Մեկնաբանություն

19.09.2013 19:43


«The Turkish Policy Quartly» ամսագրի խմբագրակազմի անդա՞մն է ներկայացնում Հայաստանը

«The Turkish Policy Quartly» ամսագրի խմբագրակազմի անդա՞մն է ներկայացնում Հայաստանը

2000 թվականներին, երբ Հայաստանում հայտնվեց ԱՄՆ-ում ծնված ոմն վերլուծաբան, թերթերից մեկն անմիջապես հանրությանը տեղեկացրեց, թե ով է բոլորին անհայտ Ռիչարդ Կիրակոսյանին Հայաստան բերողը եւ ով է նրա իրական հովանավորը: Սերժ Սարգսյանը:

Ճիշտ է, 10 տարի առաջ այդ թերթը «գործում» էր Սերժ Սարգսյանի դեմ, սակայն 2008-ից հետո դարձավ նույն Սարգսյանի քարոզչական հենարանը:

Սա՝ ի միջիայլոց:

«Նախաձեռնողական» Սերժ Սարգսյանի ձեռնարկած «ֆուտբոլային դիվանագիտության» շռնդալից տապալումից հետո մեզ թվում էր, թե Ազգային ժողովի օրակարգում պահպանվող հայ-թուրքական արձանագրությունները «ձևի համար» են մնացել հայոց խորհրդարանում:

Մինչդեռ պարզվում է՝ գործընթացի մեկնարկից եւ ձախողումից հետո Հայաստանը շարունակում է սպասել Թուրքիայի արձագանքին:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը դեռեւս հույսը չի կորցրել եւ սրտատրոփ սպասում է թուրքական կողմի բարեհաճ վերաբերմունքին: Նալբանդյանի թշերի քնքշական «տարուբերումը» դեռ միայն «ծաղիկներն» էին, իսկ բուն գործընթացի մեկնարկի եւ իրականացման համար ժամանակ էր պետք, որպեսզի հայ հասարակությունն ու քաղաքական ուժերը խաղաղվեին եւ գուցե ցանկություն դրսեւորեին ավելի սթափ գնահատել իրավիճակը:

Թերեւս, այսպես էր մտածում Սերժ Սարգսյանը: Այլապես ինչպես հասկանալ վերջին օրերին հայ-թուրքական արձանագրություններին եւ սահմանի բացման հարցին նվիրված Եվրախորհրդարանում կազմակերպված քննարկմանը Հայաստանի ներկայացուցչի մասնակցության փաստը: Ավելին՝ ելույթի բովանդակությունը: Փաստորեն, համայն հայության թուքումուրին արժանացած արձանագրությունների ստորագրումից 4 տարի անց այդ փաստաթղթերի վերակենդանացման փորձ է արվում եւ դրան ակտիվորեն մասնակցում է հայկական կողմը (մեր ողջույնները Սերժ Սարգսյանից դեսպանի պաշտոն ստացած ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանին ու նրա կուսակից ընկերներին):

Պատկերացրեք՝ Եվրախորհրդարանի քննարկմանը որպես ՀՀ-ի ներկայացուցիչ հանդես է եկել ոչ ավել, ոչ պակաս՝ Ռիչարդ Կիրակոսյանը: Մեկը, ով իբր ղեկավարում է «անկախ» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը:

Սերժ Սարգսյանն իր կուսակիցների կամ նախագահականի փորձագետների փոխարեն եվրոպացի պատգամավորների առջեւ ելույթ ունենալու առաքելությունը վստահել է սույն «անկախ» վերլուծաբանին եւ ԱՄՆ քաղաքացուն:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ, թուրքական կողմից այդ քննարկմանը մասնակցել է լրագրող Չենգիզ Աքթարը, ով հայտարարել է, որ «Ադրբեջանցիների դիրքորոշումն այս հարցում հստակ է` Թուրքիան չպետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը չի տալիս Լեռնային Ղարաբաղը»:

Իսկ Եվրամիությունում Թուրքիայի դեսպան Սելիմ Յենելը ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ «Հայկական կողմից մենք որևէ քայլ չենք տեսել, այնպես որ՝ մենք չենք կարող քաղաքական վակուումում շարժվել: Սակայն եթե մենք տեսնենք դրական քայլ, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրսբերում, որոշ տարածքների հանձնում, սա անպայման պատասխան դրական քայլի կարժանանա»:

Իսկ ինչ հայտարարություններով է հանդես եկել Ռիչարդ Կիրակոսյանը Եվրախորհրդարանում։

«Ինձ համար հետաքրքիր է այն, որ թեև ես ընդհանրապես համաձայն չեմ Մաքսային միությանը միանալու և Եվրոպայի Ասոցացման համաձայնագրի դուռը փակելու Հայաստանի որոշմանը, այդուամենայնիվ չեմ համաձայնի, թե սա սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները անվտանգության կամ արտաքին քաղաքականության հարցերում: Շատ դեպքերում հենց հակառակը»,- ասել է Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը սպասում է Թուրքիային և միայն Թուրքիային` սկսածը շարունակելու և նորմալացման գործընթացին վերադառնալու համար:

Նաեւ ավելացրել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը երբեք խոչընդոտ չի եղել, Ադրբեջանն է խնդիրը, որի մաքսիմալիստական դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ էլ ռազմավարություն է: Նրանք պահանջում են ամեն ինչ և դեռ մի բան էլ ավելի: Իրականում հիմնական պարտավորությունը Անկարայի և Բաքվի ուսերին է, ոչ Երևանի»:

Հարցն այն չէ, որ այս քննարկմանը մի ավելորդ անգամ բացահայտվեց, որ թուրքական կողմը ի սկզբանե արձանագրություններում նախապայմաններ էր առաջ քաշել, ինչը հայկական կողմը երկար ժամանակ հերքում էր: Հարցն այն է, որ Կիրակոսյանը, որ Հայաստանն է ներկայացնում չի հակադարձել թուրքերին, մասնավորապես ԵՄ-ում Թուրքիայի դեսպանին, որը հայկական կողմից ակնկալվող զիջման չափի օրինակներ է նշել:

Կարելի է կարծել, որ Կիրակոսյանին Եվրախորհրդարան գործուղելով` Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն համաձայն են ԼՂ հարակից շրջաններից զորքերի դուրս բերմանը եւ որոշ տարածքների հանձնմանը, պարզապես միայն դեմ են «դեռ մի բան էլ ավելի» պոկելու թուրքական պահանջին: Այնպես որ՝ «Հայաստանը սպասում է Թուրքիային և միայն Թուրքիային` սկսածը շարունակելու և նորմալացման գործընթացին վերադառնալու համար»:

Ի դեպ, հարկ է հիշեցնել մշտապես Սերժ Սարգսյանին գովերգող Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարությունը, որ արեց նախագահական ընտրություններից հետո. «Սարգսյանն իր երկրորդ կառավարման շրջանում դարձել է վերջին մոհիկանը, ղարաբաղյան էլիտայի վերջին ներկայացուցիչը եւ քաղաքական փոփոխությունը սկսվել է՝ սերնդային, ժողովրդավարական, գաղափարական առումով»,- ասել էր Կիրակոսյանը:

Այնպես, որ՝ Սերժ Սարգսյանը գիտեր, թե ում էր ուղարկում Եվրախորհրդարան:

Հավելենք նաեւ, որ Ռիչարդ Կիրոկոսյանը թրքալեզու «Newsweek» շաբաթաթերթի սյունակագիրն է և անգլալեզու «the Turkish Policy Quartly» ամսագրի խմբագրակազմի անդամ է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը