Կարծիք

26.05.2014 16:40


Մերի Մովսիսյան. «Եվ՛,…և՛»–ի արդյունքում մենք ստացանք «ո՛չ,...ո՛չ»

Մերի Մովսիսյան. «Եվ՛,…և՛»–ի արդյունքում մենք ստացանք «ո՛չ,...ո՛չ»

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, ավելի շուտ՝ Եվրասիական տնտեսական միությանը, ձգձգվում է։ Առավել հավանական է, որ Հայաստանն այդպես էլ չանդամակցի նշված նախագծին մի շարք պատճառներով, որոնցից առաջինը, մեծ հաշվով, մեզ այնտեղ տեսնելու Բելառուսի ու Ղազախստանի ցանկության բացակայությունն է։ Չեմ խորանա գործընթացի նմանատիպ շրջադարձի առանձնահատկությունների մեջ. պարզապես նշեմ հետևյալ շատ կարևոր հանգամանքը։ Ինչպես տեսանք, «և՛,…և՛»–ն իրեն չարդարացրեց, ու դրա բացասական հետևանքների մասին նախօրոք ասվել էր։ Բազմիցս մի շարք վերլուծաբանների կողմից նշվել էր, որ այս փուլում, երբ Հայաստանն, առավել քան երբևէ, գտնվում է ծանր վիճակում, «և՛,…և՛» խաղալը ոչ միայն ամբիցիոզ է ու անիրատեսական, այլև վտանգավոր։ Երկրի համար, որը թաղված է ներքաղաքական խնդիրների մեջ, լավագույն տարբերակը «ո՛չ,...ո՛չ»–ն էր՝ ո՛չ Եվրոպա, ո՛չ Ռուսաստան։ Արտաքին քաղաքականության մեր ձախողումներն, ինչպես միշտ, մեկ անձի նախաձեռնողականության հետևանք են։ «Եվ՛,…և՛»–ի արդյունքում մենք ստացանք «ո՛չ,...ո՛չ», բայց արդեն՝ վարկաբեկված, երկրի վարկանիշը կորցրած ու մի շարք այլ բացասական հետևանքներ։ Միայն այն փաստը, որ դաշնակից Ռուսաստանը (ճիշտ է՝ նա էլ մի բարի պտուղը չի) ՀՀ քաղաքացուն խալաթ հագցրեց ու ի ցույց դրեց աշխարհին, մեծ հաշվով, լուրջ քաղաքական մեսիջ էր մեզ։ Եկեք խոստովանենք, որ դա պատահական քայլ չէր Ռուսաստանի կողմից, այն էլ մեր ու Եվրոպայի բուռն «սիրախաղի» ժամանակ (հիշեցնեմ՝ 2013 թվականի ամառ)։ Հիմա մենք ունենք «ո՛չ», «և՛» այս կողմից, «և՛», «ո՛չ»՝ մյուս կողմից։

Հ. Գ. Հայաստանից ոչ Եվրոպան, ոչ էլ Ռուսաստանը չէին նեղանա, եթե մեր երկրի արտաքին քաղաքականությամբ զբաղվելու լիազորություններով օժտված անձինք իրենց «սուպերշուստրիների» տեղ չդնեին ու չիջեցնեին երկրի վարկանիշը ծովի մակերևույթից ցածր։ Ճիշտ է՝ Ղազախստանը հիացած չէ Հայաստանով (մեր ուշքն էլ նենց չի, որ գնում է), սակայն պետք է նշեմ, որ նախորդ տարվա հունվար ամսին Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը շատ տեղին խորհուրդ է տվել, որ մենք սկզբի համար լավ կանենք՝ մեր տնտեսության զարգացման մասին մտածենք, հետո նոր «ծանրաքաշների» հետ միասնական տնտեսական, այն էլ՝ մաքսային նախագծերի մասին մտածենք։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը