Մեկնաբանություն

17.09.2013 00:35


Սերժ Սարգսյանի «ապահարզանը»

Սերժ Սարգսյանի «ապահարզանը»

Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից մեկ օր առաջ իշխանական քարոզչամեքենան շարունակում էր նրան ներկայացնել որպես արևմտամետ և ռուսների դեմ կռիվ տվող գործիչ։ Թե այդ ո՞ր ախմախի մտքով է անցել Հայաստանը նման արկածախնդրության մեջ ներքաշել և ո՞ր անմեղսունակին է թվացել, թե ԵՄ–ի հետ հարաբերությունները խորացնելու համար պետք է անպայման Մոսկվայի հետ թշնամանալ՝ այլ խոսակցության թեմա է։

«Սերժ Սարգսյանն ապահարզան է տանում Մոսկվա»,– սեպտեմբերի 3–ից առաջ գրում էր «անկախ» մամուլի կարկառուն ներկայացուցիչ «Lragir.am»–ի խմբագիրը։

Թե ինչպիսին էր այդ ապահարզանը, բոլորս տեսանք։ «Արևմտամետ» Սերժ Սարգսյանն այնպիսի որոշում ընդունեց, որ անգամ մոլի ռուսամետությամբ աչքի ընկնող ղրղզներն այդպիսի քայլի չէին գնացել։

Ահա այդպիսի «ապահարզանով» էր Մոսկվա մեկնել ՀՀԿ ղեկավարը, ում Կրեմլում նվաստացրեցին մինչև վերջ։ Սերժը, ինչպես ասում են, գլուխը քարը, Հայաստանն էլ նվաստացավ նրա պատճառով։

Եվ այսքանից հետո լրատվական դաշտում գեղամյանություն անող «Lragir.am»-ը և այնտեղ ծվարած ղարաբաղցի ռենեգատները դեռ շարունակում են «Արևմտամետ Սերժի» մասին հեքիաթը պտտեցնել ու առանց ամոթի շարունակել գործունեությունը։ Մինչդեռ դրանց «կանտոռան» պետք է փակվեր սեպտեմբերի 3–ից հետո, քանզի բլեֆով ու «մուտիլովկաներով» էին զբաղվել և ահագին ոչխարի էին համոզել, թե իբր Սերժ Սարգսյանն ու Սաշիկը Հայաստանը տանելու են ԵՄ, իսկ ահա ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը չեն ուզում։

«Եկեք, ուրեմն, սատարենք չարյաց փոքրագույն հանդիսացող և ԵՄ–ի հետ ասոցացման համար ուշքը գնացող Սերժին ու պայքարենք ռուսամետներ ուժերի դեմ»,– իրենց հաճախորդությանը «գաղափարական» տեսք էին տալիս իգորմուրադյանները, լրագիրներն ու մյուսները։ Իրենք հնարել էին ռուսամետների մասին չար միֆերն ու պայքարում էին այդ միֆի դեմ։

Մի կողմ թողնելով ռուսամետության թեմայով հնչեցվող արհեստական մեղադրանքներն ու դեմագոգիան՝ եկեք «դհոլների» մատուցած «շտամպերի» շրջանակներում գնահատենք, թե ով ով է։

Հիմա ո՞վ է ռուսամետը։ Մոսկվայի քաղաքապետին քծնող Սերժ Սարգսյանն ու իր քարոզչաթի՞մը, թե՞ հավասարակշռված քաղաքականության կողմնակիցներ Գագիկ Ծառուկյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը։

Ո՞վ է ռուսի «սապոգի» վկա։ Արևմուտքի և ՌԴ–ի հետ փոխլրացման քաղաքականություն վարած Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ ՌԴ ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում 49 տարով երկարաձգած, Մաքսային միության մեջ մտնելու որոշում կայացրած և ՌԴ գուբերնատորներից էլ ավելի հաճախակի Մոսկվա վազած Սերժ Սարգսյանը։

Փաստերը ցույց են տալիս, որ որքան «նախաձեռնողական» է դարձել Սարգսյանը, այնքան Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունն ու վերածվել տարածաշրջանային հետնապահի։

Տեղին է հիշեցնելը, որ մի ժամանակ էլ «անկախ» մամուլը գրում էր, թե Սերժը դեմոնստրատիվ կերպով չի մասնակցել Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ժողովին և դեմարշ է արել։ Ճիշտ է, «դեմարշից» մեկ օր անց օֆշորային գոտիներում հարստացող Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իրենք ուզում են ինտեգրվել Մաքսային միությանը, բայց դա չխանգարեց «դհոլներին» շարունակել նույն ոգով։

Այդ ոգին էր, որ մեզ տարավ ու մտցրեց Մաքսային միության մեջ։ Այնպես որ ներքին ու արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած Սերժ Սարգսյանից միայն մեկ ապահարզան է ակնկալվում՝ հրաժեշտ նախագահի աթոռին (թող դրանից հետո Աղվան Հովսեփյանի պես ինչքան ուզում է նախագահական նստավայրի դուռը համբուրի)։ Բայց հաշվի առնելով նրա տեսակն ու մտածողությունը՝ այդ ապահարզանը հայ ժողովուրդը պետք է հասցնի Բաղրամյան 26։ Թե չէ մի օր կզարթնենք ու կիմանանք, որ միացել ենք արաբական երկրների լիգային, այն էլ՝ դիտորդի կարգավիճակով։ Կամ էլ դարձել ենք ռուսական գուբերնիա (եթե արդեն իսկ չենք դարձել)։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ուշագրավն այն է, որ «արևմտամետները» հիմա ՀՀ–ի համար մահացու հարված են համարում Մաքսային միությանը միանալը, բայց ոչ մի թթու խոսք չեն ասում Սերժ Սարգսյանի հասցեին։ Սրանց քննադատությունն առ Սերժ այն է, որ ... օլիգարխներն ուրախացել են ՄՄ մտնելու որոշումից։ Լավ է չեն ասում, որ օլիգարխներն ու չար ռուսամետ ուժերը թուղթ ու գիր են արել խեղճ Սերժին։

Մի խոսքով, «արևմտամետները», ՀՅԴ վերնախավի պես, գոռում են «Նախագա՛հ, մի՛ զիջիր»։ Դե «թունդ արևմտամետները» հենց այդպես էլ պետք է լինեն։ Պետք է պայքարեն չար Պուտինի, «ռուսամետ» ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի, Պան Գի Մունի, Բաշար Ասադի, բայց «մոռանան» Հայաստանը «չուլանային» երկիր դարձրած Սերժ Սարգսյանին։

Այս խորագրի վերջին նյութերը