Կարծիք

27.04.2014 19:01


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ԹԱՓՈՎ ՈՒ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

Նոր վարչապետի նշանակմամբ, եթե ոմանց մոտ ինչ որ սպասումներ առաջացան, ապա կառավարության կազմում մնացյալ նշանակումներով, ավելի ճիշտ՝ վերանշանակումներով, կարծում եմ, հօդս ցնդեցին այդ սպասումներն անգամ ամենաանհույս լավատեսների մոտ:
Պարզից էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը ոչ մի ռեֆորմի էլ գնալ չի պատրաստվում, վերարտադրվելու մտքից չի հրաժարվել ու այժմ էլ իշխանությունը ամեն գնով պահելը դարձրել է կենաց մահու խնդիր:
Այս տարիներին իշխանությունների կողմից հետևողական քայլեր են արվում, որպեսզի հասարակության դժգոհ ու ըմբոստ հատվածը երկրից հեռանա: Մյուս մասը՝ հիասթափվի տևական պայքարից, այդ թվում իր համար հաղթանակ չապահովող ընդդիմադիրներից, գա այն եզրահանգման, որ ոչինչ էլ չի փոխվելու, մի կողմ քաշվի և մտածի միայն իր հանապազօրյա հացի մասին:
Տևական պայքարից ու պարտություններից հիասթափված ժողովրդին գնալով ավելի դժվար է փողոց հանել՝ գեղեցիկ խոսքերով ու էնտուզիզմով: Ինչ խոսք, մի ակտիվ ու ագրեսիվ զանգված դուրս կգա, բայց, եթե բավարար աջակցություն չստանա՝ հերթական անգամ շարժումը կմարի:
Ուստի հաջողության հասնելու համար հարկավոր է հետևողական պայքարի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել փուլային տարբերակով: Առաջին փուլում «քառյակի» համատեղ կազմակերպված հանրահավաքներին կմիանան հիմնականում ակտիվ զանգվածն ու ոչիշխանական ուժերի համակիրները: Իսկ երկրորդ փուլում, կազմակերպական ջանքերի շնորհիվ ու նյութական լուրջ ռեսուրսի ներդրմամբ հարկավոր է օրեր շարունակ ապահովել մարդկային մեծ զանգվածներ պայքարի առաջին գծում՝ բազմամարդ հավաքների տեսքով: Ինչին արդեն, բնականաբար, երրորդ փուլում կհետևի հիասթափված ու մի կողմ քաշվածների վերադարձը, որոնց բերելու համար լրացուցիչ ջանքեր հարկավոր չեն, նրանք իրենք կգան՝ հավատալով մոտալուտ հաղթանակին:
Այս սցենարն է վախեցնում իշխանություններին, որի պատճառով ամեն ինչ անում են, որպեսզի բիզնեսն առավելապես կենտրոնանա Սերժ Սարգսյանի ընտանիքի ձեռքում, խոշոր բիզնեսի մնացյալ մասի տերերը գործեն միմիայն գործող նախագահի «կրոնը ընդունելու» պարագայում՝ հլու-հնազանդ կամակատարի կարգավիճակով: Իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվի Սարգսյանի սահմանած «խաղի կանոններին», ապա նրանցից պետք է աստիճանաբար խլել բիզնեսը, ու ամեն ինչ անել, որպեսզի այդ գործարարների ազդեցությունը հասցվի նվազագույնի՝ երկրի քաղաքական ու քաղաքացիական պրոցեսներում:
Արդեն բարեհաջող փորձարկումներ արվել են վերջին համապետական ընտրություններում, որ ունեզրկված ու քաղաքականությունից հիսաթափված ժողովրդին մի քանի հազար դրամով կարելի է տանել ընտրատեղամաս, ու նրանք կքվերարկեն իշխանությունների ներկայացուցիչների օգտին։
Երկրում բարոյալքման մակարդակն այնպիսի բնագծեր է նվաճել, որ անգամ առանց ընտրախախտումների կարելի է հանգիստ ստանալ ցանկացած արդյունք՝ ընտրակաշառքի դիմաց: Բայց «մեծ կոմբինատորի» այս ծրագրին խանգարեց այն, որ բոլոր հարուստներին չկարողացան այս ընթացքում սնանկացնել, կամ իրենց թևի տակ առնել, կամ էլ շարքից հանել ու «կոտրել»: Ու հիմա Սերժ Սարգսյանի վարչակազմը սարսափած նկատում է, որ իր «սրած բիզը» ոնց որ թե «թարս է աճել»: Այսինքն երկրում մնացին քաղաքական ուժեր ու լիդերներ, որոնք ի վիճակի են պայքարողների ջանքերը բազմապատիկ ավելացնել՝ կազմակերպական ու նյութական հնարավորությունների շնորհիվ:
Ու եթե ապրիլի 28-ից առաջ Սարգսյանը, հապշտապ պաշտոնանկ անելով Տիգրան Սարգսյանին, փորձեց կոտրել հանրահավաքային թափը, իրականում ավելի լայն թափով պայքար սկսելու բարենպաստ նախադրայալներ ստեղծեց:
Մնում է միայն ճիշտ քաղաքական օրակարգ առաջարկել, լավ կազմակերպվել, ու հասնել իրական փոփոխությունների։ Սկզբի համար ոչիշխանական ուժերի համատեղ հանրահավաքով պետք է գործընթացի բացումն ազդարարվի։
Սերժ Սարգսյանը թույլ է ինչպես երբևէ, պետք չէ, հետևաբար, ուշքի գալու համար ժամանակ տալ նրան։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը