Մեկնաբանություն

14.07.2012 10:52


Դավիթ Շահնազարյանը մեսիջ է հղում Սերժ Սարգսյանին

Դավիթ Շահնազարյանը մեսիջ է հղում Սերժ Սարգսյանին

ՀԱԿ–ից դուրս եկած Դավիթ Շահնազարյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ամբողջությամբ բացեց փակագծերը և «երկխոսության» առաջարկ արեց Սերժ Սարգսյանին՝ հայտ ներկայացնելով դառնալ վերջինիս վերարտադրության գործիքը։ Ի տարբերություն, սակայն, արամզավենիչների և անդրանիկքոչարյանների, Շահնազարյանը ձևականությունների հետևից չընկավ ու անկեղծացավ՝ ՀՀԿ ղեկավարից աշխատանք խնդրելով։

Լրագրողի տված հարցից հետո Շահնազարյանը ցույց տվեց, թե վատ է զգում, երբ իրեն դնում են Արամ Սարգսյանի կամ Անդրանիկ Քոչարյանի հետ նույն՝ ՀԱԿ–ը լքածների շարքի մեջ։ Նա շատ լավ գիտի, որ նշյալ մարդիկ ընդամենը Ռուբեն Հայրապետյանի կուռացիայի տակ գտնվող շարքային հաճախորդ են, իսկ ինքը, ահա, հավակնում է Սերժ Սարգսյանի՛ կուռացիայի տակ հայտնվելուն ու հաճախորդ դառնալուն, բայց ոչ շարքային։

Շահնազարյանը, անշո՛ւշտ, իր քայլերին «գաղափարական» տեսք է տալիս՝ խոսելով ՀՀԿ–ի իբր նվազ ռուսամետությունից կամ արևմտամետությունից (իշխանական քարոզչամեքենայի «կլիշեն» լավ է յուրացրել ԱԱԾ նախկին ղեկավարը) և ԲՀԿ–ի ռուսամետությունից ու կողմ արտահայտվելով ՀՀԿ–ի արտաքին վեկտորին։ Սակայն նմանատիպ «գաղափարական» ալիբիներից ժամանակին օգտվել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և այլք, այնպես որ Շահնազարյանն օրիգինալ չէ այս հարցում։ Փոխարենը նա օրիգինալ է իր անկեղծ մեսիջի մեջ։

Պարզվում է, որ իրեն թունդ ընդդիմադիր ներկայացնող Շահնազարյանն այնքան անհանգստացած է երկրում սպասվող, իր ձևակերպմամբ՝ ապակայունացման միտումներից, որ առանց այլևայլությունների պատրաստակամություն է հայտնում ԲՀԿ–ի դեմ սերժահաճո կոդերով գեղամյանություն անել։ Փաստորեն, իշխանափոխությունը և Սերժ Սարգսյանի վերարտադրության ձախողումը Շահնազարյանի համար «երկրում ապակայունացում մտցնել» է նշանակում։

Հիշեցնեմ, որ ճիշտ նույն ձևակերպումները նա տալիս էր 2011–ի փետրվարին, երբ շրջանառության մեջ դրվեց ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհի պահպանմանն ու Սերժ Սարգսյանի վերարտադրությանը միտված կոալիցիոն տխրահռչակ հուշագիրը։ Այն  ժամանակ էլ Դավիթ Շահնազարյանը խոսում էր ապակայունացումից և կողմ արտահայտվում կոալիցիոն հուշագրին։

Գեղամյանի «իրավահաջորդն» այժմ ցավ է ապրում այն պատճառով, որ ՀԱԿ–ն այլևս Սերժի իշխանության կայունության երաշխիքը չէ և առաջնորդվում է «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսով, իսկ կոալիցիայից դուրս եկած  ԲՀԿ–ն կարող է լրջորեն նպաստել իշխանափոխությանը։

Շահնազարյանի մոտ 1998ի իշխանափոխությունը հիշեցնող «դեժավյու» է, և նա տագնապ է հնչեցնում, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը վտանգ է սպառնում։ Դե, ընդդիմադիր գործիչը, երևի, պետք է հենց այդպիսին լինի՝ կողմ արտահայտվի Սերժ Սարգսյանի դիրքերն ամրապնդող «երկխոսությանը», դառնա իշխանության կայունության երաշխիքը, առաջնորդվի «էջմիածնական միաբանի» հայեցակարգով և պատրաստակամություն հայտնի Սերժի կողմից օգտագործվել բոլոր այն դեպքերում, երբ իշխանափոխությունը ռեալ է դառնում։

Ակնհայտ է, որ ՀԱԿ–ի 2008-2011թթ. մարտավարության ու ռազմավարության գլխավոր շարժիչ ուժերից մեկը կամ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ իշխանության գործակալը եղել է Դավիթ Շահնազարյանը։

Հիշեցնեմ, որ «Վիկիլիքսի» հրապարակումներից մեկում նշված էր այն մասին, որ Դավիթ Շահնազարյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների միջոցով կապի մեջ է եղել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ և պատրաստակամություն հայտնել ծառայել սերժական իշխանությանը։ Օգտվելով Լևոն Տեր–Պետրոսյանի խնամի լինելու հանգամանքից՝ նա որոշակի շրջանակների մոտ փորձել է տպավորություն ստեղծել, թե հանդես է գալիս ՀԱԿ առաջնորդի անունից և տարել է «մուտիլովկաներ» տարածելու սեփական գիծը։ Տեր–Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը» ԲՀԿ–ի մասով այլևս խուսանավելու տեղ չթողեց Շահնազարյանին, ու նա արդեն բաց քարտերով է խաղում։

Ընդառաջ կգնա՞ Սարգսյանը Շահնազարյանի առաջարկին, թե՞ ոչ՝ այնքան էլ էական չէ։ Թե՛ հասարակության մեջ, թե՛ պետական կառավարման համակարգում գրեթե զրոյական լեգիտիմություն ունեցող Ս. Սարգսյանին այլևս ոչինչ ու ոչ ոք չի փրկի, այդ թվում՝ Գեղամյանի հետ նույն «համույթում» հայտնված Շահնազարյան Դավիթը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը