Լրահոս

01.08.2012 13:49


Կապանի բնակչությունը մտահոգված է քաղաքի մատակարարվող խմելու ջրի որակով

Կապանի բնակչությունը մտահոգված է քաղաքի մատակարարվող խմելու ջրի որակով

Հայաստանի Հանրապետության նախագահ`                                                             

        պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Կապանի բնակչությունը մտահոգված է Կապան քաղաք մատակարարվող խմելու ջրի որակի առիթով: Խնդիրը կայանում է նրանում, որ Կապանի տարածաշրջանի, Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող  ջրհավաք ավազանի տարածքում, որտեղից մատակարարվում  է Կապանի բնակչության մոտ 90% խմելու ջուրը, կատարվում են ոսկու հանքավայրի որոնողական աշխատանքներ, որը իրականացնում է “ԲԱՄՕ Մետալ” ՍՊ ընկերությունը /Երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա թիվ 58, գործողության ժամկետը մինչև` 05.10.2012թ/:

Ս.թ. հուլիս ամսվա սկզբին, Կապան մատակարարվող խմելու ջրի պղտորման վերաբերյալ բնակչության ահազանգերը “Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերությունը այն պարզաբանեց Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում ընթացող ինտենսիվ հողային աշխատանքներով, որի արդյունքում “Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերությանը պատկանող, առանց այն էլ ոչ կենսունակ մաքրման կայանը չի հասցնում իրականացնել խմելու ջրի ֆիլտրացում: Որոնողական աշխատանքները ուղեկցվում են բնական հողածածկի ոչնչացմամբ, հորատումներով, որոնք անվերահսկելի բնապահպանական ռիսկեր կառաջացնեն`վտանգի տակ դնելով Կապանի  40.000 բնակիչների կյանքն ու առողջությունը:

Խնդրի մյուս կողմը կայանում է նրանում, որ խախտելով տեղական և միջազգային օրենքները, “ԲԱՄՕ Մետալ” ՍՊ ընկերությունը հանրությանը չի տեղեկացրել նախատեսվող աշխատանքների մասին, որի արդյունքում տեղական ՀԿ-երը  հնարավորություն չեն ունեցել հայտնել իրենց դիրքորոշումը:

Հաշվի առնելով որոնողական աշխատանքների իրականացման տեղամասի դիրքը, խնդրում  ենք որոնողական աշխատանքները դադարեցնելու նպատակով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և կասեցնել Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում “ԲԱՄՕ Մետալ” ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը:

“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ`                          Արմեն Փարսադանյան

Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող`              Ա.Ավագյան

Կապանի “Ազատամարտ” Կոմիտեի նախագահ`      Խ. Հարությունյան

Սյունիքի ՇՊԱԿ-ի համակարգող, փաստաբան`       Ա.Խալափյան

“Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման” ՀԿ նախագահ`                                                                         Ռ.Ասրյան

“Տիկնիկ” ՀԿ նախագահ`                                                   Գրիշա Մարգարյան

“Իրավական հասարակություն” ՀԿ նախագահ`            Գ.Ղահրամանյան

“Կապանի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ նախագահ`   Ք. Սաղաթելյան

Այս խորագրի վերջին նյութերը