Մեկնաբանություն

06.12.2012 00:30


Քաղաքացիականությունը որպես «ատմազկա»

Քաղաքացիականությունը որպես «ատմազկա»

Սերժամետ բոլոր կայքերն ու թերթերը մի ընդհանուր առանձնահատկություն ունեն. իրենց դիրքավորում են ընդդիմադիր դաշտում։ Այսինքն՝ սերժամետները լրատվական դաշտում անում են այն, ինչով զբաղված էր Արտաշես Գեղամյանը քաղաքական դաշտում մինչև ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր դառնալը, կամ ինչով զբաղված էր Վիկտոր Դալլաքյանը մինչև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելը։

Զուտ մարտավարական առումով Սերժ Սարգսյանի PR–թիմը ճիշտ է վարվել, որ որոշել է ձևով ընդդիմադիր, բայց բովանդակությամբ «դհոլային» ԶԼՄ–ներ ստեղծել, քանզի բացահայտ իշխանամետ կայքը կամ թերթը 5 րոպեում կփչանար, իսկ այսպես հնարավորություն է ստեղծվում տարատեսակ «մուտիլովկաներ» տարածելու համար։ Իրենք էլ են հասկանում, որ Սերժ Սարգսյանին դրական լույսի ներքո ներկայացնելն անհույս գործ է, և այդ իսկ պատճառով որոշել են ամբողջ դաշտը կեղտոտել, որպեսզի կլիենտի կեղտոտվածությունն այդքան աչք չծակի։ Դրա համար էլ դաշտ պղտորող լրատվամիջոցներ են «շտամպովկա» անում։ Ճիշտ է, ժամանակի ընթացքում լրատվական դաշտի այս կամ այն «ականը» պայթում է (նաև «7 օրի» շնորհիվ), բայց Բաղրամյան 26–ում փողի պակաս չեն զգում և Սերժի հենարան հանդիսացող «վիշապ–լրատվամիջոցների» կտրած գլուխների փոխարեն նորերն են աճեցնում։ 

Ռազմավարական առումով, սակայն, Սերժի քարոզչաթիմը սխալվել է և արդեն պարտվել, քանզի իր բնույթով հակասոցիալական ու հակապետական քարոզչագործիքներ է ստեղծել և ոչ մի պոզիտիվ «մեսիջ» չի կարողանում փոխանցել հանրությանը։ Սրանք «մուտիլովկայից» բացի այլ բանով չեն զբաղվում։ Թիրախներն էլ նույնն են՝ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։ Ձեռքի հետ քննադատության է ենթարկվում նաև Սերժ Սարգսյանը, բայց դա հաճախորդներին թույլատրված չափաբաժին է։ Այդպիսի քննադատություն իրականացնում էին նաև Արթուր Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանը։

Թաքցնելու համար իրենց սերժամետությունը և հիմնավորելու համար, թե ինչու են իշխանություններից դժգոհելով հանդերձ կատաղի ձևով պայքարում բոլոր այն ուժերի ու մարդկանց դեմ, ովքեր կարող են իշխանափոխություն անել, սերժամետ մամուլն «ատմազկա» է գտել։ Այդ «ատմազկան» քաղաքացիական հասարակությունից առիթ–անառիթ խոսելն է։ Դրանով ուզում են ասել, թե իբր իրենք իշխանության և ընդդիմության դաշտից դուրս են և պայքարում են հանուն լուսավոր մի բանի՝ քաղաքացիականության։ Դա այն մեծագույն բլեֆն է, որով ուզում են իրենք իրենց ու ընթերցողներին խաբել սերժամետները։ Նրանց թվում է, թե ջայլամային կեցվածքով և իրենց էշի տեղ դնելով հաջողացրել են անտեսանելի մնալ, բայց դե հա՛մ համապատասխան վայրն են ի ցույց դրել, հա՛մ բարձր զռռալով մատնել են իրենց բուն էությունը։

Եվ այսպես, սերժամետ լրատվամիջոցների քաղաքացիականության մասին ճամարտակություններն ընդամենը իշխանությանը ծախված լինելու և փող աշխատելու հանգամանքերը թաքցնելու ձև է։ Դե մի բանից պե՞տք է խոսեին Սերժի հակառակորդների դեմ «ընդդիմադիր» դիրքերից պայքար մղելու ժամանակ։ Դեմքները որոշել են ծածկել քաղաքացիականության վեհ գաղափարների հետևում թաքնվելով, բայց իրականում ամեն օր պայքարում են քաղաքացիական արժեքների դեմ։

Նկատենք, սակայն, որ «քաղաքացիականության» ջատագովների մոտ շատ հաճախ «լյափսուսներ» են լինում և չի հաջողվում բռնած գիծը պահել։ Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ, ասենք, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդին է անընդունելի և անհանդուրժելի պատմությունների մեջ ընկնում։

Փաստորեն, քաղաքացիականության «ատմազկայի» միջոցով փող աշխատող ու Սերժի համար «դհոլություն» անող մամուլի միջոցների «կոմպը կախում է» և քաղաքացիականությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների (փեսա, եղբայր, տան անդամի կարգավիճակ ունեցող գործարար և այլն) անձնական շահը և «բուրժույսկի կայֆերը»։ 

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը