողել է մեր երկրի երաշխիքով իրականացվելիք բիզնես պրոյեկտը: Դժվար չէ հասկանալ, որ նա իր պարտավորություններն Ազատիչի հանդեպ կատարել է բարեխղճորեն, իսկ Հայաստա՞նն այստեղ ինչ կապ ունի, ինչի այս տարածքը Ս.Սարգսյանի սեփականությունը չի՞: Հա~, դեռ չի, դրա համար պետք է նմանատիպ ժուլիկությամբ, մի քանի քայլանոց կոմբինացիայով, փոխել սահմանադրությունն ու ավարտին հասցնել ՀՀ-ի սեփականաշնորհման գործընթացը:

Մնում է ճշտել, թե ինչ համարով զանգահարենք, որպեսզի գան ու այս արտակարգ իրավիճակի էպիկենտրոնը վնասազերծեն, այլ ոչ թե վտանգը չեզոքացնեն Բաղրամյան 26-ում, փոխարենը նոր վտանգի օջախ թույլ տան Մելիք-Ադամյան փողոցում: Ասել է թե՝ ջրից դուրս գանք ջրհորն ընկնենք:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1422813131323803&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը