Մեկնաբանություն

09.11.2012 12:03


Սերժ Սարգսյանն օգտագործում է իր վերջին «փամփուշտը»

Սերժ Սարգսյանն օգտագործում է իր վերջին «փամփուշտը»

ԲՀԿ–ի՝ 100 տոկոսով համամասնական ընտրակարգին և խորհրդարանական կառավարման ձևին անցնելու առաջարկը հունից հանել է Սերժ Սարգսյանին, ում առաջին արձագանքը բավական ջղաձիգ էր։

Գաղափարական ու քաղաքական բնույթի պատասխան տալու փոխարեն՝ ՀՀԿ ղեկավարը Շարմազանովի շուրթերով բարձրաձայնեց իշխանությունը վերցնելու դավադրության մասին (ինչպիսի՜ հանցագործություն)։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ խոսնակը ինչ–որ մարդկանց ականջներ տեսավ ԲՀԿ–ի հայտարարության հետևում։

«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված,–Շարմազանովի միջոցով իր կարծիքն էր փոխանցում Սերժ Սարգսյանը։

Վիժեցնելու համար ԲՀԿ–ի նախաձեռնությունը՝ Սարգսյանը դիմեց նաև հոգեհարազատ մեթոդին՝ իրեն կից մամուլի միջոցներով «մուտիլովկաներ» տարածելու տարբերակին։

«Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»,–քաղաքական ուժերին դիմելով՝ «իր» խոսքն ամփոփեց ՀՀԿ խոսնակը։

Այս հայտարարությունից հետո «անկախ» մամուլը, բնականաբար, մինչև վերջ բացեց Սերժ Սարգսյանի սրտի ուզածը և արդեն ուղիղ տեքստով ասաց, թե ԲՀԿ–ի առաջարկի հետևում Բաղրամյան 26–ը տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ականջները։

Սարգսյանն այդպիսով ցույց տվեց, որ քաղաքական առումով որևէ հակափաստարկ չունի, և միակ բանը, որ կարող է անել, ԲՀԿ–ին, ՀՅԴ–ին, ՀԱԿ–ին ու «Ժառանգությանը» Քոչարյանով շանտաժ անելն է։  

«Եթե ԲՀԿ–ի առաջարկին ընդառաջ գնաք, ապա դա կնշանակի, որ Քոչարյանի հետ եք ուզում համագործակցել»,–քաղաքական ուժերին անուղղակիորեն դիմեց «նախաձեռնող» նախագահը՝ ներքին հույս ունենալով, որ Քոչարյանով շանտաժ կիրառելը կաշխատի։ Նկատենք, սակայն, որ այդ «տրյուկը» չաշխատեց։ ՀՅԴ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին ԲՀԿ–ի հետ խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությանը՝ ցույց տալով, որ նախագահական նստավայրի բարձր հովանու ներքո կազմակերպվող էժանագին «մուտիլովկաներին» ուշադրություն չեն դարձնելու։ Ավելին՝ ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը պաշտոնապես հայտարարություն տարածեցին ու հանդես եկան քաղաքական օրակարգն ընդլայնելու առաջարկով։

Հաշվի առնելով հարցի և՛ բարոյական, և՛ քաղաքական կողմերը՝ պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը քարոզչական դաշտում կրակում է վերջին «փամփուշտը» և իր վաղեմի ընկեր Քոչարյանին «բոբո» սարքելով է ուզում դաշտը պղտորել, ինչը նշանակում է, որ նա վաղուց սպառել է իրեն և՛ որպես մարդ, և՛ որպես երկրի ղեկավար։

Ինչ մնում է քաղաքական ուժերին, ապա նրանք առանց շանտաժի ենթարկվելու՝ հանգիստ պետք է բռնած գիծն առաջ տանեն ու նախագահական ընտրությունների նախաշեմին ամբողջական տեսք տան «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևին, այն է՝ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների փաթեթ առաջարկեն հանրությանը, ակնկալեն համապատասխան քվե ու իրականացնեն իշխանափոխություն։

Դատելով ամենից՝ գործընթացներն անշրջելի են դարձել, պարզապես նախագահականում դեռ «տաք» են ու չեն զգում։ Բայց դա իրենց գործն է։ Կարևորն այն է, որ իշխանափոխությունն առանց ցնցումների տեղի ունենա։ Դա ձեռնտու կլինի հա՛մ ՀՀ քաղաքացիներին, հա՛մ Սերժին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը