Մեկնաբանություն

10.02.2013 22:25


Սերժ Սարգսյանը՝ անհաղթահարելի խոչընդոտ

Սերժ Սարգսյանը՝ անհաղթահարելի խոչընդոտ

Մինչ ՍԴ–ն կքննարկի Պարույր Հայրիկյանի դիմումն անհաղթահարելի խոչընդոտների մասով, և մինչ ԱԻՄ առաջնորդը վերջնականապես կկողմնորոշվի «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարի գործիքակազմի ընտրության հարցում, նախագահի բոլոր թեկնածուները (բացի՝ Սերժ Սարգսյանից) հայտնվել են շատ ավելի լուրջ անհաղթահարելի խոչընդոտի առաջ։

Բանն այն է, որ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու և գործող նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ ինքն ինչքան տոկոս ուզի, այնքան կխփի (տե՛ս http://7or.am/am/news/view/47020/)։ Այլ կերպ ասած՝ ՀՀԿ ղեկավարը, փաստացի, չի թաքցրել, որ ընտրությունների արդյունքները նկարվելու են, և այնպես է արվելու, որ ինքը մեկ փուլով հաղթող ճանաչվի։ Կլինի դա 90, 80, 70 կամ 60 տոկոսանոց հաղթանակ, արդեն տրամադրության հարց է. ինչքան ուզեն՝ կխփեն։

Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները՝ կարող ենք ասել, որ Սարգսյանի՝ «տոկոս խփելու» ծրագիրը անհաղթահարելի խոչընդոտ է մյուսների համար, քանզի դրածո ԿԸՀ–ն ենթարկվելու է հրապարակավ հնչեցված ցուցմանը։

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը ու մյուսները, ինչպես իրենք են ներկայանում, դրածո չեն, ապա այս պայմաններում պետք է միանան ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին և ԿԸՀ–ից պահանջեն մրցապայքարից հանել Սերժ Սարգսյանին ու դադարեցնել շինծու ընտրությունները։ Կամ էլ Րաֆֆին, Հրանտն ու մյուսները պետք է ընդառաջ գնան ինքնաբացարկ հայտնած ՀՀ նախագահի արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանի առաջարկին ու հանեն իրենց թեկնածությունները՝ «տոկոս խփող» Ս. Սարգսյանին քվեաթերթիկում թողնելով մենակ։ Իրավական նրբությունները տվյալ դեպքում երկրորդական են։ Կարևորը հանրությանը փոխանցվող մեսիջն է։

Սա Րաֆֆիի ու մյուս «վաստակավոր մրցակիցների» վերջին շանսն է։ Եթե թեկնածուները հանգիստ են ընդունում տոկոս խփելու մասին սերժսարգսյանական հայտարարությունը և կոնկրետ գործողություններ չեն անում, ապա նրանց դերակատարումն այս ընտրություններում ավելի զզվելի ու պախարակելի է, քան Արտաշես Գեղամյանինը 2003-ի ու 2008–ի և Արթուր Բաղդասարյանինը՝ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ։

Եվ այսպես, քվեաթերթիկում մնացած 7 թեկնածուներից 6–ը պետք է անհաղթահարելի խոչընդոտ հայտարարեն ընտրությունների ելքի առումով ԿԸՀ–ին դե ֆակտո ցուցում տված Սերժ Սարգսյանին և միջոցներ ձեռնարկեն այդ խոչընդոտը վերացնելու ուղղությամբ։

Կրկնեմ՝ երկու ճանապարհ կա՝ Անդրիաս Ղուկասյանի պահանջին միանալու կամ Արամ Հարությունյանի առաջարկն ընդունելու ճանապարհը։ Մնացած ճանապարհները տանում են դեպի ինքնավարկաբեկում և «պարկապզուկացում»։

Իրենց ընդդիմադիր համարող թեկնածուներն, անշուշտ, երրորդ ճանապարհն էլ ունեն։ Դա «խփած տոկոսները» չընդունելու և որևէ պարագայում Սերժ Սարգսյանին չշնորհավորելու, ինչպես նաև ընտրակեղծիքների դեմ ընտրական և հետընտրական փուլերում կոշտ պայքար մղելու ճանապարհն է։ Ձևականությունները չեն անցնելու, իսկ իմիտացիան ծաղրի ու «փչացման» է ենթարկվելու մինչև «վարդապետի խազը»։

Թե ինչ որոշում կկայացնեն այս ընտրական ֆարսի մասնակիցները, պարզ կդառնա շատ շուտով։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը