Մեկնաբանություն

03.04.2013 20:57


Ինչպիսի՞ քաղաքապետ է Տարոն Մարգարյանը

Ինչպիսի՞ քաղաքապետ է Տարոն Մարգարյանը

«Ֆեյսբուքում» վխտացող «ֆեյքերի» կարծիքով՝ Տարոն Մարգարյանը շատ լավ քաղաքապետ է, իսկ իրական օգտատերերի մեծ մասը հակառակ կարծիքին է։ Թվային գերակշռությունը, բնականաբար, «ֆեյքերի» կողմն է։

Իրականում շատ դժվար է գնահատել Տարոն Մարգարյանի գործունեությունը, քանզի նա «ֆեյք» քաղաքապետ է, այսինքն՝ դրածո։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ ավագանու ցուցակում բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ մի այլ ձևի հավասար։ Այնպես որ, Տարոնին որպես քաղաքապետ գնահատելն իրոք դժվար խնդիր է, քանզի նա կառավարման օբյեկտ է, այլ ոչ թե սուբյեկտ։

Եթե Սերժ Սարգսյանը որոշեր ՀՀԿ ավագանու ցուցակից քաղաքապետ դարձնել, ասենք, Աստղիկ Գևորգյանին կամ Մարտին Վարդազարյանին, ապա նրանք էլ էին տարոնություն անելու։ Ավելին՝ եթե ՀՀԿ–ի Գևորիկը 2009թ. իշխող ուժի ավագանու ցուցակ մտած լիներ, ապա մեծ էր հավանականությունը, որ Գագիկ Բեգլարյանի դեմ բանսարկությունից հետո հենց նա կնշանակվեր քաղաքապետ, այլ ոչ թե «դրայվեր» Կարենը կամ Տարոնը, քանզի Սերժի համար կարևորն այն է, որ իր ենթական լինի քաղաքականապես անմեղսունակ, իսկ եթե ենթական անմեղսունակ է նաև բառիս բուն իմաստով, ապա նա դառնում է անփոխարինելի։ Այդ իմաստով Տարոնը գրեթե անփոխարինելի է (մինչև «կկվի» կանչելը, իհարկե)։

Տարոնին գնահատելը նույնն է, թե ՀՀԿ–ի Գևորիկի աշխատանքը ՀՀԿ գասենյակի մերձակայքում գնահատելը։ Ի դեպ, Գևորիկը շատ լավ կատարում է իրեն վստահված «պառկովշիկության» գործը ՀՀԿ գրասենյակի տարածքում, ինչը չես ասի Տարոնի մասին, քանզի նա չկարողացավ լուծել մեքենաների կայանման խնդիրը ո՛չ իր ղեկավարած հիմնարկի տարածքում, ո՛չ ամբողջ քաղաքում։

Բոլորն էլ գիտեն, որ Տարոնը մայրաքաղաքի ղեկավարի ֆունկցիան կատարում է Բաղրամյան 26–ից իջեցված «Տարո՛ն ջան, սիրո՛ւն է» կամ «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չէ» հրահանգների շրջանակներում։ Հետևաբար՝ սխալ է նրա գործունեությունը գերազանց, լավ, բավարար կամ անբավարար գնահատելը։ Դա նույնն է, թե սկսես գնահատական տալ հեռակառավարման վահանակին ու գոհ կամ դժգոհ լինես, թե ինչու է հեռուստացույցն այս կամ այն ալիքը ցույց տալիս։ «Պուլտը» չի որոշում, թե ինքը հիմա ո՞ր ալիքը պետք է ցույց տա։ Որի վրա սեղմում են, այն ալիքն էլ ցույց է տալիս։

Ասելս այն է, որ Երևանի գործող քաղաքապետը սեփական «ես»–ը չունեցող, շենքերի դալանների, փողոցային նստարանների ու անճաշակ բաների վրա փող դուրս գրող և նախագահական նստավայրի «կալպակի» տակ աշխատող մարդ է։ Նա երբեք չի եղել ընտրովի քաղաքապետ և ինքնուրույն գործիչ, որպեսզի գնահատենք նրա կայացրած որոշումների որակն ու աշխատանքի արդյունավետությունը։ Տարոնը հաշվետու է եղել նրան, ով իրեն նշանակել է այդ պաշտոնին։

Հիմա էլ եթե Տարոնը հաջողացնի «զորավարի» աջակցությամբ կեղծիքներով քաղաքապետ դառնալ, նա, միևնույն է, մնալու է նույն «պուլտը», որին Բաղրամյան 26–ից անընդհատ հրահանգելու են ցույց տալ այս կամ այն «ալիքը»։

Եզրահանգումը մեկն է. Երևանին ընտրովի քաղաքապետ ու ավագանի է պետք, որպեսզի երևանցինե՛րը որոշեն, թե «պուլտը» որ ալիքը պետք է ցույց տա, ու ստիպված չլինեն նայել նախագահական նստավայրից միացրած «տուֆտա» ալիքով ցույց տրվող անորակ ու անճաշակ «հաղորդումը»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը