Մեկնաբանություն

24.06.2013 17:22


Հայաստան. ընթացիկ դիտարկումներ

Հայաստան. ընթացիկ դիտարկումներ

Հայաստանում Աստծո անունն ավելի հաճախ ոստիկանապետն է տալիս, քան Կաթողիկոսը, իսկ նախագահն ավելի շատ է խաչակնքվում տեսախցիկների առաջ, քան Հռոմի պապը։

Հայաստանում որքան շատ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, այնքան «ատկատների» չափը մեծանում է։

Հայաստանում որքան տնտեսության վիճակը վատանում է, այնքան աճում են պաշտոնյաների անձնական եկամուտները։ Պաշտոնական «թղթերով» են աճում։

Հայաստանում փոխարենը վարչապետին հարցաքննի գլխավոր դատախազը (օֆշորի և այլնի թեմաներով), լրագրողն է հարցեր տալիս, այն էլ՝ 2018թ. նախագահական ընտրություններին Տիգրան Սարգսյանի մասնակցել–չմասնակցելու թեմայով։ Տիգրանը համեստաբար նշում է, որ չի պատրաստվում մասնակցել։ Քրեական օրենսգիրքը «լացում» է վարչապետի համար, իսկ ահա «Ազատություն» ռադիոկայանի խմբագրին հետաքրքրում է, թե արդյոք նա ուզու՞մ է նախագահ դառնալ, թե՞ ոչ։

Հայաստանում մարդ են սպանում ու «դատապարտվում» հրաժարականով, թալանում են, բայց հրաժարական չեն տալիս` «անկախ» մամուլի կողմից հընթացս արժանանալով «Հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ» կոչմանը։

Հայաստանում «անկախ» մամուլը օլիգարխների դեմ պայքարի կոչ է անում օլիգարխներին՝ Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին։

Հայաստանում բիզնեսի «կռիշ» են դարձնում հոգևոր դասի ներկայացուցչին, իսկ հոգևոր դասին «կռիշ» է կանգնում աշխարհիկ իշխանությունը։ Կառուցվում է կղերա–օլիգարխիկ համակարգ։

Հայաստանում «ֆալշ» է անգամ «ֆալշ» օղին։

Հայաստանում գողական են գնում ոստիկանության ներկայացուցիչները, իսկ «մենթություն» են անում որոշ «գողականներ»։

Հայաստանում վարչապետը «տիրացու» է, իսկ «տիրացուն»՝ «Բենթլի Սամո»։

Հայաստանում փողը լվանում են զուգարանում։ Բիոզուգարանում։

Հայաստանում նախագահ է դարձել մեկը, ով ռուսական հատուկ ծառայություններից մեդալ է ստացել, բայց նրան ուզում են արևմտամետ իմիջով մեզ մատուցել։

Հայաստանում մկան անունն է դուրս եկել, բայց բյուջեն լափում են կատուները։

Հայաստանում ամենաշատ «քլիքը» հավաքում է Սարգսյան ազգանունը։ Մի դեպքում Անժելան՝ հայտնի նկարների պահով, իսկ մյուս դեպքում՝ Տիգրանը «օֆշորի» պահով։

Հայաստանում Սփյուռքի նախարարությունը բացվելուն պես արտագաղթը շատացավ։

Մի խոսքով, Հայաստանում «խոխմա» վիճակ է և պետք է այն փոխել, թե չէ սա կլինի մեր տեսած Հայաստանն ու պը՛րծ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը