Կարծիք

22.05.2014 14:37


Մերի Մովսիսյան. «Տիգրան Սարգսյանը պետք է դատվի, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ քաղաքական կամք ցուցաբերի»

Մերի Մովսիսյան. «Տիգրան Սարգսյանը պետք է դատվի, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ քաղաքական կամք ցուցաբերի»

ԱԺ–ում այսօր քվեարկության է դրվելու Կառավարության կողմից ներկայացված ծրագիրը։ Չեմ ցանկանում անդրադառնալ Կառավարության ծրագրի բովանդակությանը։ Մեծ հաշվով, անգամ փայլուն, իրատեսական, ազգային ու պետական շահերից բխող համընդգրկուն ծրագիր ներկայացնելու դեպքում դրա գործնական իրականացումը շատ կասկածելի կլիներ։ Եթե հիշենք նախորդ կառավարության ծրագիրը, ապա այնքան էլ վատը չէր։ Ավելին ասեմ՝ դրա իրագործման պարագայում Հայաստանն անգամ Շվեյցարիային հետևում կթողներ։ Եկեք հաշվի առնենք, որ 7 % տնտեսական աճը լուրջ ցուցանիշ է (եթե, իհարկե, ընդգրկում է տնտեսական աճին հատուկ բոլոր ցուցանիշները, ոչ թե միայն հանքարդյունաբերության հաշվին, օրինակի համար)։ Սակայն, ինչպես տեսանք, այդ ծրագիրը ոչ միայն գործնականում չիրագործվեց, այլև հակառակը՝ ծաղրի առարկա դարձավ, իսկ երկիրն ընկավ խոր սոցիալ–տնտեսական ճգնաժամի մեջ։
Հիմա վերադառնանք նորանշանակ վարչապետի ու նրա գլխավորած կառավարությանը։ Առաջինը՝ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ չմեկնաբանելով ու գնահատականներ չտալով Տիգրան Սարգսյանի գործունեությանը՝ վտանգում է առաջին հերթին սեփական անձը, պաշտոնը և այլն։ Երկրորդ՝ անգամ այս լղոզված վիճակում ծրագրի իրականացումը բավականին բարդ գործ է դառնում։ Անկախ ամեն ինչից՝ ծրագրի որոշ դրույթներ ուղղված են երկրի սոցիալ–տնտեսական վիճակի բարելավմանը, որն առաջին հերթին ենթադրում է բիզնես ոլորտի ակտիվություն (իսկ դա նշանակում է Սահմանադրության 8-րդ հոդվածի գործառնության երաշխավորում)։ Եվ այստեղ է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի գործնականում իրականացումը բախվում է նախագահականի նեոբոլշևիկյան շահերին։ Բոլշևիկների համար ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ մասնավոր սեփականության գաղափար գոյություն չունի։
Հովիկ Աբրահամյանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի ու հրապարակային խոսի Տիգրան Սարգսյանի թողած ժառանգության մասին։ Համարձակության համար էլ խորհորդ եմ տալիս՝ աչքի տակ անցկացնի նրա հասցեին ու անձին ուղղված գեբելսյան քարոզչամեքենայի մամուլի քաղվածքը նրա վարչապետության առաջին րոպեից սկսած։ Նախագահականի քաղտեխնոլոգները ճիշտ է՝ լուռ են, սակայն ոչ անգործ. նրանք մեծ հավանականությամբ ներկայումս զբաղված են «Կառավարությունում ղեկավարելի քաոսի ծրագրի» մշակմամբ։ Ինչը շատ զգույշ ներդրվելու է գործադիր։
Հայաստանը հիմա գտնվում է մի այնպիսի փուլում, որ թղթի վրա գրվածը գործում է այն դեպքում, երբ օգտակար է նախագահականին։ Մյուս բոլոր դեպքերում ոչ մի իրավական ակտ ուժ չունի։ Նման երևույթին կարող է հակադրվել միմիայն առանցքային պաշտոններում գտնվող անձանց քաղաքական կամքի դրսևորումը մի կողմից, և միասնական ու կոնկրետ պահանջներ դնող համախմբված քաղաքական ուժերը՝ մյուս։
Հ. Գ. Նորանշանակ վարչապետը պետք է հասկանա, որ ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ նա Բաղրամյան 26-ից ոչ մի աջակցություն չունի։ Իսկ հաշվի առնելով ԱԺ–ում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընդդիմության կողմից հնչեցված մոտեցումները՝ Աբրահամյանը մնում է մեն–մենակ։ Իրավիճակից դուրս գալու միակ քիչ ռիսկային ճանապարհը մնում է ամենակարճ ժամկետներում ձեռնամուխ լինելու երկրում տնտեսական վիճակի բարելավմանը և նախորդ կառավարության գործունեությանը գնահատականներ տալը:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը