Մեկնաբանություն

07.10.2013 01:10


Մի «կանխազգացված մուտիլովկայի» պատմություն

Մի «կանխազգացված մուտիլովկայի» պատմություն

Միակ բանը որ ստացվում է իշխանությունների մոտ՝ «մուտիլովկան» է։ Ճիշտ է, ցանկացած «մուտիլովկա» շատ արագ բացահայտվում է ու թիթեռնիկի կյանք ունենում, բայց օրվա կուրսով ապրող Սերժ Սարգսյանին ու իր նեղ շրջապատին դրանից ավել բան պետք էլ չէ։ Նրանց պետք է կարճաժամկետում ապահովել փոթորիկ մեկ բաժակ ջրում, որպեսզի կարողանան քարոզչական դաշտում մոծակից փիղ սարքել ու մի քանի օր «մուտիտ.am»–ների համար սնունդ ապահովել։ Դա էլ իր հերթին հնարավորություն է տալիս «Իշխանության մեջ մնալու ամեն օրը փող է» ծրագրի շրջանակներում երկարաձգել աթոռի պահպանումը։

Հերթական «մուտիտներից» մեկը տեղի ունեցավ օրերս, երբ ԱԺ–ում հաստատման ներկայացվեց ՀՀ նոր գլխավոր դատախազի թեկնածությունը։

«Էն գլխից» էլ պարզ էր, որ Գևորգ Կոստանյանին խորհրդարանական մեծամասնությունը հաստատելու է։ Այսինքն՝ ոչ մի անակնկալ կամ «չէպէ» չէր կարող լինել, քանզի գորշ մեծամասնությունն ինքն իրեն գնդակահարելուն էլ կողմ կքվեարկի, եթե այդպիսի առաջարկ լինի Բաղրամյան 26–ից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ–ն ու ՕԵԿ–ը միասին տնօրինում են ԱԺ աթոռների կեսից ավելին՝ Կոստանյանն անցնելու խնդիր չուներ՝ անկախ մյուս չորս խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՀՅԴ–ի դիրքորոշումից։ Ասել է թե՝ իշխանությունը խնդիր չուներ կոալիցիայից դուրս ձայներ հավաքելու։

Թվում էր, թե Կոստանյանի հաստատման հետ կապված միջոցառումը կվերածվի ձանձրալի ու ֆորմալ ընթացակարգի՝ նախապես հայտնի ելքով։ Կողմ և դեմ ձայների հաշվարկը և դրան հաջորդած իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ գլխավոր դատախազի քվեարկությունը որոշվել էր հերթական «մուտիտի» վերածել՝ «Նիկոլ» կոդային անվանմամբ (նույնանման թատրոն էլ այդ օրերին ԵԽԽՎ–ում բեմադրվեց՝ «Զառա» կոդային անվանմամբ)։

Ինչպես հայտնի է, Կոստանյանի օգտին պաշտոնապես արձանագրվեց 103 կողմ և 3 դեմ ձայն։ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Եթե դատելու լինենք արդյունքից՝ ստացվում է, որ ոչիշխանական պատգամավորներից շատերը թեև հրապարակավ դեմ են արտահայտվել Կոստանյանին, սակայն քվեախցիկում այլ որոշում են կայացրել ու կողմ քվեարկել։

Այս անբնական ու տարօրինակ արդյունքի պատճառները բացահայտելու համար «7 օրը» լրագրողական հետաքննություն է անցկացրել ԱԺ–ում։ Արդյունքում մենք ստացել ենք շատ հետաքրքիր պատկեր, ինչից բխում է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են (թե ինչպես են կեղծվել, այլ խոսակցության թեմա է)։

Մեր հետաքննությունը ցույց տվեց, որ Կոստանյանին դեմ է քվեարկել 26 հոգի, իսկ 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Համենայնդեպս այդպիսի եզրակացության ենք հանգել քվեարկությանը մասնակցած գրեթե բոլոր պատգամավորների հետ առանձնազրույցներից հետո։

Ուշագրավն այն է, որ Գ. Կոստանյանին դեմ քվեարկածների մեջ կային նաև պատգամավորներ ՀՀԿ–ից, որոնց անունները մենք, բնականաբար, չենք տա, թեև ներիշխանական անցուդարձից լավատեղյակ մարդիկ հեշտությամբ կարող են կռահել, թե ովքեր են այդ պատգամավորները։

26 դեմ ձայները բաշխված են հետևյալ կերպ. 8 «դեմ» ՀՀԿ–ն ներկայացնող պատգամավորներից, 7–ը՝ ԲՀԿ–ից։ Մնացած 11 դեմ ձայները բաժին են ընկնում ՀԱԿ–ին, «Ժառանգությանը», ՀՅԴ–ին։

