Կարծիք

11.04.2014 12:25


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Մեր երկրի անկախացումից հետո ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն, լիարժեք գործունեություն ծավալելու հնարավորություն ստացան հայրենիքում: Տարբեր ուղիներ անցան՝ բազմապիսի վայրիվերումներով, կանգնեցին նաև փորձության առաջ՝ պահել ինքնուրույնությունը, թե, համագործակցելով օրվա իշխանությունների հետ ու կորցնելով սեփական դեմքը, այլ տիպի խնդիր լուծել:

Անշուշտ, այս վերջին տարիներին ավանդական կուսակցությունների վիճակը Սփյուռքում վատացել է օբյեկտիվ պատճառներով:

-Սփյուռքի նոր սերունդն այնքան էլ քաղաքականացված չէ համահայկական հոգսերով ու լիովին ինտեգրվելով իրենց նոր հարենիքի կյանքին՝ այնտեղի խնդիրներով են առաջին հերթին ապրում:

-Սփյուռքի հարուստներն էլ առանձնապես խիստ կուսակցականացված չեն այլևս, ու արդեն ավանդական կուսակցությունները ֆինանսապես առաջվանը չեն և գնալով ավելի քիչ են կարողանում օգնել հայրենիքին:

-Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շատերի նյութական վիճակը բարդացրեց նաև դրսում:

-Բավական հայահոծ ու ամուր համայնքներ ունեինք անկայուն ու հեղափոխանական ալիքի տակ ընկած երկրներում, որոնց կուսակցական կառույցները նույնպես տուժեցին ու հիմա ավելի շատ իրենք օգնության կարիք ունեն:

-Սփյուռքում մեծանում է Հայաստանի անկախության տարիներին այստեղից արտագաղթածների թիվը, որոնք չեն ընդգրկվում «ախպարական» կուսակցությունների մեջ, ու իրենց կապն այլ կերպ են պահում հայրենիքի հետ, եթե, իհարկե, պահում են:

Բայց կա սուբյեկտիվ մեկ պատճառ, որն իր հասցրած վնասով գերազանցում է թվարկածս բոլորին:

Սերժ Սարգսյանի վարչակազմն ամեն ինչ արեց, որպեսզի ավանդական կուսակցությունները ղեկավարվեն իշխանական կաբինետներից ու դառնան օրվա իշխանության կամակատար: Համեմատաբար թույլերին՝ ՌԱԿ, ՍԴՀԿ, հեշտությամբ պառակտեցին ու նոր դեմքով, ավելի ճիշտ անդեմք, հանձնեցին Տիգրան Սարգսյանի ենթակայությանը: Ու այդ կախվածությունն այնքան ստրկական էր, որ պաշտոնանկությունից հետո, Տիգրան Սարգսյանին առընթեր ռամկավարներն ու ՍԴՀԿ-ականները որոշեցին «հետմահու» իրենց դիֆերամբներով՝ նախկին վարչապետի հետ միասին «թաղվել»: Եվ այն է չափազանց վատ, որ այս երկու կուսակցությունների սփյուռքյան արձագանքն այդպես էլ չլսեցինք։ Չասվեց, որ իրենք չեն կիսում իրենց հայկական կառույցների տեսակետներն այդ հարցում:
ՀՅԴ-ն էլ պայքարեց, պայքարեց, բայց ավելի շատ կարծես իշխանությունների հետ պայմանավորվածությունը նոր մակարդակի բարձրացնելու հարցն էր լուծում։
Շատ կուզենամ սխալված լինել, բայց «հրաշալի քառյակի» երեկվա առաջին դեմքերի մակարդակով հանդիպումից խուսափելը վկայությունն է այն բանի, որ ՀՅԴ-ն չի կարողանում հետ կանգնել Ազատիչի հետ իր ստվերային պայմանավորվածություներից, կամ էլ չի ցանկանում: Բայց ուզում եմ հորդորել նրանց, որ փորձեն թեկուզ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հետ կանգնել ու գալ նորից ոչիշխանական ուժերի դաշտ:

Եթե գոնե հնարավոր լինի փրկել ՀՅԴ-ն, ապա իմաստ կունենա փորձել ներկուսակցական վերադասավորումների շնորհիվ փրկել նաև ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն: Բայց եթե ՀՅԴ-ն մտնի Սերժ Սարգսյանի վերարտադրությանը նպաստող սահմանադրական հանրաքվեի կազմակերպման գործընթացի մեջ և փորձի «կառուցողական ընդդիմություն» խաղալ, ապա այլևս կիմաստազրկվի փորձեր անել՝ փրկելու նաև մյուսներին:

Եվ որքան էլ ցավալի լինի, բայց արդեն կխոսենք ավանդական կուսակցությունների միայն պատմական արժեքների մասին, քանի որ ներկայիս քաղաքական արժեքն իրենից ոչինչ չի ներկայացնի։

Կարելի է ասել, որ ՀՅԴ-ն ավելի մեծ առաքելություն ունի, քան սոսկ սեփական կուսակցության դեմքը փրկելը, քանի որ Ազատիչի հեռանալուց հետո այլևս այդ երեք ավանդական կուսակցություններին ընկալելու են համարյա այնպես, ինչպես Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ու Հայկ Բաբուխանյանի ղեկավարած կուսակցություններին:

Լա՛վ, գոնե ձեր կուսակցությունների անցյալը հարգեք:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը