Լրահոս

29.04.2013 13:07


Հաղարծինի եկեղեցու դարավոր ընկուզենին այրելու առնչությամբ դեռևս գործ չի հարուցվել

Հաղարծինի եկեղեցու դարավոր ընկուզենին այրելու առնչությամբ դեռևս գործ չի հարուցվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հաղարծինի եկեղեցու տարածքում գտնվող դարավոր ընկուզենին այրել են։ Թե ո՞վ և ի՞նչ նպատակով, դեռևս անհայտ է։

ՀՀ ոստիկանությունից «7օր»–ին փոխանցել են, որ ահազանգ չեն ստացել, սակայն հրապարակման հիման վրա ոստիկանության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր՝ տեղում ուսումնասիրելու։ Հանգամանքները պարզվում են։ Դեռևս որևէ գործ չկա հարուցված։

ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ խնդիրը նախարարության լիազորությունների շրջանակում չէ, քանի որ այդ ծառը եկեղեցու տարածքում է, այսինքն՝ վանքապատկան հողում։ Բնապահպանության նախարարության գործառույթը, ըստ օրենքի, կարող է լինել սոսկ Բնապահպանական պետական տեսչության կողմից վնասի չափը հաշվելը, եթե իհարկե՝ ոստիկանությունում գործ հարուցվի, և այդ հարցով դիմեն նախարարությանը։

«7օր»–ը կապ է հաստատել նաև Հաղարծին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանի հետ։ Նա պատմել է, որ ծառն այրվել է գիշերը, իրենք նկատել են մոտավորապես ժամը 5–ին և սեփական միջոցներով հանգցրել են կրակը։ Բայց թե ո՞վ կամ ո՞վքեր են կրակի մատնել ծառը, հայր Արիստակեսը պնդել է, թե չգիտի։ Նա նաև ասել է, որ կատարվածում միտումնավոր որևէ բան չի տեսնում։

Ի դեպ, հայր Արիստակեսը մեր գրեթե բոլոր հարցերին շարունակ պատասխանել է «Դե, ի՞նչ իմանամ» բառակապակցությամբ։ Նրա հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը