Կարծիք

20.05.2014 17:44


ՍԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ԵՎ ՎԵՐՋ

ՍԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ԵՎ ՎԵՐՋ

Մոտ մեկ ամիս առաջ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Եթե հաշվի առնենք, որ այդ մասին նույն օրը չէր, որ Սերժ Սարգսյանը տեղեկացավ, ապա դա արդեն կարելի է համարել տարօրինակ, որ այդ տրամաչափի բարձր ու պատասխանատու պաշտոնի համար համապատասխան թեկնածու չի գտնվում: Հաշվի առնելով, սակայն, գործող նախագահի բնավորությունը՝ պաշտոնները հարմարացնել կոնկրետ անձանց, կամ նորերը ստեղծել՝ կոնկրետ անձանց խաթեր համար (նախագահի խորհրդականի պաշտոնը կա ու կա), տարօրինակ ոչինչ չկա:

2008-ի նախագահական ընտրություններից հետո Ս.Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը առանձնահատուկ կարևորեց, որպեսզի դրանով Արթուր Բաղդասարյանի խաթրն առնի՝ ցույց տալով, որ եթե ինչ-ինչ պատճառներով չի կարող նրան նշանակել վարչապետ, ապա գոնե բավական մեծ լիազորություններ կապահովի նրա համար: Եվ, նախկինում ոչնչով աչքի չընկնող պաշտոնը կդարձնի կարևոր՝ իր ապարատով, առանձին մասնաշենքով և պետբյուջեից բավական լուրջ ֆինանսական հատկացումներով:

Հիմա ի՞նչ իմաստ ունի որևէ մեկին նշանակել ԱԱԽ քարտուղար՝ տալով այդչափ լիազորություններ, եթե Սերժ Սարգսյանին դեռ պարզ չէ, թե անձնապես ինչ սպասելիք ունի նշանակվելիք մարդուց: Չէ՞ որ դրանից է կախված, թե այդ պաշտոնն զբաղեցնող անձի լիազորությունները կավելանա՞ն, թե՞ կտրուկ կնվազեն:

Նույն պատկերն է նաև այլ ոլորտներում։ Մի՞թե Հանրային խորհրդի գոյությունը չի իմաստազրկվի հենց գործող նախագահի համար, եթե Վազգեն Մանուկյանը հրաժարական տա ՀԽ նախագահի պաշտոնից: Չէ՞ որ այդ կառույցն էլ ԱԺՄ ղեկավարի «հագով են կարել»: Եվ սրանք եզակի դեպքեր չեն:
Հիշեք, թե ինչ արագությամբ են որոշումներ կայացվում՝ գերատեսչություններ ստեղծելու կամ իրար միացնելու մասին, երբ այս կամ այն պաշտոնյան անցնում է այլ աշխատանքի ու դրանով իրավիճակ է փոխվում:

Մի՞թե կարելի է նման մտածելակերպ ունեցող ղեկավարի քմահաճույքով թույլ տալ, որ հիմա էլ «իր հագով» սահմանադրություն փոխի ու իր հավերժ կառավարելու ցանկությունն իրականացնի:

Այս ընթացքում Ս.Սարգսյանի ուշքն ու միտքը միայն սահմանադրության փոփոխություններն ի կատար ածելն է: Ինչից խոսում են, ինչ քայլ անում են՝ ենթատեքստում այդ հարցն է: Անգամ նոր կառավարության ծրագրում է այն ներառված, երբ ակնհայտ է, որ եկող տարի կլինի սահմանադրական հանրաքվեն, թե 2016-ին, անգամ, եթե ընդունվի, միևնույն է, այն զրոյական ազդեցություն կունենա այս կառավարության եռամյա ծրագրի կատարման վրա՝ թե դրական, թե բացասական իմաստով: Բայց սա վկայում է, որ նոր կառավարության գործունեության արդյունքը գործող նախագահը հենց հանրաքվեի հարցում նրա ցուցաբերած ջանքերով է պայմանավորելու, ոչ թե երկրի սոցիալ–տնտեսական վիճակի բարելավմամբ: Չէ՞ որ նախկին վարչապետին Ս.Սարգսյանը շատ-շատ շնորհակալություն հայտնեց, բայց ո՞ւմ չէր հասկանալի, որ ձախողված տնտեսական քաղաքականության հիմնական պատասխանատուին կարելի էր գովել միմիայն անձնական դրդապատճառներով պայմանավորված:

Ավելին, Ս.Սարգսյանի կողմից ստեղծված սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնախումբը հրապարակել է իր միջանկյալ զեկույցը, մնացածը գործող նախագահի որոշելիքն է, թե ինչ ընթացք տա դրան: Բայց հանձնախմբի ղեկավարը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր պարտքն է համարում պարբերաբար իրենց աշխատանքային խմբի տեսակետը հանրությանը ներկայացնել կամ տարբեր հանդիպումներ ունենալ և սեփական տեսակետը պնդել: Բայց մի՞թե դա մտնում է մասնագիտական խմբի գործառույթի մեջ:

Սա ևս վկայում է, որ Ս.Սարգսյանն ում պատահի ներգրավում է այս գործի մեջ, քանի որ սեփական ռեսուրսներն այլևս խիստ սակավ են՝ համոզիչ քարոզ կարդալու հարցում:

Պետք է նկատի ունենալ, որ այս իշխող քաղաքական թիմին, իր ղեկավարով հանդերձ, ուղղակի հակացուցված է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, և այս հարցում ոչ մի զիջում չի կարող լինել: Անկախ նրանից, թե ինչպիսի գեղարվեստական ձևերով փոփոխության անհրաժեշտությունը կներկայացնեն, չի հաջողվելու իրենց մանր ժուլիկությունը «խոշոր» մտքերի հետևում քողարկել:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202225333097281

Այս խորագրի վերջին նյութերը