Մեկնաբանություն

29.03.2013 11:00


Սերժի մեսիջը Րաֆֆուն (երիտօլիգարխիան նյարդայնացած է)

Սերժի մեսիջը Րաֆֆուն (երիտօլիգարխիան նյարդայնացած է)

Սերժ–Րաֆֆի նամակագրական «երկխոսությունը» տեմպից ընկել է։ «Իրավատիրոջ» պատասխան նամակից հետո Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը հասկացրեց, որ իր ղեկավարը համբերություն ունի, բայց այն անսահման չէ, և Րաֆֆու՝ պաշտոններ ստանալու և իշխանության օժանդակությամբ «հզոր ընդդիմություն» դառնալու շանսերը ժամ առ ժամ նվազում են։

Րաֆֆին դեռ չի արձագանքել Արմեն Արզումանյանին։ Նա շարունակում է հացադուլն ու դիակ դառնալու սպառնալիքով սպասում Սերժի նշանակումներին։

Բաղրամյան 26–ում, անշուշտ, նյարդայնանում են պաշտոն ուզող ընդդիմության առաջնորդի վարքագծից և այդ իսկ պատճառով որոշել են հերթական մեսիջ–վերջնագիրն ուղարկել Րաֆֆուն, բայց՝ երրորդ մարդու օգնությամբ։

Ինչպես հայտնի է, Կառավարությունը երեկ որոշում կայացրեց $50 000 հատկացնել Պարույր Հայրիկյանին՝ բուժման նպատակով։ Այդ քայլով իշխանությունները ցույց տվեցին, որ սրանից հետո իրենք անցնում են թափանցիկ աշխատանքի ու  հաճախորդներին սպասարկում են ոչ թե թաքուն պայմաններում (ասենք՝ խնամու տանը), այլ հրապարակայնորեն՝ պետպատվերի շրջանակներում։ Բացի այդ՝ Պարույրին փող տալով՝ Սերժը զուգահեռաբար հասկացրեց Րաֆֆիին, որ իրենք կարող են «յոլա» գնալ Պարույրով, ով համաձայնում է Սահմանադրական հանձնաժողովի նախագահի պաշտոնին ու համեմատաբար էժան նստում փողի սղություն ունեցող պետբյուջեի վրա։

«Պարույրը պաշտոնդ տարավ, կտանի նաև քեզ հասանելիք փողերը, եթե շարունակես գին բարձրացնել։ Շտապի՛ր, տեղերն ու փողերը սահմանափակ են»։ Սա՛ էր Պարույրի միջոցով Րաֆֆուն ուղարկված իշխանության մեսիջը։

Մի փոքր վերափոխելով  հայտնի խոսքը՝ կարող ենք ասել, որ երբ նախագահի երկու թեկնածու «բազառ» են անում, «ճամփորդի»՝ Պարույրի, գործն է հաջող դառնում։

Այսքանից հետո մնում է Պարույրին արագ ապաքինում մաղթել, Րաֆֆուն՝ պաշտոնների բարեհաջող ստացում, իսկ Սերժին՝ կամք և համբերություն՝ հաճախորդների «կապրիզներն» ու ախորժակը բավարարել կարողանալու համար։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Միշիկական կայքերից մեկը, անդրադառնալով Պարույր Հայրիկյանին փող հատկացնելու թեմային, երեկ մի ուշագրավ ձևակերպում էր տվել։

«Պետական միջոցներով ֆինանսավորելով Հայրիկյանի բուժումը, իշխանությունն իհարկե գուցե ուզում է այլ մեսիջ փոխանցել, որ Հայրիկյանը գտնվում է պետական հոգածության ներքո եւ պետությունը հանդիսանում է նրա դեմ մահափորձի այսպես ասած «իրավատերը»: Սակայն, «իրավատեր» լինելու լավագույն տարբերակը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի լիարժեք բացահայտումն է, եւ որքան ուշանա այդ բացահայտումը, այդքան արժեզրկվելու են թե՛ մահափորձը, թե՛ պետության բաց թողած մեսիջները»,– նշված էր հրապարակման մեջ։

Ուշադրությու՛ն դարձրեք «մահափորձի արժեզրկում» ձևակերպման վրա։ Փաստորեն, Հայրիկյանի դեմ մահափորձն արժեք է ունեցել, և հիմա այն արժեզրկվում է, քանզի տուժողը դարձել է համընդհանուր ծիծաղի առարկա, ինչը թույլ չի տալիս լուրջ հարցեր լուծել մահափորձի միջոցով։

Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Հայրիկյանի դեմ մահափորձը երիտօլիգարխիան ուզում էր օգտագործել քաղաքական հաշիվներ մաքրելու համար, ապա Սերժ Սարգսյանն իր հաճախորդներին պաշտոնապես բացահայտելով և պետբյուջեից վճարումներ կատարելով՝ իրոք արժեզրկում է մահափորձի միջոցով ուղղորդվելիք «բացահայտումը»։

Երիտօլիգարխիայի ջղայնությունն այն պատճառով է, որ «բացահայտումն» ուշանում է, իսկ եթե վաղը մի բան էլ «բացահայտվի», ապա անլրջության խորհրդանիշի վերածված Պարույրի դեմ մահափորձով Սերժին վնասելուն միտված «մութ ուժերի» դավադրությանը որևէ մեկը չի հավատա։ Ասել է թե՝ «չերեզ» Պարույր քաղաքական հակառակորդների դեմ գնալն այլևս անհնար է դառնում։ Ահա ա՛յդ պատճառով է կայքը, ավելի ճիշտ՝ կայքի պատվիրատուն նյարդայնացած։ Մահափորձը, իրոք, արժեզրկվում է երիտօլիգարխիայի համար, քանզի չի կարող «մուտիլովկայի» աղբյուր դառնալ։ 

Այս խորագրի վերջին նյութերը