Մեկնաբանություն

22.09.2013 23:25


Սերժ Սարգսյանի ռեժիմը, հակահեղափոխությունը և մեր անելիքը

Սերժ Սարգսյանի ռեժիմը, հակահեղափոխությունը և մեր անելիքը

88-ի շարժումը ներառում էր բազմազան խմբեր, որոնք էլ շարժման տարբեր փուլերում առաջ էին քաշում տարբեր խնդիրներ:

Ղարաբաղյան շարժումը թեև սկսվեց որպես բնապահպանական շարժում, սակայն արդյունքում այն վերածվեց քաղաքական ու անկախական շարժման:

Շարժումը քաղաքականացավ այն պահից, երբ չհստակեցված և ազգայնական պաթոսի կողքին առաջ եկավ ձևակերպված նպատակ, որին հնարավոր էր հասնել միայն ճշգրիտ քաղաքական հաշվարկի և անկախ պետություն ունենալն իբրև հիմնական նպատակ ձևակերպելու արդյունքում: Ահա այս մոտեցման արդյունքում էլ մենք կարողացանք լուծել մեր ազգային խնդիներից թերևս ամենագլխավորը` ազգային պետականության վերականգնումը:

Մեր ժողովրդական ընկալման մեջ, սակայն, պետական անկախությունը ոչ միանշանակ է ընկալվում: Հայաստանի անկախության թեմայով քննարկումների ժամանակ և հատկապես ֆոլկլորի մակարդակում կարելի է հանդիպել այսպիսի արտահայտությունների՝ «Ումի՞ց անկախացանք», «Անկախացա՞նք, թե՞ անտեր դարձանք», «Լավ ապրում էինք, էլի, էդ անկախությունն ո՞ւմ էր պետք», «Ի՞նչ անխակություն, դրսից սարքած բան էր», «Ինչների՞ս էր պետք, ավելի լավ է՝ Սովետը մնար», «Անկախացանք, որ մթին, ցրտին ապրե՞նք», «Անկախացանք, որ պատերա՞զմ լինի», «Սուտ բան է, չկա տենց բան...» և այլն:

Ի՞սկ որն է այս կարծիքների պատճառը, ինչո՞ւ մեր ազգի մի մասը չի կարևորում ազգային անկախ պետություն ունենալը կամ, որ ավելի վատ է, հակաանկախական է: Այս հարցի պատասխանը և՛ հեշտ, և՛ դժվար է տալը։

Մեկ բան ակնհայտ է գոնե մասնագիտական աչքի համար. 88թ-ին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն` նախ՝ բովանդակային, իսկ հետո՝ արդեն ֆորմալ, որի արդյունքում մենք ձեռք ենք բերել ազգային պետություն, սակայն այդ հեղափոխության ընկալումը մնաց քաղաքական վերնախավի մի հատվածի մոտ և չտարածվեց ամբողջ հասարակության մեջ: Իհարկե, դա ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց փաստն այն է, որ ոմանք անհաղորդ մնացին անկախության գաղափարին ու չարժեվորեցին այն։

Հասարակական կյանքի փոխակերպումից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական նոր մշակույթը բավական չափով չամրապնդվեց: Եվ բնական է, որ սովետական ռեժիմի հեռանալուց հետո հասարակությունը սկսեց ինքնակազմակերպվել, գյուղերում հիմնականում վերկանգնվեց ազգային-սովորութային նորմը, իսկ քաղաքներում, օրինակ՝ Գյումրիում, առաջնային դիրքում հայտնվեցին սովետական բանտերում ձևավորված օրենքները: Այս ամենը շատ ցցուն երևում է, երբ ուսումնասիրում ես հետխորհրդային շրջանի հայաստանյան ընտրությունները: Ազգակցական ու բարեկամական կապերը, ինչպես նաև գողական բարքերը ներթափանցեցին քաղաքական դաշտ։ Ընտրական ինստիտուտներն իրենց տեղը զիջեցին թաղային («համայնքային») ու «ավանդական» խաղի կանոններին։

Սակայն 2012թ-ից ի վեր ընթացած ընտրությունները փաստեցին, որ Հայաստանում «ավանդույթը» զիջում է իր տեղը նոր ռեժիմին: Ընտրակեղծիքները ստացան կազմակերպված բնույթ ու դրվեցին «պետական ռելսերի» վրա։ Դրա հիմնական ապացույցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծում են ոչ այնքան համայնքային հեղինակությունները, այլ պետական հիմնարկները` նախարարությունները, ոստիկանությունը, քաղաքապետարանները և այլն: Սա փաստում է, որ ՀՀ-ում ձևավորվել է նեոբոլշևիկյան տիպի մի ռեժիմ, որը, ըստ էության, հայաստանյան հակահեղափոխությունն է: Հետևաբար, բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են Հայաստանի անկախության և ինքնիշխանության ապահովման խնդրով, պետք է համախմբվեն Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Իսկ բոլոր նրանք, ովքեր թողնելով այս իրական թիրախը՝ ընկնում են կեղծ` Բաղրամայն 26-ի կողմից արտոնված թիրախների հետևից, կամա թե ակամա աջակցում են անկախության կորստին։

Ցավալիորեն պետք է նշել, որ քաղաքական միտքը Հայաստանի Հանրապետությունում գնալով նվազում է, որին ակտիվորեն նպաստում են այսօրվա իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Նրա քարոզչության հիմնական մեխը ապաքաղաքական հասարակություն ունենալն է, հասարակություն, որն ունակ չէ ձևակերպել քաղաքական պահանջներ:

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, անդավաճան նեոբոլշևիկ է, ով ունի երկու հիմնական նպատակ ` թալանել այնքան, ինչքան հնարավոր է, և ամեն գնով մնալ իշխանության:

Ազատիչի համար գաղափարաները և սկզբունքները շատ հարաբերական բաներ են. նա կարող է այսօր լինել հավատավոր նժդեհական, իսկ վաղը՝ համոզված մարքսիստ կամ մոլի ռուսաֆոբ։ Հիմա նրա մոտ ռուսամոլության փուլ է։ Ու քանի դեռ մենք չունենք օրինակարգ իշխանություն և պետականամետ քաղաքականություն, անկախությունը վտանգված է։ Ուստի, եթե ուզում ենք անկախ պետություն, ապա նախ և առաջ պետք է ունենանք ներքին ժողովրդավարություն և ազատ քաղաքացի, որի համար պետք է պայքարել միասին և մինչև վերջ:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը