Մեկնաբանություն

13.07.2012 23:58


«ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանգույն

«ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանգույն

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած դեպքի ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար արտահերթ նստաշրջան գումարելու անհրաժեշտ 44 ստորագրությունները չհավաքվեցին։

ՀԱԿ–ն ամբողջ կազմով միացավ նախաձեռնությանը, իսկ ՀՅԴ–ից ու ԲՀԿ–ից իրենց ստորագրությունները դրեցին այն պատգամավորները, ովքեր ֆիզիկապես Երևանում էին։

ՀՀԿ–ն ու ՕԵԿ–ը, բնականաբար, կողմ չէին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերի համար ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելուն։

Ինչ վերաբերում է «ժառանգությանը», ապա այդ խմբակցությունն իրեն պահեց Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային և էթիկական որակների և ուղենիշների հանգույն, այսինքն՝ «ալաֆռանգի»։

Բանն այն է, որ սկզբում լուրեր տարածվեցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը չեն միանում ստորագրությանը։ Առաջինը չի միանում, որովհետև պատգամավորական մանդատը վերցնելու «ծոմ»–ի մեջ է, այսինքն՝ դեռ չի որոշել մանդատը վերցնելու է, թե ոչ, իսկ երկրորդը՝ ֆիզիկապես մայրաքաղաքում չէ։

Հետո լրիվ հակառակ լուրերը տարածվեցին, թե Քոքոբելյանն այնուամենայնիվ Երևանում է և միացել է ստորագրահավաքին։

Օրվա վերջում, երբ արտահերթ նստաշրջան հրավիրելու նպատակով ստորագրություններ հավաքելուն հատկացված օրենսդրական ժամկետն ավարտվում էր կամ արդեն ավարտվել էր, տեղեկացանք, որ ի վերջո իր ստորագրությունը դրեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։

«ժառանգության» առաջնորդը հերթական անգամ ինքն իրեն չդավաճանեց և ցույց տվեց, որ սկզբունքային է՝ որևէ հարցի վերաբերյալ օրվա մեջ մի քանի անգամ որոշում կայացնելու, դրանք փոխելու, հետո վերջնական որոշումը վերափոխելու և ամենավերջում լրիվ այլ բան անելու հարցում։ Իր ոճին հավատարիմ և իր մարդկային որակների հանգույն՝ Րաֆֆին այս անգամ էլ քայլ կատարեց այն պահին, երբ արդեն այդ քայլը ոչինչ չէր որոշում և ինքը ստացել էր «Անորսալի Ջո»–ի կարգավիճակ։

Ի դեպ, սարեր շարժող մշտաժպիտ Րաֆֆիի՝ ստորագրություն դնել–չդնելը շատ նման էր նախորդ գումարման ԱԺ–ի պատգամավորական մանդատը վայր դնել–չդնելու պատմությանը և կուսակցության ղեկավար լինելուց հրաժարվել–չհրաժարվելու «ոդիսականին»։

Նկատենք, որ «ժառանգության» առաջնորդն իր վարքագծով կամակոր երեխայի է հիշեցնում։ Երեխա, ով ուզում է իր վրա ուշադրություն հրավիրել, բայց երբ տեսնում է, որ բանի տեղ դնող չկա, գալիս և հանգիստ ուտում է իր փայ «բոռշչը» կամ «մանի կաշան»։

Շատերն այլ համեմատություններ են անում Րաֆֆիի պահվածքի մասով, բայց դա արդեն էական չէ։ Էականն այն է, որ նա վերջին քսան տարիներին միշտ այդպիսին է եղել, բայց հայ ժողովրդի մի փոքրիկ հատված զարմանալիորեն դա գնահատել է որպես հայրենասիրություն և ազգին նվիրվածություն։ Սա էլ մի յուրահատուկ ֆենոմեն է. մարդը ոչ մի կոնկրետ բան չի ասել ոչ մի թեմայով, ոչ մի մեսիջ չի հղել հանրությանը, ոչ մեկը չգիտի նրա արժեհամակարգը, հայտնի չեն նրա տեսակետները այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց արի ու տես, որ հինգ տոկոս նա այդուհանդերձ հաղթահարում է և օգտվում պատգամավորական «կայֆերից»։ Երևի միայն Հայաստանում է հնարավոր նման բան։

Րաֆֆին մեղավոր չէ, որ այդպիսին է ու պարազիտություն է անում մեր քաղաքական դաշտում։ Մեղավոր են նրանք (այդ թվում՝ մասամբ նաև տողերիս հեղինակը), որ այս մարդուն այսքան տարի թողել են խոպանչիություն անել։

Փաստորեն, որքան անկատար է մեր քաղաքական համակարգը, որ րաֆֆիատիպ դեմքերը կուսակցություն են ստեղծում, պատգամավոր դառնում և տուրիստական շրջագայություններից ազատ ժամանակ՝ «պրոֆեսիոնալ հայրենասիրությամբ» զբաղվում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը