Լրահոս

10.08.2012 22:22


«Խնդիր կա վերականգնելու Հայաստանի անկախությունն ու ինքիշխանությունը»

«Խնդիր կա վերականգնելու Հայաստանի անկախությունն ու ինքիշխանությունը»

Անկախության հռչակումից հետո ՀՀ-ում աստիճանաբար ի հայտ եկած ու ձեւավորվող հասարակական ու մշակութային, ընկերային ու քաղաքական հիմքից իսկ մերժելի հոռի երեւույթները պայմանավորված են ՀՀ-ի ընտրած զարգացման արտաքին եւ ներքին քաղաքական կողմնորոշումներով, որոնց մեջ գերակա են երկուսը` ինտեգրման ուղղության ընտրությունը եւ ազատ շուկայի ընտրությունները: Առաջինը ուղղորդվում է քաղաքական որոշակի չափորոշիչներով, երկրորդը տնտեսական: Երկու դեպքում էլ ՀՀ իշխանությունները կամային ընտրություն են կատարել, որովհետեւ ՀՀ Անկախության Հռչակագրում նման բան չի գրված:

 Շատ ժամանակ չի անցել, բայց արդեն գրվում ու խոսվում է ՀՀ-ի անկախության եւ ինքիշխանության կորստի իրական վտանգի մասին, որի ահազանգներից մեկը հերթական հայ մարդու, տվյալ դեպքում` հայ զինվորականի` ՀՀ Ազգային բանակի սպա Վահե Ավետյանի կորուստն է:

Նույնիսկ 1994-ի զինադադարից ի վեր, համեմատական խաղաղության պայմաններում, կորուստները շատ են եւ մենք ամենեւեին նկատի չունենք երկրից հեռացածներին, այլ նրանց, ովքեր հեռանում են մեզանից այլակերպ անարդարությունների ու բռնությունների հետ բախվելուց հետո: Համոզվելու համար մեկ անգամ եւս նայեք Ձեր շուրջը:

 Ամեն մեկ անարդարություն շատ որոշակի պատիժ ու պատասխանատվություն է ենթադրում եւ այստեղ քննարկելու բան չկա:

Սակայն, պետք է պատասխանատվություն հանդես բերել ու ահազանգել, որ ՀՀ իշխանությունների հրաժարումը ՀՀ Անկախության Հռչակագրի սկզբունքներից հասարակությանը պարտադրում է սոցիալական ու մշակութային, հասարակական ու քաղաքական այնպիսի հարաբերություններ, որի զոհը դառնում է այդ նույն հասարակությունը:

Հայ մտավորականը, հայկական կազմակերպությունները, հայ հասարակական - քաղաքական միտքը պետք է քաջություն ունենան եւ հստակ ձեւակերպեն, որ հայ հասարակության եւ ՀՀ-ի փրկության ուղին` ՀՀ Անկախության Հռչակագրի դրույթների իրագործման ուղին է: Իսկ անկախության պահապանը՝ ազգային բանակն է: Այդ ուղին ենթադրում է` սոցիալականության, իրավականության եւ ժողովրդավարության, անկախության եւ ինքնիշխանության վերականգնում Հայոց Հայրենիքի այս հատվածում ձեւավորված պետության եւ այնտեղ ապրող ժողովրդի համար:

 «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն 

Այս խորագրի վերջին նյութերը