Լրահոս

08.06.2009 19:46


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Թբիլիսի

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Թբիլիսի

            Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հրավերով աշխատանքային այցով ժամանեց Թբիլիսի:  

Ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանն ուղեւորվեց Թբիլիսիի Մեյդան հրապարակ, որտեղ Հայաստանի արտգործնախարարն իր վրացի գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի ու Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավայի հետ հանդիսավորությամբ բացեց Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողը, որի հիմնաքարը դրվել էր 2008թ. սեպտեմբերին Հայաստանի եւ Վրաստանի նախագահների կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած պաշտոնական այցելության ժամանակ:

Ելույթ ունենալով այդ առիթով հավաքված հազարավոր թբիլիսցիների, Հայաստանից ժամանած մշակութային եւ գրական գործիչների առջեւ' Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի իշխանություններին եւ հուշակոթողի հեղինակներին հայ-վրացական բարեկամությունը մարմնավորող ամենավառ անհատներից մեկին' Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողը Թբիլիսիի կենտրոնում տեղադրելու համար:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց. □Հայ ու վրացի ժողովուրդները հինավուրց մշակույթի, ավանդույթների եւ դարավոր բարեկամության ժառանգորդներ են, որը մեզ է հասել մեր նախնիներից: Ժառանգել չի նշանակում միայն ստանալ, այլեւ տեր կանգնել, պահպանել ու բազմապատկել մեր նախնիներից ժառանգածը: Կարծում եմ՝ հենց դա են երազել մեր ստեղծագործ հայրերը, կարծում եմ՝ հենց դա է երազել Սայաթ Նովան□:

            Հունիսի 8-ի առավոտյան կայացավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը  Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն գոհունակություն հայտնեց տարբեր բնագավառներում Հայաստանի հետ զարգացող համագործակցության վերաբերյալ եւ նշեց, որ Վրաստանի իշխանությունները շահագրգիռ են առավել խորացնելու եւ ընդլայնելու փոխհարաբերությունների առկա բարձր մակարդակը:  

Նախարարները քննարկեցին առաջիկայում  Վրաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը եւ այդ ոլորտում փոխգործակցությունը խթանելուն ուղղված քայլերին' Էդվարդ Նալբանդյանը հայտնեց հայկական կողմի ակնկալիքը դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս Վրաստանի տարածքով կատարվող տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող սակագների վերանայման վերաբերյալ: Նախարարները քննարկեցին էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:

Հայ-վրացական մշակութային փոխանակումների մասին խոսելիս նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջերս Հայաստանում անցկացված Վրաստանի մշակութային օրերի հաջողության կապակցությամբ եւ կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը Վրաստանում եւ Հայաստանում:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները մանրամասն քննարկեցին վիրահայությանը հուզող մի շարք խնդիրներ, այս ենթատեքստում Գրիգոլ Վաշաձեն ներկայացրեց Ջավախքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես' աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների կառուցման եւ կրթական հաստատությունների պայմանների բարելավման բնագավառներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Հանդիպմանը հետեւեց Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այս խորագրի վերջին նյութերը