Մեկնաբանություն

26.09.2013 13:35


Չի սխալվում նա, ով չի խաղում

Չի սխալվում նա, ով չի խաղում

Շախմատի հեղինակավոր միջազգային առաջնությանը մասնակցում էին իրենց երկրների առաջատար մարզիկները։

Մրցամարտի երկրորդ օրվա վերջին խաղն էր, դահլիճը լիքն էր, բայց բուն պայքարը գնում էր դահլիճից դուրս։ Խաղի մեկնարկը բոլորին ստիպեց լռել. սպիտակներով խաղացողը ձախից երրորդ զինվորը հրեց մինչև վերջ (C2-C4)։ Հավաքվածները հայացքներով փոխանակվեցին՝ «Էս ի՞նչ է ուզում անել», «Բա հետո՞»։ Հետոն անսպասելի արագ եկավ. սպիտակներն իրար հետևից կորցնում էին քարերը։

Դահլիճի անկյունում հավաքված մի խումբ՝ տարբեր տարիքի, բայց նույն արտաքինով փողկապավորներ, սպիտակների ամեն քայլից հետո ինքնամոռաց ծափահարում էին, իսկ նրանցից մեկն անպոչ գդալի պես անընդհատ մեջ էր ընկնում ու խորհուրդ տալիս՝ «Լոշադյու խադի»։ Հատկապես իրեն չէր խնայում ճղճղան ձայնով բիձուկը՝ «Гениально..., նախաձեռնող ջանիդ մեռնե՛մ, մեր օրերի դու Կապաբլանկա»։ Իսկ խաղին հետևողները սկզբից հեգնանքով, հետո ակնհայտ նյարդայնացած սկսեցին հարցնել միմյանց. «Ո՞վ է թողել դրան մոտենալ խաղատախտակին»։

Դրանից հետո բոլորը սկսեցին հուշել։

«Փիղը առաջ բրդի՛ր»,–անտեսելով մրցավարների զգուշացումները՝ գոռում էին այս ու այն կողմից։

«Թագուհուն ձեռք մի՛ տուր», «Ո՞վ ես դու», «Ասում եմ՝ փիղը բրդի՛ր առաջ, փի՛ղը»։

Սպիտակների փիղն էլ չդիմացավ։ Գլուխը բարձրացրեց ու բառաչեց. «Ի՛նձ խաղացրու»։

Խաղի 7-րդ րոպեին սպիտակները հանձնվեցին։ Նման բան այս կարգի մրցաշարում չէր եղել։ Համենայնդեպս, նման «շախմատիստի» ոչ ոք չէր կարողանում մտաբերել։

Ո՞վ էր նրան թողել մոտենալ խաղատախտակին։

«Շախմատիստն» ատամների արանքից մի կերպ դուրս նետելով «Չի սխալվում նա, ով չի խաղում» կարգախոսը՝ արագ քայլերով գլխիկոր հեռացավ դահլիճից։ Նրա երկրպագուներն ավելի շուտ էին դա արել։ Իսկ մրցաշարի կազմկոմիտեն համապատասխան գերատեսչություններից փորձում էր ճշտել՝ ինչպես էր շախմատից հեռու մարդը հայտնվել հեղինակավոր այս մրցաշարում։ Ինչպե՞ս։

Վախթանգ Մարգարյան

Հ. Գ.։ –Երբևէ այսպիսի հեշտ հաղթանակ ունեցե՞լ եք։

–Սա երևի ինչ–որ թյուրիմացություն էր...

Այս խորագրի վերջին նյութերը