ՕԵԿ–ի մասով ամեն ինչ պարզ է՝ նրանք պարտաճանաչորեն քվեարկել են կողմ։

Կոստանյանն այդ 26 դեմ ձայնով էլ կընտրվեր հանրապետության գլխավոր դատախազ, բայց իշխանությունները «մուտիտ» էին նախապատրաստել։ 3 դեմ ձայնով քվեարկության արդյունք հրապարակելը նրանց պետք էր՝ ընդդիմադիր դաշտում հերթական էժանագին «քաղտեխնոլոգիան» կիրառելու համար։

Պատահական չէ, որ ԱԺ–ում կեղծված քվեարկության արդյունքների արձանագրության թանաքը դեռ չչորացած՝ «թունդ ընդդիմադիր» պատգամավոր Նիկոլ Փաշինայնն իր ֆեյսբուքյան էջում ձայնը գլուխը գցեց, թե հարա՜յ, հասե՜ք, գողություն է կատարվել և ընդդիմադիրները կեղծ են ու միակ իսկականն ինքն է։ Նա այնպես էր արտահայտվում, կարծես պաշտոնապես արձանագրված այդ 3 դեմ ձայնն էլ ինքն է ապահովել ու միայն ինքը։ Ինքը, ինքը, ինքը...

Քվեարկության արդյունքները կեղծված լինելու մասին մտահոգություն հայտնելու փոխարեն Նիկոլն անմիջապես հիմք ընդունեց այդ կեղծ տվյալները և այնպիսի օպերատիվությամբ արձագանքեց տեղի ունեցածին ու այնպիսի շեշտադրումներով հարձակվեց իրեն խորհրդարան բերած նախկին թիմակիցների վրա, որ տպավորություն էր ստեղծվում, թե նա այդ ամենին շատ ավելի շուտ էր պատրաստվել՝ պլանավորված կեղծիքից նախապես տեղյակ մարդու նման։

Ուշագրավն այն է, որ «անկախ» լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերում վխտացող վարձկանները միաբերան ձայնակցում էին Նիկոլին ու հարձակվում ՀԱԿ–ի ու մյուսների վրա՝ չմոռանալով հերոսացնել մեր օրերի մեծն կանխազգացող Վանգային։ Այդ ամենն այնքան սինխրոն էր արվում և այնքան կազմակերպված, որ ամեն ինչ շատ արագ դուրս եկավ ջրի երես։ Իսկ երբ Նիկոլը հրապարակեց իր քվեաթերթիկի լուսանկարը և հայտարարեց, թե կանխազգացել է ամեն ինչ ու դրա համար է տեխնիկայի օգնությանը դիմել, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Գրեթե բոլորի համար տեսանելի դարձավ, որ հայտնի խաղի լեզվով ասած՝ «սև» խաղացողը կեղծ «շերիֆ» է բացվել և փորձել է հանրությանն ուղղորդել «կարմիր» խաղացողների դեմ։ Այդքան բան։

Դատելով ամենից՝ գործ ունենք «կանխազգացված մուտիլովկայի» հետ, որի շրջանակներում հերթական փորձն արվեց «միակ ու թունդ ընդդիմադիր Նիկոլի» կերպարը կերտել ու ցեխ շպրտել այլոց վրա, սակայն ստացվեց ինչպես միշտ, քանզի պարանոյիկ հակումներ ունեցող «Վանգան» կրկին վառվեց՝ «Մաֆիայի» սկսնակ խաղացողի պես։

Ի դեպ, գլխավոր դատախազների կամա թե ակամա մասնակցությամբ կամ նրանց ներգրավմամբ «մուտիտները» Նիկոլ Փաշինյանի վրա «չեն գալիս»։ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման օրոք նա «քաշվեց» Վարդան Օսկանյանի «գործով» դատախազության ներկայացրած շինծու մեղադրանքներին «քաղաքական» հիմնավորումներ տալու և Բաղրամյան 26–ի համար փաստաբանություն անելու ժամանակ։ Հիմա էլ Կոստանյանի քվեարկությանը հաջորդած թատրոնը անհարմար վիճակի մեջ դրեց մեկ նախադասության մեջ առնվազն 10 անգամ «ես» դերանունն օգտագործող այդ մարդուն։

Տեղին է հիշեցնելը, որ ըստ միջազգային փորձագետների՝ ամենաշատը պարանոյայով տառապում են քաղաքական գործիչները, ավելի ճիշտ՝ չկայացած քաղաքական գործիչները։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը