Մեկնաբանություն

26.09.2013 19:48


Չես հասկանում՝ էս ժողովրդի վրա թուղթուգի՞ր են արել

Չես հասկանում՝ էս ժողովրդի վրա թուղթուգի՞ր են արել

Այն առումով, որ անկարող Տիգրան Սարգսյանը պետք է պինդ նստած մնա վարչապետի աթոռին:

Կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տվել խորհրդային տարիների ավանդների փոխհատուցման մասին ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրինագծին:

Նախագծով առաջարկվում է վերացնել գործող օրենքում տարիքային սահմանափակումները, ավելացնել բյուջեի եկամուտների ավելացման հետ միասին ոչ թե ավանդների փոխհատուցման չափը, այլ այն ստացողների ընդգրկման զանգվածը: Նաեւ՝ կարեւորվում է ժառանգման իրավունքի հարցը, այսինքն՝ օրենքով պետք է հնարավություն տալ, որպեսզի մահացած մարդու ավանդը ստանան նրա ժառանգները:

Դրույթներ կան նաև ազատամարտիկների և հաշմանդամների հետ կապված, որ նրանք նույնպես առաջնահերթ ստանան փոխհատուցումը:

Ինչեւէ, օրինագծի «մեխը» ավանդների փոխհատուցման չափն ավելացնելը չէ, այլ՝ ավելի շատ թվով մարդկանց ներգրավումը:

Բայց Տիգրան Սարգսյանը, որ մեզ խոստանում է 5-7 տոկոս տնտեսական աճ, որոշել է մերժել օրինագիծը:

Նախագծին բացասական եզրակացություն տալով՝ կառավարությունն, ըստ էության, ասում է, որ իրենց խոստացած 5-7 տոկոս տնտեսական աճը բլեֆ է, նման աճ իրենք չեն ապահովելու, ինչպես չեն կարողացել ապահովել անցած տարիներին, թեեւ՝ այդ մասին շարունակ խոստումներ են տվել:

Պարզվում է՝ պաշտոնական տվյալներով 37 տոկոս աղքատություն (իրականում՝ շատ ավելի) արձանագրած երկրի կառավարությանն անգամ չի հետաքրքրում այն մարդկանց ճակատագիրը, ովքեր մնացել են ավանդների հույսին, այսինքն՝ ցանկանում են օր առաջ փոխհատուցում ստանալ: Սակայն դատելով շա՜տ հոգատար կառավարության կեցվածքից, հավանաբար, խորհրդային Խնայբանկի ավանդատուներն ավելի շուտ կմեռնեն, քան կստանան այնքան սպասված փոխհատուցումը, որն, ի դեպ, այսօրվա գնաճի պայմաններում այլեւս գրոշներ են թվում: Այսինքն՝ եթե անգամ կենդանի մնան եւ հասցնեն ստանալ այդ գումարը, այն հետագայում դագաղի փողի էլ չի հերիքի:

Բայց դե օֆշորներում «միլիոնավոր դոլաներ լվացող» վարչապետի հոգը չէ: «Կուշտն ինչ գիտի սովածն ինչ է» կամ՝ «կուշտը սովածին մանր է բրդում»:

Երբ հետեւում ես, թե ինչ ծախսեր են արվում նախագահական նստավայրի եւ կառավարության կողմից, պարզապես չես կարող անտրամաբանական չհամարել օրինագծի մերժումը:

Ասենք, Սերժ սարգսյանը տոկոսներ խփելով վերանվաճում է գահը եւ սա դեռ հերիք չէ, իր ինագուրացիայի վրա ծախսումէ 25 միլիոն դոլար:

Այն դեպքում, երբ մարդիկ տարիներ շարունակ սպասում են ավանդների փոխհատուցման իրենց հերթին: Չենք խոսում հանրային այլ շերտերի սոցիալական ծանր վիճակի մասին, ինչը հետեւանք է Տիգրան եւ Սերժ Սարգսյանների վարած քաղաքականության:

Հայտնի է նաեւ Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումներով թալանված գումարի չափը՝ 70 միլիարդ, իսկ ռիսկային գոտում է՝ 700 միլիարդը: Այս գումարը եթե չգողացվեր, ապա, թերեւս բոլոր ավանդատուներն իրենց փոխհատուցումները կստանային:

Կամ՝ կարող էին փոքր-ինչ կրճատել իրենց քծնողների թիվը եւ մեդալների համար 221 միլիոն դրամ չծախսել: Եվ կամ՝ Հայրիկյանին 20 միլոն չնվիրեին, իսկ ավանդատուներին «բրախեին գրողի ծոցը»:

Որ մեկը հիշես: Ազգային անվտանգության խորհուրդն առանց արծաթե բաժակների բանկետ չի անում, գերատեսչությունների աշխատակազմերն իրենց աշխատողներին տոնական առիթներով այնպիսի թանկարժեք նվերներ են տալիս, որ արժեն միլիոններ: Այս դեպքում պետությունը հարուստ է, իսկ ավելի շատ ավանդատուների փոխհատուցելու դեպքում՝ աղքատ:

Կառավարությունը մի կողմից մերժում է այս օրինագիծը, իսկ մյուս կողմից արտոնյալ պայմաններ ստեղծում Հանրային հեռուստատեսության համար, որպեսզի վերջինս իր վերազինման համար կարողանա ծախսել 1 միլիարդ դրամ:

Դե, որ ավանդներին սպասողները սփոփվեն դիտելով անմեղսունակների համար նկարված տխմար ու գռեհիկ սերիալները ու մնացած անմակարդակ հեռուստաարտադրանքը:

Երկար կարելի է թվարկել անմիտ ու անհեթեթ, ավելին՝ «բառադի» ծախսերի մասին, որ կատարվում են կառավարության կողմից:

Իսկ պարզվում է՝ չեն կարող ավանդների փոխհատուցման գործընթացում ավելի շատ մարդկանց ներգրավել:

Նաեւ՝ հետաքրքիր է, պետական պարտքը մոտ 5 միլիարդ դոլարի հասցրած Տիգրան Սարգսյանը, որ սոցիալական խոցելի խմբերի համար ոչ մի խնդիր չի լուծել, ինչի՞ վրա է ծախսել դրսերից պոկած փողերը, որ մինչ օրս ավանդների փոխհատուցման հարցը շարունակում է նույն սրությամբ մնալ:

Կառավարման համակարգի բարեփոխումներ չենք տեսնում որեւէ ոլորտում. հակառալ վարչապետի պնդումների՝ ոչ միայն ձեռքբերումներ չկան, այլեւ ամենուր ձախողումներ են:

Ուրեմն՝ ինչի՞ համար են վերցվում այդ հսկայական գումարները:

Մի խոսքով՝ մնում է նորից ու նորից զարմանալ, թե նման կառավարությունը եւ հատկապես նրա ղեկավարը, ով ունակ չէ որեւէ խնդիր լուծել, ինչու է շարունակում պաշտոնավարել: Էլ չխոսած երկրի ղեկավարի մասին։

Չես հասկանում՝ էս ժողովրդի վրա թուղթուգի՞ր են արել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը